Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազություն | Region

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազություն

Մայիս 06,2025 16:31

Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից մեկի տնօրեն Ն.Խ.-ից պահանջել և անձամբ ստացել է 1 միլիոն 552 հազար դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք՝ Ն.Խ.-ի կողմից վերոնշյալ պաշտոնում պաշտոնավարումը դադարելուց հետո, նույն ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում նշանակելուն նպաստելու համար: Ն.Խ.-ն 2024 թվականի օգոստոսի 9-ին նշանակվել է ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնին:

Բացի այդ, Հ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի ուսուցչուհի Ա.Մ.-ին ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունների կատարողի պաշտոնին առաջադրելու և նշանակելուն նպաստելու համար Ն.Խ.-ի միջոցով պահանջել է 582 հազար դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար: Հ.Կ.-ն ստացել  է 388 հազար դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, իսկ գումարի մյուսը մասը պայմանավորվել է ստանալ նշանակումից հետո: Ա.Մ.-ն 2024 թվականի օգոստոսի 14-ին նշանակվել է  ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Կ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը) (2 դրվագ), Ն.Խ.-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառքի միջնորդությունը) և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

2024 թվականի հոկտեմբերի 25-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 18-ին կայացրել է մեղադրական վերդիկտ:

Դատարանի վճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, Ն.Խ.-ի նկատմամբ նշանակվել է ազատազրկում՝ 1 տարի 7 ամիս ժամկետով (սահմանվել է փորձաշրջան 2 տարի 6 ամիս ժամկետով), Ա.Մ.-ի նկատմամբ նշանակվել է ազատազրկում՝ 1 տարի ժամկետով (սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի 6 ամիս ժամկետով):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նորություններ