«Փնթի աշխատանք»․անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԺ-ից հեռացան դժգոհ ու վրդովված | Region

«Փնթի աշխատանք»․անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԺ-ից հեռացան դժգոհ ու վրդովված

Մարտ 31,2025 21:32

Խորհրդարանում այսօր 6 ժամից ավելի տևած փակ հանդիպումից հետո 44 –օրյա պատերազմի հետևաքնով անհետ կորած զինծառայողների ծնողները հիասթափված ու դժգոհ հեռացան։

Այդ փակ հանդիպմանը, ինչպես լրագրողներին հայտնել են ծնողները, իրենց հուզող ոչ մի հարցի պատասխան չստացան։

«Փնթի աշխատանք, ջուր էին ծեծում»,-դահլիճ դուրս գալուց հետո դժգոհ ու վրդովված ծնողներից մեկն ասել է  ArmLur-ի լրագրողին։

Նախորդ նման հանդիպում-քննարկումը տեղի է ունեցել 1,5 ամիս առաջ, այս երկրորդ հանդիպումից ծնողների ակնկալիքները չարդարացան։ Նրանցից մեկն ասել է, որ  այս 1,5 ամսում պատասխանատուները  ոչինչ չեն արել, որևէ առաջընթաց չկա․« Փաստացի, ցույց տվեցինք որ բոլոր ԴՆԹ-ները սխալ են։ Փնթի, փնթի աշխատանք»։
 Այս քննարկում-հանդիպումը ծնողների պահանջով էր, այն կազմակերպել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը։  Խորհրդարանում էին նաեւ ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության փոխնախարարներ եւ այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանը հանդիպումից հետո լրագրողներին ասել է․«Ես համաձայն եմ ծնողների հետ այն հարցում, որ քանի դեռ անհայտ կորածների մարմինները չեն հայտնաբերվել և փորձաքննության չեն ենթարկվել, մենք պարտավոր ենք նրանց փնտրել ողջերի մեջ»։

Քոչարյանի խոսքով՝ նրանք կարող են գերի ընկած լինել, շատ տարիներ են անցել, սակայն հավանականությունը տարեցտարի նվազում է․«Բայց ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ ԱԱԾ տնօրենը, պետք չէ բացառել, որ կենդանիների մեջ կարող ենք փնտրել նաև անհայտ կորածներ։ Երկրում նման զգայուն թեմաները շատ քիչ են։ Մենք այստեղ ունենք որոշ թերություններ, և մենք գնում ենք այս թերությունների հետևից։ Գրել են, որ ինձ համարյա խեղդամահ են արել… Մենք հավաքվել ենք այստեղ ոչ թե իրար խեղդելու, այլ հարցեր լուծելու համար։ Ամբողջ պետական ​​ապարատը ներգրավված է աշխատանքում, ծավալները շատ մեծ են, բայց դա չպետք է ազդի որակի վրա։  Ծնողները դժգոհություն են հայտնում, հիմնավոր ապացույցներ են պահանջում՝ համոզվելու համար, թե ում են թաղում, խնդրում են չասել, որ իրենց երեխաները մահացել են»։

Նորություններ