Տիգրան Ուլուբաբյանի գործով որևէ ոստիկան չի հարցաքննվել, դատավարության ճանապարհով հնարավոր չէ հասնել արդարության․փաստաբան

Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ։ Այս մասին ֆեյբուքում հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանն՝ անդրադառնալով Վանաձորի ոստիկանությունում արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտագելու դեպքին։
Հիշեցնենք, որ երիտասարդին դաժան խոշտանգման են ենթարկել մի քանի ոստիկաններ՝ հորդորելով ավազակության դեպքը վերցնել իր վրա։Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Վանաձորի ոստիկանությունում երիտասարդին ոստիկանները քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ թվով 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Այնուամենայնիվ, յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։
Թե ինչու դատավարական ճանապարհով հնարավոր չէ հասնել արդարության, փաստաբանը պարզաբանում է՝
- Որևէ ոստիկանի լիազորություններ չեն կասեցվել։ Նրանք շարունակում են պաշտոնավարել և ըստ իս՝ ակտիվորեն խոչընդոտել քննությանը՝ խոշտանգման ու մարդուն ազատությունից ապօրինի զրկելու հետքերը թաքցնելու եղանակով
- Որևէ ոստիկանի նկատմամբ փորձաքննություն չի նշանակվել ՝ պարզելու համար, թե արդյոք նրանց վրա առկա է Տիգրանին խոշտանգման ենթարկելու հետքեր (ձեռքերի վնասվածքներ և այլն)
- Որևէ ոստիկան չի հարցաքննվել
- Որևէ փաստաթուղթ կամ նյութ չի առգրավվել (տեսագրության կրիչներ, 7 ժամ ոստիկանությունում պահելու վերաբերյալ փաստաթղթեր)
- Տիգրանի առողջությանը պատճառված վնասի աստիճանը չի պարզվել։ Նշանակվել և կատարվել է փորձաքննություն, սակայն տվյալները դեռ հայտնի չեն
- Դեպքին ականատես կամ դրա վերաբերյալ տեղեկություն ունեցող քաղաքացիները ևս չեն հարցաքննվել։ Հարցաքննվել է միայն Տիգրանը, այն էլ ոչ թե խոշտանգումների, այլ Լոռու մարզային վարչության քննիչի մոտ
- Տիգրանի հագուստը, որի վրա ակնհայտորեն առկա են բռնության հետքեր, չի առգրավվել և չի փորձաքննվել
- Քրեական վարույթը նախաձեռնվել է բավականին ուշացումով, իսկ պատշաճ նախաքննական մարմնին էլ փոխանցվել երեկ՝ կեսօրից հետո
- Եվ ամենակարևորը՝ մինչև հիմա չի պարզվել վերջինիս խոշտանգման ենթարկած ոստիկաններից որևէ մեկի ինքնությունը (երկուսի ինքնությունը պարզել ենք մենք, սակայն քննիչն այդ վերաբերյալ տվյալները մեզնից դեռ չի ընդունել)
Փաստաբանը նաև նշել է՝ շարունակում ենք լինել Տիգրանի կողքին նաև այսօր՝ սկսած ժամը 17։00-ից, Երևան քաղաքի Մամիկոնյանց 46/5 հասցեում։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Երևանում Քննչական կոմիտեի շենքի մոտ բողոքի ցույց է իրականացբել՝ ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի, և Քլ-ից պահանջելով քննել դեպքն ու պատժել բռնություն գործած ոստիկաններին։