«Անհրաժեշտ են նաև Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքը հաստատող այլ ապացույցներ»․ՔԿ ներկայացուցիչը՝ արցախցի երիտասարդի խոշտանգման մասին

Մասնագետները պնդում են՝ Տիգրանի խոշտանգման դեպքն արդեն 3-րդն է այս տարվա ընթացքում, նմանատիպ դեպքերը շարունակվելու են, քանի դեռ պետությունը միջոցներ ձեռք չի առնում պատշաճ քննություն ապահովելու համար
«Ըստ էության Տիգրան Ուլուբաբյանը իր ցուցմունքում մատնանշել է այն անձանց, ովքեր իր նկատմամբ բռնություն են կիրառել։ Սակայն նախաքննության ներկա փուլում անհրաժեշտ են նաև Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքը հաստատող այլ ապացույցներ, որոնց համակցությամբ կգնահատվի և հիմնավոր կդիտարկվի ոստիկանության ծառայողների կողմից հանցանքի կատարումը, ինչին էլ կհետևի ձերակալությունը»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հ քննչական կոմիտեի Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը՝ պատասխանելով Տիգրանի փաստաբան Ռոման Երիցյանի հարցադրմանը՝ ի՞նչու դեռևս գործով ձերբակալվածներ չկան։
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը վստահեցրեց՝ դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ Տիգրան Ուլուբաբյանի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, նշելով՝ զուգահեռ շարունակվում են ապացուցողական գործողությունները, և այն դեպքում, երբ ձեռք կբերվեն այլ ապացույցներ, արդեն կիրականացվեն հետագա գործողությունները։
Հիշեցնենք, մի քանի օր է մեծ հնչեղություն է ստացել արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանի հայտարարությունը, նա պատմել է, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում 6 ոստիկան իրեն խոշտանգել են։ Տիգրանի պնդմամբ՝ իր ազգականի տան վրա կատարված ավազակային հարձակման համար ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծի են ենթարկել՝ նվաստացնելով ու հայհոյելով:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ՝ խոշտանգման հոդվածով: Գործը տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն: Տիգրանն ու տասնյակ այլ քաղաքացիներն այս ընթացքում ամեն օր բողոքի ցույց են անում ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ պահանջելով անհապաղ ձերբակալել դեպքի մասնակից վեց ոստիկաններին, քանի դեռ նրանք չեն ոչնչացրել բոլոր ապացույցները:
Հարցին, թե ի՞նչով է պայմանավորված այն փաստը, որ չնայած տուժողի խոսքով դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ին, քրեական գործ հարուցվել է միայն չորս օր անց, Գրիգորյանը պատասխանեց․«Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն իրավապահ մարմինները վարույթ նախաձեռնելու համար պետք է ունենային պատշաճ հաղորդում, սակայն ըստ էության Տիգրան Ուլուբաբյանը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել, միայն մարտի 17-ին է դիմել բուժօգնության, և հենց Վանաձոր ԲԿ-ից էլ հաղորդում է ստացվել ոստիկանություն, այդ նյութերի հիման վրա էլ գործ է հարուցվել առերևույթ հանցանքի մասով»։
Ներկայացնելով այս պարագայում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիրքորոշումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը նշեց, որ մարտի 17-ին սոցիալական ցանցերում հրապարակումը տեսնելուն պես իրենց կողմից միանգամից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում գրություն է հասցեագրվել Գլխավոր դատախազություն քրեկան վարույթ նախաձեռնելու հարցով, և վարույթի շրջանակներում պատշաճ քննություն իրականացնելու մասով։
«Այս տարի սա արդեն աղմուկ հանած երրորդ դեպքն է, և ես չեմ կարող պնդել, որ այլ դեպքեր չեն եղել։ Նմանատիպ դեպքերը շարունակվելու են, քանի դեռ պետությունը միջոցներ ձեռք չի առնում պատշաճ քննություն ապահովելու համար։ Որպեսզի պատկերն ավելի հասկանալի լինի, ես ուղղակի թվարկեմ նախորդ երկու դեպքերը, որոնցով մեր փաստաբաններն են զբաղվում: Օրինակ, 2025թ հունվարի 10-ին առավոտյան 7:45-ին Վանաձորի բնակիչ Վահան Մկրտչյանի բնակարանն են այցելում երկու քաղաքացիական անձ, որոնք առանց որեւէ հիմնավորման եւ առանց ներկայանալու՝ ասում են, որ զրուցելու հարց կա ոստիկանության բաժնում: Ի դեպ, մյուս՝ Անդրանիկ Առաքելյանի դեպքն էլ տեղի է ունեցել ոստիկանության մարզային վարչությունում: Վահան Մկրտչյանին այցելեցինք տանը՝ քրոջ ահազանգի հիման վրա: Նրա նկատմամբ ձերբակալման որոշում էր եղել, որը մեր փաստաբանները բողոքարկել էին դատարան, դատարանը գտել էր, որ ձերբակալումը եղել էր ոչ իրավաչափ»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նշելով՝ քրեական ոստիկանությունում անհապաղ կերպով պետք է իրականացվեն որակական և բովանդակային բարեփոխումներ»։
Նրա խոքով՝ խոշտանգումը կարող է լինել ոչ միայն ֆիզիկական բռնություններով, այլեւ հոգեբանական, հետեւաբար պետք է նշանակվի նաեւ դատահոգեբանական փորձաքննություն՝ դատաբժշկական փորձաքննությունից զատ:
Բանախոսների կարծիքով՝ եկան այն եզրակացությանը, որ պետության պարտավորությունն է ոստիկանության կողմից խոշտանգման և վատ վերաբերմունքի գործերով իրականացնել օբյեկտիվ և համակողմանի քննություն։
Սեդա Ստեփանյանն էլ կարևոր համարեց պետության կողմից համակարգային մեխանիզմների ստեղծումը, լինի դա առանձին մարմին, որը կքննի նմանատիպ գործերը, թե այդ մարմնում առանձնացված ստորաաժանում, որի շրջանակներում քննարկման առարկա կդառնան նմանատիպ գործերը։
Նիկոլ Մարգարյան
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի