Չի բացառվում, որ Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից, Ադրբեջանն էլ Հայաստանից․նախարար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից, քանի որ Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոնների ու գործարանների կառուցման ու զարգացման արդյունքում էլեկտրաէներգիայի սպառման ծավալներ մեր երկրում կտրուկ աճում են: Այս մասին նախարարն ասել է այսօր COP 17-ի շրջանակում տեղի ունեացած ճեպազրույցում։
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել քննարկումներ՝ TRIPP-ով պայմանավորված ենթակառուցվածքների, էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված հարցերը, էներգետիկ համակարգերը միմյանց միացնելու հարցերը, որպեսզ անհրաժեշտության դեպքում Հայաստանն Ադրբեջանից կարողանա գնել էլեկտրաէներգիա, Ադրբեջանը Հայաստանից կարողանա գնել էլեկտրաէներգիա: Վերջերս էլ Գորիսում երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուների հանդիպումը երկրորդն էր այդ հարցերի վերաբերյալ:
«Մենք այս ընթացքում ուսումնասիրել ենք առկա ենթակառուցվածքները։ Փոքր ներդրումների արդյունքում դրանք արդեն պատրաստ են, և կարող ենք անցնել ավելի գործնական փուլի։ Հայաստանի ռազմավարությունն է՝ որքան հնարավոր է մեծ թողունակությամբ և տարբեր հատվածներով կապվել հարևան երկրների էներգահամակարգերին, ինչպես անում ենք Իրանի և Վրաստանի հետ»,-պարզաբանել է Խուդաթյանը։
Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ էլ նախարարը տեղեկացրել է, որ եթե նախկինում դիտարկվում էր միայն 400-450 ՄՎտ հզորությամբ փոքր մոդուլային ռեակտորների տարբերակը, ապա այժմ քննարկվում են նաև այլ հզորության կայանների առաջարկներ․«2027 թվականի տարեսկզբին մոդելի ընտրության հարցում վերջնական որոշում կունենանք, կհայտարարենք այդ մասին և կանցնենք գործնական փուլին՝ նախագծմանն ու շինարարությանը: Մինչ այդ, Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է ևս 10 տարով, և այն կգործի այնքան ժամանակ, քանի դեռ համակարգին նոր ատոմակայան չի միացվել»։
