«Ինքը ոչ թե մեր եկամտի 10%-ն է ուզում, այլ՝ մեր շրջանառության 10%-ը։ Իրենց չի հերիքում։ Թող իրենց փողերը քչացնեն»․տնտեսավարողները բողոքի ցույց են անում | Region

«Ինքը ոչ թե մեր եկամտի 10%-ն է ուզում, այլ՝ մեր շրջանառության 10%-ը։ Իրենց չի հերիքում։ Թող իրենց փողերը քչացնեն»․տնտեսավարողները բողոքի ցույց են անում

Փետրվար 13,2025 17:17

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցը շարունակվում է, տնտեսվարողներից կազմված մի խումբ այս պահին կառավարությունում հանդիպման են 

Վաղ առավոտից Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ցույց են իրականացնում տնտեսվարողները՝ ընդդեմ հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի ռեժիմի փոփոխությունների:

Օրեր առաջ  ցույցը ժամանակավորապես դադարեցվել էր, քանի որ վարչապետը երկրում չէր: Հայտարարվել էր՝ հինգշաբթի օրը կրկին հավաքվելու են կառավարության շենքի մոտ, հուսով, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետը կարձագանքի իրենց խնդրին, և այս փոփոխությունը կամ կչեղարկվի, կամ էլ կհետաձգվի 6 ամսյա ժամկետով, հակառակ դեպքում հարկային բեռից հնարավոր է իրենց բիզնեսը փակվի:

Սակայն երեկ Ազգային Ժողովում կայացած հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով այս խնդրին՝ նշեց, որ կառավարության կողմից զիջումներ չեն լինելու, ինչը է՛լ ավելի վրդովեցրեց տնտեսվարողներին, ովքեր դժգոհում են կառավարության վարած քաղաքականությունից։

Այսօր կառավարության շենքի մոտ առեւտրով զբաղվող մի քանի տնտեսվարողներ իրենց մնացորդային ապրանքն էի բերել։ Հայտարարեցին, որ սեզոնային մնացորդային ապրանք ունեն, ապրանքը չի իրացվում։

«Սա պատրաստ եմ ինքնարժեքով տալ իրենց եւ վաճառքի գնի 10 տոկոսն էլ տամ իրենց։ Ուրիշ տարբերակ չկա, տալիս եմ իրենց, թող ինչ ուզում են, անեն»,- ասաց առևտրականներից մեկը։

«Ժողովրդավար երկրում էսպես չեն անում: Ժողովրդավար երկրում հարկատուին ներկայացնում են, թե իրեն ինչ է սպասվում: Հարկատուին հրավիրում են ժողովի, հարցը քննարկվում է նրանց հետ: Կարելի էր շուկաներից ներկայացուցիչներ հրավիրել, որոնց միջոցով ժողովրդին կտեղեկացվեր իրենց ինչ է սպասվում: Երկրի ղեկավարը երևի մոռացել է, որ ինքը ժողովրդի միջից է դուրս եկել: Երկրի ղեկավարը հիմա նստել է գահին, ու մոռացել է հասարակ քաղաքացու կարգավիճակը»,- նշեց տնտեսվարողը:

Ցույցի մասնակիցներին մեկն էլ ասաց․«Ինքը ոչ թե մեր եկամտի 10%-ն է ուզում, այլ՝ մեր շրջանառության 10%-ը։ Նորմալ մարդը չի կարա նման բան ասի, վաղն էլ կասի՝ շրջանառության 20%-ն եմ ուզում, 30%-ն եմ ուզում։  Իրենց չի հերիքում, որովհետեւ էնքան պարգեւավճար են իրենց բաժանում, այնքան ոստիկանների են փող տալիս։ Թող իրենց փողերը քչացնեն, իրենց ման գալու ծախսերը քչացնեն, ոստիկաններին թող քչացնեն, մեզ բանակ է պետք, ոչ թե ոստիկան»։

ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը ևս մասնակցում էր բողոքի ցույցին, նա  կրկին հորդորեց ոլորտի պատասխանատուներին և որոշում կայացնողներին կազմակերպել երկխոսություն տնտեսվարողների հետ, գնահատել օրենքի ընդունման հնարավոր ազդեցությունը   «Կառավարության ներկայիս մոտեցումը նման է մենախոսության: Իշխանությունները Ազգային ժողովից կամ կառավարության շենքից են ինչ-որ բաներ ասում, որին մենք հակադարձելու հնարավորություն չունենք, մենք էլ այստեղ ենք ասում, որոնց իրենք հակադարձելու հնարավորություն չունեն: Որպես երկրի իշխանություն իրենք են պատասխանատու, որպեսզի կազմակերպվի երկխոսություն: Բայց որպեսզի երկխոսությունը ստացվի, կարելի է մոնիթորիգ անել, պարզելու համար, թե այս ընթացքում ինչպես է փոխվել փոքր ու միջին բիզնեսի վարքագիծը»:

Բողոքում են ոչ միայն շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողները, այլ նաև շահութահարկով գործունեություն ծավալողները, որոնց ևս անհանգստացնում է նմանատիպ իրավիճակը.«Իրոք, ժողովուրդը մեղք է: Արդեն սահմաններն ու կարմիր գծերը անցնում են: Պետք է վերանայել հարկային դաշտը: Ուրիշ տարբերակ չկա: Իրենց սահմանած օրենքներով աշխատելու դեպքում տնտեսվարողները չեն կարողանա շահույթ ստանալ»:

Տնտեսվարողների այն հայտարարությունից հետո, ո իրենք չեն դադարեցնի ցույցը, մինչև վարչապետը չընդունի իրենց, կառավարությունից  հանդիպման առաջարկ արեցին։ Տնտեսվարողները 8 հոգանոց խմբով գնացին հանդիպման, մտան կառավարության շենք։  Թե կոնկրետ ով է ընդունելու տնտեսվարողներին, դեռևս պարզ չէ:

Այս ընթացքում մյուս տնտեսվարողները շարուակում են իրենց բողոքի ցույցը։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ