«Եթե փակվեմ, 94 ֆերմերային տնտեսություն կտուժի, կաթն իրենցից եմ գնում»․հարկային փոփոխությունները բացասական են ազդել սահմանամերձ Ելփին գյուղի պանրի արտադրության վրա

Վայոց ձորի Ելփին գյուղում գործող պանրի արդարությամբ զբաղվող «Արտչիզ» ընկերության գործունեության վրա բացասական է ազդել այս տարվա հունվարի 1-ից ուժի մտած հարկային փոփոխությունը։ Մինչ այս, ընկերության գործերը լավ էին։ Չնայած արտադրական ծավալները շատ մեծ չեն, բայց հասցնում են նաև ԱՄՆ, ՌԴ, Վրաստան, Ղազախստան արտահանել։
«Արտչիզ»-ի տնօրեն Արթուր Նազարյանի ներկայացմամբ՝ մինչ հարկային փոփոխություններն, վճարում էին 3,5% շրջանառության հարկ, հիմա՝ 7,5%:
Կաթը գնում է մարզի տնտեսվարողներից, գյուղացիներից։ Հարկային այս փոփոխությամբ առաջարկվում են բոլոր գործարքները, գնումները փաստաթղթավորել, որի արդյունքում հարկը կարող է նվազել մինչև 1%։ Հայ-ադրբեջանական շփման գծին հարևանությամբ այս գյուղում սակայն հեշտ չէ գյուղացիներից կաթը գնել փաստաթղթավորված։

Ելփին գյուղ, Վայոց ձոր
«Հարկայինն ասում է, որ եթե դու բոլոր գնումներն անում ես հաշիվ-ապրանքագրով, հարկդ կնվազի։ Իրականում այդպես չէ, արտադրության դեպքում հարկն իջնում է ոչ թե 1%, այլ՝ 3,5%՝ նվազագույնը։ Ես գյուղացուց ո՞նց հաշիվ-ապրանքագիր պահանջեմ, գյուղացին ո՞նց տա հաշիվ։ Դա նույնն է, որ ԱԱՀ-ով (ավելացված արժեքի հարկ) աշխատես, գյուղացին ԱԱՀ տա, որից ազատվել է։ Այս պարագայում ոչ մի գյուղացի, մանավանդ հայտարարագրերի պարտադիր դառնալուց հետո, անգամ չեն ուզում, որ գումարը փոխանցումով վճարես։ Քարտերին եմ փոխանցում, ասում են՝ չեմ ուզում, առձեռն տուր, չես տալիս, քեզ հետ չեմ աշխատի։ Ուստի մեր հարկը բարձրացավ»,-նշում է Արթուր Նազարյանը։ Հարկի բարձրացման պատճառով շուկայում մրցակցությունը դժվարանում է։ Ըստ գործարարի՝ խոշորների հետ մրցունակ չի կարող լինել, քանի որ խոշորը դրսից ԱԱՀ-ով հարկվող ապրանք է ներմուծում՝ կաթի փոշի և այլ հումքեր։
«Փորձում ենք դիմանալ, բայց սա նույնիսկ դիմանալ չէ։ Կարող է այս տարի չփակվեմ, մյուս տարի չփակվեմ, էն մյուս տարի փակվեմ։ Եթե ես փակվեմ, ինձ հետ փակվելու են մի քանի տնտեսություններ, մոտ 94 ֆերմերային տնտեսությունից կաթ եմ գնում, եթե փակվեմ, իրենք էլ կտուժեն»,-ասում է ընկերության տնօրենը, ապա հավելում․«Առանց այն էլ մեզ մոտ գյուղատնտեսությունը, հատկապես անասնապահությունն աստիճանաբար անկում է ապրում։ Կաթի գինն էլ իջնում է տարեցտարի, քանի որ արտադրողները էժան կաթի փոշի են դրսից բերում։ Բնական կաթի պահանջարկը մեծ չէ։ Բայց ես կողմ եմ կաթի գինը բարձր լինի։ Համայնքում ոռոգման ջրի խնդիր կա, ամռան գետի ջուրը կրճատվում է, պոմպերով են ապահովում ջուրը, գուղացին անընդհատ վճարում է՝ ջրի համար, դեղի համար, չգիտես ինչի համար, այդ տարի բերքը չեղավ, զրո եկամուտ, ո՞նց ապրի։ Սպանդանոցը Վայքում է, մեկ-երկու անասունի մորթը Վայքում անելը ձեռնտու չէ, սպանդանոցի տերն էլ ասում է՝ քսան հատ անասուն եթե լինի, նոր կաշխատեմ։ Մարդիկ հիասթափվում են, անասուն չեն ուզում պահել։ Ո՞նց ապրեն գյուղացիք»։

Պանրի պահեստը
12 տեսակի պանիր է արտադրում, հոլանդականի և հայկականի միքս է, հոլանդացի մասնագետն այցելել էր Ելփին՝ խորհրդատվության համար, միասին նոր տեխնոլոգիա են մշակել․«Մեզ հոլանդական պանիր պատրաստելու ձևն էր սովորեցնում, բացատերեցինք, որ մենք հայական ավանդական լավ պանիր ունենք, միավորենք, նոր արտադրատեսակ ստանանք։ Հիմա գինով հնեցված գաուդա տեսակի պանիր ենք արտադրում, մեր մտահղացումն է, վիսկիով հնեցված գաուդա պանիր, եգիպտական պանիր ենք արտադրում, սա շուկայում նորություն է, հեմամունքները Եգիպտոսից են»,-պատմում է Նազարյանը։
Նշում է՝ փոքր բիզնեսները փակվում են, փոխանակ զարգանան, մրցակցությանը չեն դիմանում․«Ինքս եմ ականտես եղել, թե ինչպես պանրի արտադրությամբ զբաղվող մի քանի փոքր արտադրություններ փակվեցին։ Չդիմացան 7,5% հարկին։ Եթե գինը բարձրացնես, ապրանքը չի վաճառվի»։
Կառավարությանը խնդրում է վերանայել հարկային այս քաղաքականությունը․«Ուզում եմ մեզ կանչեն, լսեն, խորհրդակցենք, մի ընդհանուր հարկատեսակ որոշենք գյուղոլորտի, հատկապես կաթնամեթերքի արտադրության ոլորտի համար։ Մենք դեմ չենք հարկ վճարելուն։ Բոլորն էլ պետք է վճարեն, բայց գոնե խելամիտ լինի ու առանձնահատկությունները հաշվի առնեն։ Բայց եթե ես այսքան հարկ վճարեմ ու վերջում փակվեմ, այդ դեպքում ի՞նչ ենք շահելու, ի՞նչ է շահելու պետությունը»։

Վայոց ձոր, Ելփին գուղ, հայ-ադրբեջանական սահմանին մոտ
Նազարյանը նկատում է՝ գյուղը Ադրբեջանին սահմանակից է, ուղիղ գծով 3 կիլոմետր է հեռավորությունը, սակայն սահմանամերձ չի համարվում, համապատասխան արտոնություններ էլ չեն ստանում։
«Օրինակ այլ սահմանային գյուղերում էլեկտրաէներգիայի, գազի սպառման ու այլ տեսակի արտոնություններ կան։ Մեր համայնքները դատարկվում են։ Որպեսզի երիտասարդները չթողնեն գնան, ինչպես Արենիում բնակարաշինության արտոնյալ ծրագիր կար, մեր գյուղում էլ անեն։ կարգավիճակ է պետք, բնակարանաշինության հարցը լուծեն, արտոնություն տան, մատչելի պայմաններով տուն կառուցեն։ Եիրտասարդներն ասում են՝ գնամ դրսում աշխատեմ, որ գամ տուն սարքեմ, գնում են էլ հետ չեն գալիս։ Իսկ եթե տուն ունենան, ընտանիք կազմեն, մի հատ էլ բիզնեսի մասին կմտածեն ու չեն լքի գյուղը։ Էս սիրուն բնությունը ո՞ւմ թողնեն, գնան։ Արենիում այդ ծրագրի շնորհիվ Երևանից, Գյումրիից գալիս էին տուն սարքում»։
Այս տարի ադրբեջանցիները չեն կրակել գյուղի ուղղությամբ, բայց նախորդ տարիներին դեպքեր եղել են, նույնիսկ ադրբեջանական ԱԹՍ-ն ընկել էր գյուղի գերեզմատան մոտ։ Փխրուն խաղաղություն է, Արթուր Նազարյանն ասում է՝ մարդիկ գյուղը լքում են ոչ թե անվտանգության խնդիրների պատճառով, այլ՝ աշխատանք չունեն։
Ելփինը սահմանամերձ համայնքների ցանկում չէ։ Արթուր Նազարյանն անձամբ հարցը բարձրացրել, ստորագրահավաք է կազմակերպել, որպեսզի գյուղն այդ ցանկում ներառեն, մինչև վարչապետ խնդիրը ներկայացրել են․«Արդյունք չկա, ասում են՝ եթե էդպես լինի, Հայաստանի բոլոր գյուղերը սահմանամերձ կլինեն։ Եթե կարգավիճակ չեն տալիս, գոնե որոշ արտոնություններ սահմանեն։ Ադրբեջանցիները հենա, սարից էն կողմ նստած են։ Անցած, նախանցած տարիներին գուղի տների վրա են կրակել, իհարկե, փառք Աստծուն, բան չի եղել»։
Նելլի Բաբայան