«Եթե ամենահրեշավոր կերպարը, թշնամին հայտնվի ավագանիում, հօգուտ Գյումրու պետք է համագործակցել»․ Լևոն Բարսեղյան | Region

«Եթե ամենահրեշավոր կերպարը, թշնամին հայտնվի ավագանիում, հօգուտ Գյումրու պետք է համագործակցել»․ Լևոն Բարսեղյան

Մարտ 30,2025 13:26

«Եվրադաշինք»-ի քաղաքապետի թեկնածուն վստահեցնում է՝ պաշտոնի դիմաց որևէ բանակցություն չկա ու չի լինելու

«Այդպիսի հավակնոտ հայտարարություններ անելը ինձ վայել չէ, թույլ տվեք մարտահրավեր նետել՝ նման հավակնոտ հայտարություն անելուց հետո ձախողվելու դեպքում ճիշտ կլինի այդ մարդիկ քաղաքականությունից դուրս գան՝ ով էլ ասած լինի նման բան»,-այս մասին այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Եվրադաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանն՝ անդրադառնալով ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի հայտարարությանը։ Մինասյանն այսօր հայտարարել է, որ ինքը հաղթելու է Գյումրու ավագանու ընտրություններում։

Նա հիշեցրեց, որ 2021-ի ընտրությունները․«ԱԺ ընտրություններից երկու օր առաջ Մարտի 1-ի գլխավոր մեղավորը հայտարարեց՝ «սրանց մնացել է 48 ժամ, մենք ունենք 60%։ Ընտրություններից հետո պարզվեց, որ այդպես չէ, ու մինչև հիմա այդ մարդը հայտարարում է, որ քաղաքականության մեջ է։ Հիմա չգիտեմ՝ ինչո՞ւ է եկել կպել ՏԻՄ ընտրություններին։ Բայց ճիշտ կլինի, որ մարդիկ պատասխանատու լինեն իրենց հայտարարությունների համար»։

Բարսեղյանի դիտարկմամբ՝ ընտրություններին մասնակցությունը միջին տեմպի է, ասաց, որ նախորդ անգամ 24-25% է մասնակցել, քանի որ համապետական ընտրություններից կարճ ժամանակ հետո էր ՏԻՄ ընտրությունը․«Քաղաքական ուժերի պակաս մասնակցությունը բերում է ընտրողների քիչ մասնակցության։ Այս անգամ հակառակն է՝ 1,2 տարի հետո է լինելու ԱԺ ընտրությունները։ Բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են, եկել են Գյումրի նաև ստուգարքի՝ իրենց բոլորին հետաքրքիր է որպես նախավարժանք՝ Գյումրիում հաղթենք, գնանք մնացածն անենք։ Այս ակտիվությունը բերելու է ընտրողների ակտիվության։ Իմ կանխատեսումն է՝ մոտ 33-35% մասնակցություն ընտրություններին»։
Նա կրկին անգամ վերահասատատեց՝ «Եվրադաշինք»-ը կոալիցիա չի կազմելու որևէ քաղաքական ուժի հետ, սակայն համագործակցություններ, իհարկե, լինելու են․«Ավագանու բոլոր այն անդամները, ովքեր նստած են լինելու նիստերի դահլիճում, դատապարտված են համագործակցության»։
Բարսեյանը նաև վստահեցրեց՝ «Մենք որևէ կոալիցիոն բանակցություն չենք վարել, չենք վարելու քաղաքական ուժերի հետ։ Մենք առաջարկելու ենք ընտրել մեր ծրագիրը, ինձ՝ որպես քաղաքապետ, ով կկամենա՝ թող ընտրի։ Մենք որևէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց՝ ոչ բացահայտ, ոչ՝ քողարկված։ Պաշտոնի դիմաց որևէ բանակցություն չկա ու չի լինելու»։

Հնարավոր համագործակցության մասին էլ Բարսեղյանն ասաց․«Եթե ամենահրեշավոր կերպարը հայտնվի ավագանու կազմում, պայմանական եմ ասում՝ թշնամին հայտնվի ավագանիում, և ես հասկանամ, որ իր հետ բան քննարկելու, որոշում կայացնելու, քվեարկելու կարիք կա, որպեսզի հօգուտ Գյումրու որոշում կայացվի, իհարկե, պիտի համագործակցել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նորություններ