Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, թափանցիկ աշխատելու պարագայում նոր հարկային համակարգով տնտեսվարողները ավելի քիչ կվճարեն | Region

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, թափանցիկ աշխատելու պարագայում նոր հարկային համակարգով տնտեսվարողները ավելի քիչ կվճարեն

Փետրվար 06,2025 16:35

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ շրջանառության հարկը այս պահին ամենապարզեցված հարկատեսակն է

Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տնտեսվարողների բողոքի ցույցերին։ Նրանք հայտարարում են, որ ի վիճակի չեն վճարել բարձրացած շրջանառության հարկը, մտավախություն ունենալով, որ շրջանառության հարկի բարձրացումը կհանգեցնի փոքր ու միջին բիզնեսների փակմանը։

«Այստեղ կա որոշակի ինֆորմացիայի պակաս։ Կան որոշ դեպքեր, որտեղ դժգոհություննները որոշակի օբյեկտիվություն ունեն, ու մենք հիմա քննարկում ենք դրանք։ Բայց շատ դեպքերում նոր համակարգով ավելի քիչ հարկեր կվճարվեն, քան նախորդ համակարգով»-,նշեց Պապոյանը։

Նախարարի ներկայացմամբ՝  քաղաքացիները որոշ դեպքերում բողոքում են հիմնվելով ընդդիմության և ընդդիմադիր մամուլի ներկայացման վրա, ովքեր կարողանում են լավը որպես վատ ներկայացնել։ Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը հաղորդակցության պակասն է։

«Շրջանառության հարկը այս պահին ամենապարզեցված հարկատեսակն է։ Հանրությունը և գործադիր հատվածը թափանցիկ աշխատելու  պարագայում հնարավորություն ունեն ավելի քիչ հարկ վճարել, քան այսօր են վճարում»,-վստահեցրեց Գևորգ Պապոյանը։

Նա անդրադառնալով  մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն ու քաղաքացիների բողոքի ցույցերին, ասաց․«Մենք կարող ենք ունենալ 100 դրամանոց MAN մեքենաներ, բայց 4 տարի հետո չենք ունենա ոչինչ։ Եթե մենք ուզում ենք միշտ ունենանք MAN մեքենաներ, պետք է վճարենք դրա համար, որովհետեւ դա այլ գին ունի։ «06»-ը եւ «Մերսեդեսը» տարբեր հարմարավետություն ունեն եւ տարբեր ծախսեր են պահանջում։ Մենք մեր քաղաքացիներին «Մերսեդես» ենք տվել։ Եթե ասում ենք՝ չէ, պետք է մնա 100 դրամ, 3-4 տարի հետո պետք է էլի ունենանք ջարդած «Գազել»-ներ։ Հնարավոր է, ընտրություն է, բայց ես վստահ չեմ, որ Երեւանի բնակիչների մեծ մասն ուզում է այսօր վճարել 100 դրամ, բայց 3 տարի հետո ունենալ ջարդած «Գազել»»,- ասաց նա։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ