«Ինձ մի համեմատեք Ամասիայի բնակչի հետ»․Պռոշյան և Քասախ համայնքի բնակիչների հանդիպումը ՏԿԵ փոխնախարարի հետ ցանկալի արդյունք չտվեց՝ Երևանի տրանսպորտը չի մտնի այլ համայնք | Region

«Ինձ մի համեմատեք Ամասիայի բնակչի հետ»․Պռոշյան և Քասախ համայնքի բնակիչների հանդիպումը ՏԿԵ փոխնախարարի հետ ցանկալի արդյունք չտվեց՝ Երևանի տրանսպորտը չի մտնի այլ համայնք

Ապրիլ 28,2025 20:31

 Բնակիչներն այսօրվա քննարկման ժամանակ փոխնաարարին կրկին ներկայացրեցին իրենց խնդիրները՝«մարդկանց կյանքը դեպի վատն եք տանում», սակայն պաշտոնյան անդրդվելի էր՝ օրենքով ինչպես սահմանված է, երթուղին այդպես էլ պիտի գործի, ոչ մի արտոնություն

Ի սկզբանե ասել ենք՝ Երևանի տրանսպորտը չի կարող մտնել Պռոշյան համայնք, դա օրենքից դուրս է։ Պռոշյան և Քասախ համայնքի բնակիչների հետ այսօրվահանդիպման ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Բնակիչները մի քանի ժամ «երկար-բարակ», մանրամասն ներկայացրեցին իրենց խնդիրները, թե ինչու են պահանջում, որպեսզի թիվ 25 և 59 երթուղին շարունակի  սպասարկել Պռոշյան և Քասախ համայնքները։ Սակայն նախարարությունն անդրդվելի է՝ օրենքով ինչպես որ սահմանված է, այդպես պետք է գործեն։

Հիշեցնենք, որ այս համայնքներ բնակիչները ապրելի 5-ից պարբերաբար բողոքի ցույցեր էին իրականացնում, մայրուղի փակում, քանի որ թիվ 25 և 59 երթուղին կրճատվել է, այն գյուղ չի մտնելու, ինչը խնդրահարույց է բնակիչների համար։ Բացի այդ, նաև ուղևորատոմսն է թանկացել։

ՏԿԵ նախարարության՝ մարզը սպասարկելու համար ուղևորափոխադրման մրցույթի հաղթող Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտիտրանսպորտը» նոր օպերատորն է, որը ուղեվարձը 250 դրամ էր սահմանել, սակայն բողոքի ցույցերի արդյունքում որոշվեց 50 դրամով էժանացնել։

Բնակիչներն ասում են, որ մինչ նոր օպերատորի աշխատանքը, իրենք  օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Իսկ հիմա, քանի որ այդ երթուղիները Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են, չեն հասնելու այդ համայնքներ։  Այժմ նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ, ըստ բնակիչների՝ իրենց համայնքներից մինչև Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկ, նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

«Թիվ 25 և 59 համարները  գալու են մինչև այն կետը, որը Պռոշյան համայնքի բնակիչներն են առաջարկել։  Սա ենք  պայմանավորվել։ 59-ը գալու է Քասախ համայնքի կողքով շրջադարձ իրականացնի։ Մենք նոր մոդել ենք ներդրել,  մարզային օպերատորը պետք է սպասարկի ամբողջ մարզը՝ բնակավայրերով, խնդրել ենք Երևանի տրանսպորտը վերադառնա իր վարչական շրջան»,-այսօր բնակիչների հետ երկար քննարկումից հետո հայտարարեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։  Նաև հիշեցրեց՝ Պռոշյանի դեպքում իրենք համաձյնել են, որ թիվ 25 երթուղին հասնի մինչեւ ՊՆ-ի նախկին շենք, այդտեղից վերադառնա Երեւան:

Նա վստահեցրեց՝ չվացուցակի  հաճախականության փոփոխություն չկա։

Փոխնախարարն ասաց՝ օրենքը նախանշել է սահմանը, որով պետք է իրականացվի երթուղու սպասարկումը, սա համայնքի վարչական տարածքն է, այլ համայնքներում էլ նույն կանոկարգն է գործում։

«Մենք ասում ենք՝ եթե քաղաքացիները սովորել են Երևանի տրանսպրոտին, այդ հասանելիությունը կա բնակավայրի սկզբում, խնդրում ենք օգտվեք։ Եթե խոսքը 150 մետրի մասին է, կներեք, կարելի է քայլել 150 մետր՝ եթե ուզում ես օգտվել Երևանի տրանսպորտից։ Եթե չես ուզում օգտվել, կա միջմարզային տրանսպորտ։  Տրամաբանութունը, որը բոլորդ ներկայացնում եք՝ հետևյալն է՝ եթե Երևանը հետ քաշվի, մենք ինչպե՞ս ենք օգտվելու։ Կներեք, միջմարզային տրանսպորտն է մուտք գործում բնակավայրեր։ Այնպես չէ, որ Երևանը հետ է քաշվում ու էլ տրանսպորտ չկա։ Այսքան ժամանակ դա ենք քննարկել, նաև սակագին է իջեցվել , չվացուցակի ավելացում է եղել, տրանսպորտային միջոցների քանակն է ավեացել՝ ըստ անհրաժեշտության»,-ասաց փոխնախարարը։

Սակայն  բնակիչները շարունակում էին պնդել, որ այդ պայմաններն իրենց հարմար չեն, ինչին ի պատասխան փոխնախարարն ասաց՝ ձեր առաջարկն է՝ ստեղծեք այնպիսի պայմաններ, որ մենք ամբողջ բնակավայրով շարունակենք օգտվել Երևանի տրանսպրոտից, մենք էլ ասում ենք՝ չի կարող Երևանի տրանսպորտը մտնի բնակավայր, ուզում եք օգտվել Երևանի տրանսպորտից, 150 մետր իջեք ներքև։

Բնակիչներն էլ հավելեցին՝ այդպես երթևեկելը սոցիալական բեռն ավելացնում է, մի ընտանիքից չորս-հինգ հոգով օգտվում են տրանսպորտից, որի մեկ ուղղությունը 200 դրամ է։

Փոխնախարարն էլ ասաց, մյուս համայնքներում էլ են նույն մեխանիզմը կիրառում՝ միջմարզային տրանսպորտի միասնական  օպերատոր է սպասարկում, և չի կարող պետությունը մեկին արտոնություն տա, մյուս համայնքերն էլ անհավասար վիճակում կլինեն։

«Ինձ մի համեմատեք  Ամասիայի բնակչի հետ։ Նա տարին մեկ է գալիս Երևան, մենք՝ ամեն օր։Իմ ընտանիքում չորս  հոգով օգտվում ենք տրանսպորտից։  Ես աշխատում եմ  Սունդուկյան թատրոնում, պետական է, ստանում եմ 117 հազար դրամ աշխատավարձ։ Դե իմ հարցը լուծեք։  Դնում եք դանակով կտրում եք,  թե՝ էս հարցը օրենքով  սենց է ու  վերջ»,-ասաց նախարարին դիմեց բնակիչներից մեկը։

«Մարդկային ճակատագրեր են, քառասուն հազար մարդկանց կյանքը դեպի վատն  եք տանում»,-հայտարարեցին բնակիչները։

Հայտարարվեց, որ նախարարությունը հետքայլ չի անելու։ «Մուլտիտրանսպորտ»-ի ներկայացուցիկչն էլ խոստացավ՝ չի լինի մեկ քաղաքացի, որը պատշաճ չի սպասարկվի։

Նորություններ