«Լավ աշխատելը» ռեժիմի պատկերացմամբ պրոֆեսիոնալ, հմուտ կեղծարար լինելն է | Region

«Լավ աշխատելը» ռեժիմի պատկերացմամբ պրոֆեսիոնալ, հմուտ կեղծարար լինելն է

Դեկտեմբեր 14,2015 14:33

Իշխանությունները Հանրաքվեից հետո զտում են յուրայիններին «ոչ յուրայիններից», հավատարիմներին, անձնուրաց ծառայողներին նրանցից, ովքեր Հանրաքվեին նախորդած օրերին «լավ չաշխատեցին», ովքեր գլուխ պահեցին, ովքեր եղան «փնթի», ովքեր գնացին բացահայտ կեղծիքների, այդպիսով ստվերեցին այդ գործընթացը, հատկապես միջազգային կառույցների աչքի առաջ: Վերջիններս ստիպված եղան կոչեր անել իշխանություններին՝ անհապաղ հետաքննել այն բազմաթիվ խախտումները, որոնք արձանագրվել են դեկտեմբերի 6-ին:

Իշխանական ԶԼՄ-ներն այս օրերին հենց այդ գործով են զբաղված: Մրոտում են, վարկաբեկում իշխանական թեւի այս կամ այն ներկայացուցչին, ով բավարար ռեսուրսներ չի ծառայեցրել «Այո»-ի հաղթանակի համար, խոստացված ծառայությունը չի մատուցել, հետեւաբար ակնարկում են՝ առաջիկայում իշխանությունները դա նկատի կունենան, ի գիտություն կընդունեն, եւ երբ կգա պահը պաշտոնների վերաբաժանման, կառաջնորդվեն ըստ տոկոսների, որոնց արժանացել են այս կամ այն բնակավայրում, կհամեմատեն խոստացածը ստացված արդյունքների հետ:

Այս տրամաբանությամբ, օրինակ, Գյումրիում խաղից դուրս վիճակում են հայտնվել բոլորը, ովքեր նախապես տվել էին խոստումներ, որ ջանասիրաբար կկեղծեն հանրաքվեն, տեղամասեր էին «իրենցով» արել, որ այդ տարածքներում իրենք են լինելու «տոկոս խփողը», սակայն խոստումներն ի կատար ածելը նրանց ուժերից վեր եղավ:

Այստեղ ուշագրավը մեկ այլ հանգամանք է: Ռեժիմի գործունեության ողջ տրամաբանությունը հետեւյալն է՝ եթե իրենց թիմից ինչ-որ մեկը չի կեղծել, չի լցոնել, ուրեմն լավ չի աշխատել: Տարօրինակն այն է, որ այդ «գաղափարը» պրոպագանդելուց չեն էլ խորշում: Զավեշտ է, որ որեւէ մեկի մտքով չի էլ անցնում հարցնել, թե ի՞նչ է նշանակում՝ իշխանության թեւի այս կամ այն գործիչը վատ է աշխատել: Հարցադրում չի արվում՝ ո՞րն է լավ կամ վատ աշխատանքի չափանիշը: Ինչո՞ւ պետք է մենք՝ հարկատուներս, վճարենք այն պաշտոնյաներին:

«Լավ աշխատելը» ռեժիմի պատկերացմամբ պրոֆեսիոնալ, հմուտ կեղծարար լինելն է. կկարողանա՞ չինովնիկն այնքան «մաքուր» աշխատել, որ չմատնի իրեն ու իշխանություններին, փող բաժանի այնպես, որ տեսախցիկները չֆիքսեն, քվեատուփերը լցոնի այնպես, որ որեւէ մեկը չնկատի, տեղամասերում հանձնաժողովականների շրջանում այնքան հմուտ աշխատի, որ բոլորը դառնան «իրենց մարդիկ» եւ աչք փակեն ամեն ինչի վրա եւ այլն:

Այսինքն, ի սկզբանե իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ իրենց շարքերում կարող են տեղ ունենալ միայն այդ որակների տեր մարդիկ, ովքեր հանուն ռեժիմի բարեկեցության եւ վերարտադրության պատրաստ են անել ամենաստորացուցիչ քայլերն անգամ, իսկ ազնիվ, իսկապես աշխատել ցանկացող, չկեղծող, չստող, «չքցող» մարդիկ տեղ ունենալ չեն կարող այդ շարքերում, ավելի շուտ չի խրախուսվում նրանց ներկայությունը:

Եվ իշխանության թիմակիցներից որեւէ մեկի մտքով, բնականաբար, չի էլ անցնում Սերժ Սարգսյանի առաջ պայման դնել, որ լավ պետք է աշխատի ինքը, աշխատի իսկապես, որ իրենք ստիպված չլինեն ամեն գնով քողարկել նրա «մերկությունը»:

Ռեժիմը խոստովանում է, որ հայ ժողովուրդը գործ ունի ոչ թե իսկապես աշխատող, այլ կեղծարար խմբի հետ, խոստովանում է, որ հասարակության խաբող, ստող, կեղծող խավը ինքնահաստատվել է վերեւում, եւ այնտեղ պարարտ հող է իրենց բարգավաճման, «մասնագիտական ունակությունների» զարգացման համար:

Նրանք չեն ձգտում թաքցնել այդ որակները, ավելին, հպարտությամբ կարող են խոսել, պարգեւատրել այն անձանց, ովքեր յուրաքանչյուր հետընտրական շրջանում փորձել են ավելի «մասնագիտանալ» եւ հաջորդ ընտրություններին գերազանցել նախորդ արդյունքը:

Այս տրամաբանությամբ ամենեւին էլ տարօրինակ չէ, որ Սյունիքում դեռ մարզպետ է Սուրիկ Խաչատրյանը, քանի որ Սյունիքը դեռ առաջատարներից է թե՛ մասնակցությամբ, թե՛ «Այո»-ի «նկարչությամբ»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ