Գերմանիայի պետքարտուղարը Հաջիևին ուղղված նամակում ներողություն է խնդրել երկրի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշը պատկերելու համար | Region

Գերմանիայի պետքարտուղարը Հաջիևին ուղղված նամակում ներողություն է խնդրել երկրի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշը պատկերելու համար

Ապրիլ 01,2025 12:04

Օրերս Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում Արցախի դրոշով լուսանկար է հրապարակել՝ անդրադառնալով արցախահայության թեմային։ Հրապարակմանը կից տեքստում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։

Այս հրապարակումից հետո Բաքվում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հառլեմանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ  խիստ բողոք է արտահայտվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի սոցցանցային   հրապարակման կապակցությամբ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ տարածաշրջան կատարած այցի ժամանակ այդ, նրանց բնորոշմամբ, բացահայտ քաղաքական սադրանքն անընդունելի է, և գերմանական կողմը պետք է հրապարակային ներողություն խնդրի հրապարակման համար։

Այսօր Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորտե Դինգերը Ադրբեջանի ղեկավարի օգնական Հիքմեթ Հաջիևին նամակ է ուղղել, որով ներողություն է խնդրել «սխալ դրոշ» պատկերելու համար։

Նամակում նշվում է, որ Գերմանիայի նախագահի՝ սոցցանցում հրապարակման պատճառ է դարձել «տեխնիկական սխալը»

«Դաշնային նախագահի սոցցանցերում կարճ ժամանակով հրապարակվել են դրոշի սխալ պատկեր և դրան կից տեքստ, որը վերաբերում է Ադրբեջանի շրջաններից մեկին։ Սխալը հայտնաբերելուց հետո համապատասխան հրապարակումն անմիջապես հեռացվել է։ Գրառումը հրապարակվել է տեխնիկական սխալի արդյունքում և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակում։ Շատ եմ ցավում տեղի ունեցած սխալի համար և կցանկանայի իմ անկեղծ ներողությունները հայտնել այն սխալ տպավորության համար, որը նշյալ հրապարակումն ազդել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա»,-նշվում է նամակում։

Դյորտե Դինգերը հույս է հայտնել, որ Գերմանիայի նախագահի այցն Ադրբեջան կամրապնդի երկրների միջև գործընկերությունը և տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացը։

 Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահը  պաշտոնական այցով Հայաստանում է։

Տարածաշրջանային նրա այցի շրջանակում նախատեսվում է նաև այց Բաքու:

Նորություններ