Սպանդանոցում խոշոր եղջերավորի մորթն իրականացնելու դեպքում կառավարությունը փոխհատուցում կտրամադրի | Region

Սպանդանոցում խոշոր եղջերավորի մորթն իրականացնելու դեպքում կառավարությունը փոխհատուցում կտրամադրի

Մայիս 08,2025 12:54

Հայաստանում սպանդանոցները շատ են, բայց դրանց 70% -ը, նույնիսկ ավելին,  չի աշխատում, կան սպանդանոցներ, որոնք ուղղակի չեն աշխատում, որովհետև չկան մարդիկ, որոնք տանեն սպանդանոցում մորթեն, անասունների մորթն իրականացվում է ոչ սպանդանոցային պայմաններում։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Գործադիրի հաստատմանն է այսօր ներկայացվել «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Առաջարկվում է սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով ֆերմերային տնտեսությունների կողմից ձեռք բերվող սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում տրամադրել։

Նախագծով  սահմանվում է՝ փոխհատուցում տրամադրել շահառուի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար տնտեսավարողի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։

Նախապես սահմանված սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար տնտեսավարողի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 15000  դրամը։

«Այս ծրագիրը կօգնի ներդրումների արդարանալուն, այսինքն, սպանդանոցները պիտի վերաբացվեն։ Երբ քաղաքացիները պետք է անասունին տանեն մորթի, և օրինակ գինը տասը հազար դրամ է, ապա վճարման կարիք չկա, պետությունն ամբողջովին վճարում է քաղաքացու սպանդանոցային ծառայության գինը»,-ասաց նախարարը։

10000 դրամ է սահմանվել փոխհատուցման գինը, ինչպես նախարարն ասաց, սպանդանոցների սեփականատերերի հարցման հիման վրա, մորթի գինը  8-10000 դրամ է։

Փոխհատուցումը տրամադրվելու է սպանդանոցի սեփականատիրոջը, խոշոր եղջերավոր անասունի տերը, եթե մորթի գինն օրինակ 11000 դրամ է, նա պետք է վճարի ընդամենը 1000 դրամը։

«Սպանադանոցի սեփականատիրոջ հետ համաձայանգրում նշում ենք, որ այս ծրագրի գործողության ընթացքում սպանդանոցը պետք է ֆիքսված գնո ծառայություն մատուցի։ Օրինակ՝ եթե սպանդանոցն ասում է՝ ես մատուցում եմ ծառայություն 11000 դրամով, ինքը չի կարող նոյեմբեր ամսից դարձնի 12000 դրամ, հակառակ դեպքում ծրագրից դուրս կմնա»,-ասաց Գևորգ Պապոյանը։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նորություններ