Ոստիկանության նախնական «ստուգատեսներն» ու պետռեգիստրի «բաղձալի» տվյալները. ՀՀ-ում հաշվառված է 3.302.424 մարդ | Region

Ոստիկանության նախնական «ստուգատեսներն» ու պետռեգիստրի «բաղձալի» տվյալները. ՀՀ-ում հաշվառված է 3.302.424 մարդ

Նոյեմբեր 04,2015 14:41

ՀՀ ոստիկանությունն, ի պատասխան ԳԱԼԱ-ի հրապարակումներին, որոնք առնչվում են ուռճացված ընտրացուցակներին, պարզաբանում է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Իսկ պետական ռեգիստրի տվյալները տարեցտարի աճում են, հետեւաբար, ընտրացուցակներում եւս ընտրողների թիվն ավելանում է:

«Մարդը կարող է մեկնել, համապատասխան գրություն չուղարկել, հետեւաբար նրա տվյալները մնում են պետռեգիստրում: Տրամաբանությունը հուշում է, մահացածներն ավելի շատ չեն, քան ծնվողները եւ 18 տարին լրացածները: Դա ամբողջ աշխարհում է այդպես: Եթե մեկնած քաղաքացիները համապատասխան փաստաթղթավորում չեն արել, դա պետռեգիստրում չի երեւում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը:

«Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված վերլուծությունները և հրապարակումներն ընտրողների ռեգիստրի հետ կապ ունենալ չեն կարող: Նշված ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակը չի ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաև այն անձանց տվյալները, ովքեր մեկ տարուց ավելի ժամկետով բացակայում են իրենց բնակության վայրերից, կունենանք անհամեմատ ավելի մեծ ցուցանիշ»,- նշում է ՀՀ ոստիկանությունը:

Ցուցանիշն անհամեմատ մեծ է բնակչության պետական ռեգիստրում, քանի որ այնտեղ տեղ են գտնում ՀՀ քաղաքացիներ, ովքեր գուցե նաեւ անվերադարձ հեռացել են Հայաստանից: Բացակա անձանց չեն հանում ցուցակներից, անկախ այն հանգամանքից, թե քանի տարի այդ անձնավորությունը Հայաստանում չի ապրել:

Հիմնավորումը հետեւյալն է՝ իսկ եթե ընտրությունների օրը նա որոշի վերադառնալ Հայաստան եւ մասնակցե՞լ ընտրություններին:

«ՀՀ ոստիկանությունը՝ որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին, իրավասու չէ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին սեփական նախաձեռնությամբ հանելու ընտրողների ցուցակներից»,- նշում են ոստիկանությունից:

Միեւնույն ժամանակ, ընտրացուցակներում ընդգրկելով բացակա անձանց տվյալները՝ որեւէ երաշխիք իշխանությունները չեն տալիս, որ տասնյակ տարիներ Հայաստանից բացակայած անձանց փոխարեն մեկ ուրիշը չի քվեարկի ընտրությունների օրը: Իշխանությունները բնականաբար չեն էլ փորձում որեւէ մեխանիզմ ներդնել, որը կբացառի կամ կհերքի, որ նաեւ ընտրացուցակների հաշվին են ապահովում իրենց սահուն վերարտադրությունը:

Ո՞վ չգիտի, որ տարիներ շարունակ անվերադարձ Հայաստանից հեռացած քաղաքացին ամենեւին էլ չի գալիս ընտրություններին մասնակցելու, որ հաստափոր ընտրացուցակները գլխավոր զենքն են ընտրակեղծարարների, որ հնարավորության դեպքում, եթե հանկարծ այս կամ այն ընտրատեղամասում բավարար վերահսկողություն չլինի, կարողանան շատ հանգիստ «նկարչությամբ» զբաղվել եւ ԿԸՀ ուղարկել կլորացված թիվ՝ իշխանության օգտին եւ բացակա անձանց հաշվին:

Հարց է առաջանում. եթե բացականերին չեն հանելու, համայնքային ոստիկանության ներկայացուցիչներն ինչո՞ւ են ընտրություններից առաջ տնետուն ընկած ճշտում՝ ովքեր են բացակա տվյալ ընտանիքից, ե՞րբ են գնացել, գալո՞ւ են արդյոք, քանիսն են ընտրողների թիվը, ովքեր են ժամանակավոր բացակաները եւ այլն: Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ տնային այցելությունները, եթե ոչ նախնական «ստուգատես»՝ ո՞ւմ փոխարեն կարելի է քվեարկել, ում՝ ոչ: Նման այցեր կատարվել են նաեւ այս օրերին:

Եթե պետռեգիստրի տվյալները համեմատենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված վերլուծությունների և հրապարակումների հետ, մասնավորապես մշտական բնակչության, մոտավոր հաշվարկներով կստանանք այն թիվը, որը բացակա է Հայաստանից՝ ավելի քան մեկ տարի: (Յուրաքանչյուր վարչական միավորի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը ձևավորվել է մարդահամարի ժամանակ տվյալ տարածքում մշտապես (սովորաբար) բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակա հաշվառված անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից:)

Համեմատությունը՝ ստորեւ.

ՀՀ-ում հաշվառված բնակչության թիվը՝ ըստ համայնքների

2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների

Ք. Երեւան-1.063.687

Արագածոտն-154.170

Արարատ-284.574

Արմավիր-299.347

Գեղարքունիք-248.078

Լոռի-304.172

Կոտայք-311.651

Շիրակ-298.860

Սյունիք-139.529

Վայոց ձոր-60.376

Տավուշ-138.980

Ամբողջ հանրապետությունով-3.302.424

Ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ մշտական բնակչության թվաքանակն՝ ըստ մարզերի եւ Երեւանի

2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ

Ք. Երեւան- 1 071.800

Արագածոտն- 130.900

Արարատ- 259.800

Արմավիր- 266.400

Գեղարքունիք- 232.300

Լոռի- 226.800

Կոտայք- 254.900

Շիրակ- 245.500

Սյունիք- 139.600

Վայոց ձոր- 51.300

Տավուշ- 126.200

Ամբողջ հանրապետությունով-3. 005.500

2011 թվականի մարդահամարի համաձայն՝ մշտական բնակչության թվաքանակը հետեւյալն է.

Ք. Երեւան- 1.060.138

Արագածոտն- 132.925

Արարատ- 260.367

Արմավիր- 265.770

Գեղարքունիք- 235.075

Լոռի- 235.537

Կոտայք- 254.397

Շիրակ- 251.941

Սյունիք- 141.771

Վայոց ձոր- 52.324

Տավուշ- 128.609

Ամբողջ հանրապետությունով-3. 018.854

Արմենուհի Վարդանյան

Նորություններ