«Անկախության գաղափարը մերժողներն են Ալիևի խոսքը տարածում։ Իրականում ընդդիմությունն է ավելի շատ թուրք, քան մենք»․ Արսեն Թորոսյան

Ազգային ժողովում կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձավ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական օրակարգի առանցքային հարցերին։
«Ընդդիմությունը մեզ ուզում է ներքաշել էն բանավեճի մեջ, թե ո՞վ է ավելի շատ թուրք։ Իրականում իրենք են ավելի շատ թուրք, քան մենք», – հայտարարեց պատգամավորը՝ կոչ անելով չմասնակցել նման անհարկի բանավեճերին՝ «դա միշտ կործանել է մեզ»։
Թորոսյանը շեշտեց՝ ընդդիմությունը փորձում է կասկածի տակ դնել երկրի անկախությունն ու սահմանների ձևավորման գործընթացը։
«Իրենք ուզում են, որ մենք չունենանք անկախություն կամ լինենք հնարավորինս կախված։ Սահման էլ՝ ասում են, թե մենք ենք որոշել։ Չենք որոշել և չենք էլ ուզում։ Սահմանը եղել է այն պահից, երբ պետությունը անկախացել է, ու էդ սահմանն ենք մենք այսօր ֆիքսում։ Ու այո՛, մենք շարունակելու ենք սահմանազատման գործընթացը, որովհետև ժողովուրդն էլ է ասում՝ բա մենք չունենա՞նք սահման»,-ասաց նա։
Հերթական անգամ անդրադառնալով ընդդիմադիրների կողմից հաճախ հնչող մեղադրանքներին՝ կապված Սյունիքը կորցնելու վտանգի հետ, պատգամավորը նշեց․ «Ո՞վ է Ալիևի խոսքը Հայաստանում ամենաշատը մեջբերել։ Եթե սովորական չափումներ անենք, վստահ եմ՝ տասնապատիկ անգամ կհաղթի ընդդիմությունը։ Ու եթե մեկը տարածում է Ալիևի նարատիվները՝ դա իրենք են, ոչ թե մենք։ Ով ուզում է, որ մենք Սյունիք կորցնենք նա է խոսում այդ մասին»։
Անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությանը՝ Թորոսյանը առանձնացրեց ժողովրդագրական իրավիճակի լրջությունը՝ հատկապես ծնելիության նվազման և արտագաղթի համատեքստում։ «Հունվար-փետրվար ամիսներին ունենք 494 ծնունդով պակաս, քան նախորդ տարի։ Էս հարցը առանց ներգաղթի լուծել հնարավոր չէ։ Մենք պետք է կազմակերպենք ներգաղթ։ Այո, մեր վերաբերմունքը պետք է փոխվի․ մենք որպես ազգ սիրում ենք այլազգի տուրիստներին, բայց մշտական բնակվողներին՝ ոչ այնքան։ Էդ մարդկանց պիտի դարձնենք մերը՝ երեխաները գան մեր դպրոց, ապրեն մեր հետ, հետո՝ քաղաքացիություն ստանան»։
Նա նաև նշեց, որ պետք է առաջնահերթություններ փոխել պետական ծախսերում՝ բնակչության աճը խթանելու համար․«Մայրական կապիտալի հարց կա, որովհետև հիմա երեխաներ են ունենում կանայք, ովքեր ծնվել են 20-25 տարի առաջ։ Եթե հիմա քիչ ենք երեխա ունենում՝ 20 տարի հետո վիճակը լինելու է ավելի վատ։ Էս ամեն ինչը փոխկապակցված ու շարունակական է»։
Պատգամավորը դրական միտում համարեց, որ սահմանահատումների բացասական հաշվեկշիռը 2023-ին կազմել է մոտ 30,000,այսինքն, աավելի շատ մարդ գնացել է, քան եկել, իսկ 2024-ի առաջին ամիսներին՝ ընդամենը 4,000։
«Սա արդեն լավ ցուցանիշ է։ Բայց սա բավարար չէ։ Մենք պիտի անենք ամեն ինչ՝ պտղաբերության ցուցանիշը 1,9-ից հասցնելու մինչև 3-ի։ Սրա վրա ոչ մի ռեսուրս չպետք է խնայենք», – հայտարարեց Արսեն Թորոսյանը՝ կոչ անելով քաղաքական ուժերին մի կողմ դնել վարկաբեկման խոսույթը և իրական քայլեր անել Հայաստանի ապագայի համար։
Սյուզաննա Խառատյան