Բավրայի, «Գոմշի աղբյուրի» անվանումների ծագումնաբանությունը և «անիծված ոսկու» առեղծվածը

Սահմանամերձ Բավրա համայնքի պատմական անցյալի մասին այսօր քիչ բան է հայտնի, իսկ տեղեկություններ գտնելը բավականին բարդ գործ է։ Հավաստի տվյալները չնայած քիչ են, սակայն բերնեբերան փոխանցված պատմությունների պակաս չկա․ ժամանակի ընթացքում դրանք բնակիչների շրջանում վերածվել են փոքրիկ ավանդազրույցների։
Առաջինը վերաբերում է գյուղի անվանը։ Հայտնի է, որ Բավրայի բնակիչերը մինչև գյուղի ներկայիս տարածքում բնակվելը ապրել են «հին գյուղում»՝ ներկայիս տարածքից մոտ 7 կմ հեռավորության վրա։ Այդ ժամանակաշրջանում գյուղի ժողովուրդը միշտ պատմել է նոր ծաղկաշատ գյուղատեղի մասին, բայց երբ մարդիկ եկել են տեղանքը ուսումնասիրելու, ծաղիկներ չեն նկատել, և իրենց բարբառով ասել են` «բա վուրա՞» (բա ու՞ր է)։ Երբ տեղափոխվել են նոր գյուղ, այն անվանել են Բավրա՝ վերափոխելով «բա վուրա»-ն։
Հաջորդ պատմությունը վերաբերում է Եզնասարի ստվերում թաքնված «անիծված ոսկու» առեղծվածին: Մոտակա լեռան մի կողմում ապրում էին հայերը, մյուսում՝ թուրքերը։ Մտավախություն ունենալով թալանչի հարևաններից, բավրեցիներից մեկը թաղել է իր ունեցած ոսկին՝ հույս ունենալով պաշտպանել հնարավոր վտանգից: Բայց, երբ գյուղացիները տեղափոխվել են այնտեղից, տղամարդը անիծել է ոսկին: Պատմության համաձայն, նրանք, ովքեր փորձել են գտնել գանձը, հիվանդացել են, կամ մահացել։ Շատերը կարծում են, որ ոսկին մինչև այսօր էլ դեռ թաղված է այնտեղ։

Սլավիկ Սումբուլյան
Թե ո՞րքանով են տարածված պատմությունները ճշգրիտ, փորձեցինք հստակեցնել գյուղի բնակիչ Սլավիկ Սումբուլյանի հետ։ Նա գյուղի հնաբնակներից է, ապրել է հին գյուղում, տեղյակ է նաև տարածված ավանդազրույցներից։ Նա REGIONS TV-ի հետ զրույցում առաջին հերթին անդրադարձավ գյուղի անվան առաջացման պատմությանը․
«Բավրա անունով քաղաք (մեկ տառի տարբերությամբ․ ամբողջական անունը չկարողացավ մտաբերել) եղել է Արևմտյան Հայաստանի տարածքում, այդ անվամբ գյուղ կա նաև Ախալքալակի շրջանում։ 1828-1829 թվականների գաղթի շրջանում մեծ թվով մարդիկ հայ քահանայի ուղեկցությամբ եկել են Ախալքալակի գավառ, որտեղից արդեն տեղափոխվել են տարբեր գյուղեր, քանի որ թուրքական հարձակումներն արդեն սկսվել են այնտեղ։ Ղազանչիում մարդիկ ավելի շուտ են հաստատվել։ Տեղի քահանան այցելել ու նոր տեղափոխված համայնքի մասին տեղեկությունը գրանցել է իր մատյանում։ Հնարավոր է, գյուղի անունն էլ կապված է արդեն եղած բնակավայրերի անվան հետ»,- նշեց Սլավիկ Սումբուլյանը։ Հավելեց նաև, որ մինչև այդ գյուղը կոչվել է Թիթոյի Խարաբա, իսկ սկզբնական շրջանում, ընդհանուր առմամբ, այստեղ է տեղափոխվել 14 ընտանիք։
Հաջորդիվ խոսեց նաև Եզնասարի մոտակայքում թաքցված ոսկիների առեղծվածի մասին՝ նշելով, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, և դրանք մարդկանց շրջանում տարածվել են այլ իրադարձությամբ պայմանավորված։
«Գյուղի բնակիչներից Պետրոս Մարգարյանը մեծ թվով անասուններ է ունեցել, վաճառել է դրանք ու ժամանակի ընթացքում կուտակել է որոշակի քանակությամբ ոսկի։ Երբ սկսվել են թուրքական հարձակումները, քանդել է պատի քարը, ոսկիները լցրել է պարկի մեջ ու թաքցրել այնտեղ։ Տարիներ անց տունը վաճառվել է։ Նոր տերերը քանդել են պատերը, գտել ոսկին, և քանի որ երկու եղբայր են եղել, այն կիսել են իրար մեջ։ Այ սա է ճիշտ պատմությունը»,-շարունակեց մեր զրուցակիցը։
Տարածված պատմություններից միակը, որը, ըստ Սումբուլյանի, իրական է, վերաբերում է «Գոմշի աղբյուրի» անվան առաջացմանը։ Այս դեպքը ևս կապված է գաղթի շրջանի և մարդկանց մասսայական տեղափոխության հետ։
«Հերթական հարձակումից խուսափելու համար մարդիկ Ախալքալակից փորձել են հասնել Գյումրի։ Ճանապարհը անցել է այդ կողմով։ Առավոտյան տեսել են, որ սայլերից մեկը քաշող գոմեշը ցեխաջրի մեջ խեղդվել է։ Քանի որ այդ սայլի մեջ երկու ընտանիք է եղել, չեն կարողացել թողնել նրանց»։
«Այնտեղ եղել է վրացի Թիթոյի «յայլան», որտեղ շատ աղբյուրներ են եղել, ապրելու համար նպաստավոր պայմաններ, այդպես մնացել ու ապրել են՝ սկզբնական շրջանում չիմանալով, որ իրենց մոտ գտնվող սարի հակառակ կողմում ևս թուրքական բնակավայր կա»,-եզրափակեց Սլավիկ Սումբուլյանը։
Չնայած տեղեկատվական աղբյուրների սակավությանը, Բավրա գյուղի վերաբերյալ պատմություններն ու ավանդազրույցները շարունակում են ապրել բնակիչների հիշողություններում։
Նիկոլ Մարգարյան