Վալենսիայում ընթացող ԵԺԿ կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել | Region

Վալենսիայում ընթացող ԵԺԿ կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

Ապրիլ 30,2025 22:09

Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ-EPP) կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել:

«Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձևը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, այդ թվում` ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում իրականացված բարեփոխումները:

Ընդունված բանաձևով ԵԺԿ-ն կարևորում է վերջերս ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի վերաբերյալ օրենքը, որը հիմք է դնում Հայաստանի եվրոպական ինտեգրման խորացման համար:

Բանաձևում ԵԺԿ-ն կոչ է անում Եվրոպական միությանը շարունակել աջակցությունը Հայաստանին` խորացնելով տնտեսական և առևտրային կապերը, ողջունում է եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրված աջակցությունը:

Եվրախորհրդարանի պատգամավորներ Միրիամ Լեքսմանի (Սլովակիա) և Ռասա Յունկևիչենեի (Լիտվա) հեղինակած բանաձևում բարձր է գնահատվում Հայաստանի գործադրած ջանքերը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Բանաձևը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը Հայաստանը կփոխակերպի տարածաշրջանային հաղորդակցությունների, տնտեսական աճի և խաղաղ գոյակցության կարևոր կենտրոնի:

Բանաձևն ընդնունվել է միաձայն:

Նորություններ