Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում կառուցողականություն է դրսևորում. Գերմանիայի նախագահ | Region

Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում կառուցողականություն է դրսևորում. Գերմանիայի նախագահ

Մարտ 31,2025 16:37

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել, իսկ երկու երկրների միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի  խանգարում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Գերմանիայի նախագահն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի դրույթների համաձայնեցմանը և այդ ուղղությամբ Երևանի իրականացրած քայլերին, հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ տարիների ընթացքում աշխարհը շատ է տուժել հակամարտություններից, ինչն արդյունավետ կառավարելն ավելի ու ավելի դժվար է դառնում։

Գերմանիայի նախագահի խոսքով՝ կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վեջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։

«Բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում իրեն շատ կառուցողական է դրսևորել։ Խաղաղության համաձայնագրում այլևս բաց հարցեր չկան և այլևս ոչինչ չի խանգարում, որպեսզի այն ստորագրվի, վավերացվի և իրագործվի։ Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն, և այժմ Ադրբեջանում պետք է բոլոր հնարավոր թերահավատությունները վերացնել»,-ընդգծել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Գերմանիայի նախագահի խոսքով՝ Հարավային Կովկասում ապրող մարդիկ սպասում են, որ երկարամյա հակամարտությունը կդադարի, ինչը կհանգեցնի նաև տնտեսական զարգացման։

«Հայաստանի համար հեշտ չի եղել հակամարտությունն ավարտելն ու հանգուցալուծման հասցնելը։ Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել այս գործընթացից»,-ընդգծել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

 

Նորություններ