«Մենամարտը սկսված է: Փաշինյանին մեր մեջից հանեցինք, որ հասկանա մեր վիճակը, բայց արհամարհեց մեզ»․ տնտեսվարողները կրկին բողոքի ցույց են անում | Region

«Մենամարտը սկսված է: Փաշինյանին մեր մեջից հանեցինք, որ հասկանա մեր վիճակը, բայց արհամարհեց մեզ»․ տնտեսվարողները կրկին բողոքի ցույց են անում

Փետրվար 10,2025 15:32

ՓՄՁ ներկակայացուցիները պնդում են, որ հարկային փոփոխությունը վնասում է իրենց բիզնեսը, հիմնական թիրախը փոքր ու միջին բիզնեսն է, նրանք ասում են, որ պայքարը չեն դադարեցնելու մինչև օրենքի կիրառումը կկասեցվի  

Տնտեսվարողների բողոքի ցույցերն՝ ի դժգոհություն շրջանառության հարկի փոփոխությունների շարունակվում են: Այսօր առավոտից նրանք  կրկին կառավարության շենքի դիմաց էին, պահանջում են այս փուլում կասեցնել օրենքի կիրառումը: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը: Շրջանառության  հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս, ինչը լուրջ խնդիրների է հանգեցնում։

Նախորդ շաբաթ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումը տնտեսվարողների համար չի տվել սպասված արդյունքը:

«Ոչ մի դրական պատասխան մեզ չեն տվել: Իմ խնդրանքն էր հարկային այս փոփոխությունները 6 ամսով հետաձգել, ժողովրդի հետ աշխատել: Իրենք դրանից հրաժարվեցիմ։ Հարկային տեռոր է սկսվել ազգի դեմ: Բացի այդ, մենք նոր ենք իմացել, որ բանկային քարտով փոխանցումներ ենք արել, դրանից սկսել են գանձումները: Ոչ մի դրական շարժ չկա: Մենք պատրաստ ենք վճարել հարկերը, բայց թող պարզեցնեն,-դժգոյում էին ցույցի մասնակիցները։

Նրանք պնդում են, որ հարկային այս փոփոխությունը վնասում է իրենց բիզնեսը,  հիմնական թիրախը փոքր ու միջին բիզնեսն է:

ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում հարկային դաշտը գնում է դեպի պարզեցման ու կանխատեսելիության, իսկ Հայաստանում պատկերը այլ է՝ սահմանել հավասար հարկային ռեժիմ բոլոր տեսակի բիզնեսների համար:

Անդրադառնալով կառավարության ներկայացուչների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքներին, նա նշեց, որ արդեն իրենց ունեցած բողոքները փաստաթղթավորվել են, և պաշտոնապես ներկայացվել են կառավարության ղեկավարին, ֆինանսների նախարարությանը և ԱԺ տնտեսական հանձնաժողովին:

«Ժողովրդի պահանջը այն է, որ առնվազն  կառավարության հաջորդ նիստում՝ հինգշաբթի օրը մենք լսենք ինչ-որ պատասխան: Սակայն հաշվի առնելով այն, թե ինչ մոտեցմամբ է կառավարությունը օրենքներ ընդունում այնպիսի ոլորտներում, որոնք ունեն մեծ թվով շահառու խմբեր՝ հայտարարագրումը 700000 մարդ, ՓՄՁ-ները՝ 60000 տնտեսվարող, ես մեծ ակնկալիքներ չունեմ, որ խելամիտ կգտնվեն, և ավելի խորքային ուսումնասիրություն անեն, ու ավելի լավ լուծումներ գտնեն»,-ասաց Հակոբ Ավագյանը:

Երեկ ՓՄՁ ասոցիացիան հայտարարություն էր տարածել, որով կոչ էր արել փոքր ու միջին ձեռնարկատերերին միանալ ՓՄՁ գործադուլին։ Հայտարարության մեջ նշվում է, որ  ՓՄՁ Ասոցիացիան, ելնելով իր մանդատից, իր գործիքակազմով մինչ այժմ փորձել է երկխոսություն ապահովել իրենց բողոքի ձայնը բարձրացրած ՓՄՁ -ների և պետական մարմինների հետ։ Ներկա գտնվելով տարբեր ձևաչափերով քննարկումներին, կազմակերպելով քննարկումներ և ներկայացնելով այն մտահագությունները, որոնք մինչ ուժի մեջ մտնելը ևս տարբեր հարթակներում ներկայացվել էր։ Սակայն, այս պահին պետական մարմինների կողմից պատրաստակամություն չկա ընդառաջ գնաու ՓՄՁ-ների պահանջին։

Ցույցին մասնակցում են տարբեր տոնավաճառներում աշխատող ՓՄՁ ներկայացուցիչներ, նրանցից մեկն էլ մանրամասներ ներկայացրեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից։ Ասաց, որ իրենց համոզել են չընդդիմանալ, քանի որ սանդղակով իրենց ծախսերն ավելի են պակասելու, տեղի, նույնիսկ լույսի վճարները նրանց վրայից հանվում են․«Երբ սանդղակները ցույց տվեցին, մենք էլ իրենց բացատրեցինք, որ երբ մեզ առաջարկում են փաստաթղթաշրջանառությունը ներկայացնել և դրանով իջնում է սանդղակը, բայց եռամսյակի հաշվետվություններ ներկայացնելու համար պետք է հաշվապահ պահենք, իսկ իրենց առաջարկածը հաշվապահի ծախսերն անգամ չի փակում։ Ասացինք՝ ինչո՞ւ եք սկսում մանրածախից, այդ ծանրությունը ինչո՞ւ եք դնում մանրածախի վրա»։

Նրանք հիշեցրեցին, որ տարիներ առաջ, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ էր, նույն օրենքը բերեցին, սակայն կրկին ցույցի արդյունքում նույն օրը օրենքը կասեցրեցին:

«Մի հատ ժողովրդական ասացվածք կա՝ կուշտը ի՞նչ գիտի, սովածն ի՞նչ է, Փաշինյանին մեր մեջից հանեցինք, որ ինքը հասկանա մեր վիճակը, բայց ավելի վատ դուրս եկավ, ավելի վատ մեզ արհամարհեց: Ուրեմն մենք էլ կմիավորվենք և կհաղթենք իրենց մի մարդու պես»,- ասաց տնտեսվարողներից մեկը։

Ցույցի  մասնակիցներից Սարգիս Ղազարյանն էլ անդրադարձավ իրենց պահանջի հնարավոր բացասական ելքին, եթե օրենքի կիրառումը չկասեցվի,  ապա, ինչպես ասաց տնտեսվարողը՝ թող գաղտնիք մնա կառավարության համար թե ինչ քայլեր կձեռնարկենք․«Մենամարտը սկսված է: Եթե մենամարտ, ապա մենամարտ»:

Վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի վարչության պետ Համլետ Նազարյանը ցույցի մասնակիցների պահանջը լսեց, ասաց՝ դրանք կուսումնասիրվեն:

Հակոբ Ավագյանը հայտարարեց, որ հինգշաբթի օրը՝ ժամը 11-ին կառավարության նիստի ժամին  նորից կհավաքվեն կառավարության շենքի մոտ՝ պատասխան լսելու։ Ցույցի մասնակիցները դադարեցրին ցուցյը, քանի որ վարչապետը երկրում չէ։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ