Հայ կաթոլիկներն աշխարհի առաջին քրիստոնյա երկրում, որի բնակչության մոտ 94%-ը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է | Region

Հայ կաթոլիկներն աշխարհի առաջին քրիստոնյա երկրում, որի բնակչության մոտ 94%-ը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է

Մայիս 17,2025 19:00

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ Պետրոս Մելիքյանը ցույց է տալիս իր տոհմածառը, որը պատրաստել է իր ձեռքով՝ ուսումնասիրելով բոլոր արխիվներն ու իր նախնիների պատմությունը։ Գերդաստանի հիմնադիրը Պողոս պապն է, որը 17 տարեկան հասակում գաղթել է Արևմտյան Հայաստանի /ժամանակակից Թուրքիա/ Ալաշկերտ գավառից և հաստատվել է Արևելյան Հայաստանում՝ Շիրակի մարզում։

Պետրոս Մելիքյան

«Հիմնադիրը եղել է Պողոս պապը, իրենից շարունակվել են մեր սերունդները։ Նրա հորը սպանել են իր և մոր աչքի առաջ, և մայրը 17-ամյա որդու հետ փախել, եկել են այս գյուղը, որտեղ էլ տղան ամուսնացել է։ Այսպես էլ ստեղծվել և ճյուղավորվել է Մելիքյանների գերդաստանը»,-պատմում է 80-ամյա Պետրոս Մելիքյանը։

Պետրոս Մելիքյանը տեղյակ չէ, թե ինչու և ինչպես են իր նախնիները կաթոլիկություն ընդունել, բայց հստակ գիտի, որ նրանք տեղափոխվել են Ալաշկերտից։

Մեծ Սեպասարը համարվում է Հայաստանի՝ հայ կաթոլիկներով բնակեցված ամենամեծ գյուղերից մեկը։ Գյուղի հնաբնակ Պետրոս Մելիքյանի բազմանդամ ընտանիքը պատրաստվում է տոնական սեղանի շուրջ նշել Սուրբ Զատկի տոնը։

 

Պետրոս Մելիքյանն ընտանիքի անդամների հետ տոնական սեղանի շուրջ նշում է Սուրբ Զատկի տոնը

Մինչ այդ, գյուղի՝ 1880-ական թվականներին կառուցված եկեղեցում մասնակցել է Սուրբ Պատարագին, որը մատուցվեց Տեր Հովսեփ քահանա Գալստյանի ձեռամբ։ Վերջինս այդ արարողակարգը հերթականությամբ անցկացնում է Շիրակի մարզի մի քանի գյուղերի կաթոլիկ եկեղեցիներում։

Հայտնի է, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն։ Հայաստանը համարվում է մոնոէթնիկ պետություն։ Բնակչության մոտ 94%-ն իրեն համարում է Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, և շատերը նույնիսկ չգիտեն, որ իրենց կողքին ապրում են տասնյակ հազարավոր հայ կաթոլիկներ։

19-րդ դարի սկզբին՝ 1806–12թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքում առանձին ընտանիքներ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Կարին, Մուշ գավառներից եկել և հաստատվել են Արևելյան Հայաստանում։ Սակայն համայնքները ձևավորվել են ավելի ուշ՝ ըստ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Հովհաննիսյանի, 1928-29թ․թ․-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։

Կաթոլիկությունը տարածում է գտել հայերի շրջանում այն պատճառով, որ հայերը մշտապես ենթարկվել են թուրքերի և քրդերի արշավանքներին, հալածանքներին ու թալանին, իսկ Արևմուտքը նրանց պաշտպանություն է երաշխավորել` կաթոլիկություն ընդունելու պայմանով։

Արտակ Հովհաննիսյան

«Խմբային առումով Արևելյան Հայաստանի իրականության մեջ հայ կաթոլիկները հայտնվել են ռուս-թուրքական պատերազմներից հետո՝ մասնավորապես 1928-29թ․թ․-ի պատերազմից հետո՝ խուսափելով Օսմանյան սուլթանական կառավարության հալածանքներից։ Գաղթն արդյունք է ռուս-թուրքական պատերազմների, հայ կաթոլիկները չեն տեղափոխվել միայն կրոնական պատկանելության հիմքով, եկել են զուտ խուսափելու հետագա հալածանքներից։ Բոլոր ռուս-թուրքական պատերազմներից հետո եղել է բնակչության տեղափոխում այնտեղից այստեղ, և բնական է, որ նրանց մեջ եղել են հայեր, որոնք դավանել են կաթոլիկություն կամ բողոքականություն»,-նշում է պատմաբանը։

Հայր Ներսես Վարդապետ Գալստյան

Հայ կաթոլիկները կենտրոնացած են Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում, որտեղ, տարբեր տվյալներով, ապրում է 35-40 հազար կաթոլիկ։  Հայ Կաթողիկէ եկեղեցու ավագ երեց, առաջնորդական փոխանորդ  Հայր Ներսես Վարդապետ Գալստյանի խոսքով՝ հայ կաթոլիկները հիմնականում կենտրոնացած են Լոռվա մարզում՝ Տաշիրում և Ստեփանավանում, և մեծամասամբ Շիրակի մարզում, սակայն տարիների ընթացքում բնակավայրերի փոփոխությունը առիթ է հանդիսացել, որ համայնքը տարածվի դեպի մյուս մարզեր և մայրաքաղաք Երևան։

Տաշիր․ Հայ կաթոլիկներով բնակեցված ամենամեծ համայնքներից մեկը

Հոգևորականի պնդմամբ՝ ՀՀ-ում հայ կաթոլիկների թիվը տատանվում է 200-250 հզր․-ի սահմաններում, սակայն պատմաբան Արտակ Հովհաննիսյանն այլ հաշվարկներ և այլ կարծիք ունի։  «Ես չեմ կարծում, որ ՀՀ տարածքում այդ թիվը կարող է գերազանցել 50․000-ը, վերջիվերջո բոլորս գիտենք, թե կաթոլիկ համայնքները որ բնակավայրերում են և այդ բնակավայրերն ինչքան բնակչություն ունեն»,-ընդգծում է պատմաբանը։

Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների զանգերի ղողանջները երբեմն հնչում են միաժամանակ՝ միաձուլվելով Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի՝ Գյումրիի երկնքում։ Գյումրին նաև Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է, որտեղ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները գտնվում են իրարից մոտ 300 մետր հեռավորության վրա։

Տեսարան Գյումրիի կենտրոնից

Կաթողիկոս Վազգեն 1-ին

Ընդհանրապես ՀՀ-ում 2 եկեղեցիների միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ, որն ամրագրել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Վազգեն 1-ինը։ Վեհափառը 1991 թվականին Էջմիածնում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցու կողքին դարեր շարունակ գործել է Կաթոլիկ եկեղեցին, որը ԽՍՀՄ ռեժիմի պարտադրած դադարից հետո կարող է սկսել իր գործունեությունը Հայաստանում։

Հայ կաթոլիկներին Հայաստանում կոչել են «ֆրանգներ»։ Նրանք բարի, խաղաղասեր և աշխատասեր մարդիկ են, որոնք հիմնականում  պահպանում են իրենց ավանդական սովորույթները, խոսում են Մշո բարբառով՝ Ալաշկերտի խոսվածքով։

«Հայ կաթոլիկների բարբառը դա Մուշի և Կարինի բարբառն է, բայց տեղացիներն ասում են ֆրանգերեն»,-նշում է առաջնորդական փոխանորդ  Հայր Ներսես Վարդապետ Գալստյանը։

Ըստ պատմաբան Արտակ Հովհաննիսյանի՝ քանի որ կաթոլիկ համայնքի ձևավորման, ընդարձակման, ֆինանսավորման  հիմնական հովանավորը Ֆրանսիան էր, այդտեղից առաջացել է «ֆրանգսիացի» բառը, որը ձևափոխվելով դարձել է «ֆրանգ»։

Հատկանշական է, որ «ֆրանգները» բնակվում են նաև հարևան Վրաստանում՝ հարավային Սամցխե-Ջավախեթի շրջանում, որտեղ կոմպակտ բնակվում են հայերը։

Նորաշեն գյուղը, որտեղ բնակվում են հիմնականում Ալաշկերտից գաղթած հայերի սերունդները

«21-րդ դարում աշխարհը մի քիչ ուրիշ է, բայց ժամանակին այդ «ֆրանգ» հասկացողության համար բավականին վեճեր են եղել, փորձել են մեկը մյուսին վիրավորելու համար «ֆրանգ» անվանել, բայց բացարձակ վիրավորանք չկա, և «ֆրանգ» լինելը ոչ թե ազգություն է, կամ կրոն, կամ դավանական պատկանելություն, այլ ուղղակի մականուն է, որ կպցրել են տվյալ համայնքին»,-շարունակում է վարդապետը։

Հայ կաթոլիկ եկեղեցու ծիսակարգը նման է Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգին, պատարագը մատուցվում է գրաբարով,արևմտահայերենով։ Ի դեպ, Հայ կաթոլիկ եկեղեցում անցկացվող արարողություններին կարելի է տեսնել տարբեր ազգությունների հավատացյալների՝ արաբ մարոնիտ քրիստոնյաների, հնդիկ կաթոլիկների և այլն։

Եկեղեցական երգչախմբի երգչուհիները Սուրբ Պատարագի ժամանակ

Արվինդը և Աքիլան Հնդկաստանից են, սովորում են Հայաստանում՝ բժշկական ֆակուլտետում։

«Հնդկաստանից եմ, այստեղ եմ 3 տարի, և ամեն կիրակի գալիս եմ այս եկեղեցի։ Մեր եկեղեցիների տարբերությունն այն է, որ մենք խաղաղություն ենք փոխանցում գլուխ խոնարհելով, իսկ այստեղ իրար ձեռք են սեղմում»,-նշում է Արվինդը։

Աքիլան շարունակում է․ «Ես Հնդկաստանից եմ, 6 տարի սովորում եմ բժշկություն, 6 ամիս այստեղ եմ՝ Հայաստանում, շատ եմ սիրում այս եկեղեցին, դրա համար գալիս եմ այստեղ»։

Հնդիկ ուսանողները մասնակցում են Սուրբ Պատարագին

Նրանք, հարյուրավոր հայ հավատացյալների հետ, Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում նշում են Ծաղկազարդը, մասնակցում Սուրբ. Պատարագին։ Ծանոթ են բոլոր եկեղեցական արարողություններին, նաև Սուրբ Դռան մուտքի արարողակարգին, որն այս տարի մատուցվեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ եկեղեցու առաջնորդ Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանի ձեռամբ։ Այս արարողությանը մասնակցում էին շուրջ 300 երիտասարդներ՝ Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից՝ իրենց հոգևոր հովիվների հետ միասին:

Հայաստանի հյուսիսային շրջաններում ապրող հայ կաթոլիկների բարբառը տարբերվող է, ավանդույթները՝ ոչ։ Նման են սովորույթները, կենցաղը, խոհանոցը և այլն։ Ինչպես նշում է պատմաբան Արտակ Հովհաննիսյանը, միանշանակ ազգային դիմագիծը պահպանվել է՝ և ծիսակարգի մեջ, և ժամասացության մեջ, և կերակրատեսակների և այլնի մեջ։

Օրինակ, նորապսակների պսակադրության, հարսանիքի արարողությունները ոչնչով չեն տարբերվում։ Մեծավան գյուղում հարսանիք էր։ Վաղինակ Սուքիասյանն ամուսնացրել է որդուն։ Նա ցույց չի տալիս, բայց այսօր աշխարհի ամենաերջանիկ մարդն է, ամենաերջանիկ հայրը։ Ապրում են Ռուսաստանում, սակայն որոշել են նորապսակների հարսանիքն անցկացնել իրենց ծննդավայրում, պսակադրվել իրենց հին եկեղեցում։

«Տղայիս ու հարսիս նշանել եմ Ռուսաստանում, բայց ասացի՝ չէ, հարսանիքը պիտի անեմ իմ հայրենի հողում, բերեցի ստեղ, պսակադրեցի։ Մենք Ռուսաստանում՝ այն քաղաքում, որտեղ ապրում ենք, այնտեղ էլ եկեղեցի ունենք․ պատարագի, մոմավառության, հարսանիքի, ամեն ինչի մասնակցում ենք, Զատիկը, ամեն ինչ նշում ենք, ոնց որ պետք է։ Մեր պապերը հավատքով մարդիկ են, մենք էլ իրենց պես»,-նշում է փեսայի հայրը։

Վաղինակ Սուքիասյան

Մեծավանը Հայաստանի՝ կաթոլիկ հայերով բնակեցված ամենամեծ գյուղն է։ Գյուղի բնակչության հիմնական մասը 1820-30 թ․թ․-ին գաղթել է Ալաշկերտից:  Մեծավանում կա 2 գործող, բարեկարգ եկեղեցի՝ Առաքելական և Կաթոլիկ։

Հովիկ Մարկոսյան

Ինչպես նշում է Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը, իր համար տարբերություն չկա․ եկեղեցին եկեղեցի է, հայը՝ հայ։ «Երկու եկեղեցի էլ մտնում եմ, երկու եկեղեցիների հոգևոր հովիվների հետ էլ շատ լավ հարաբերություններ ունենք՝ և՛ տեր Ներսեսի, և՛ տեր Արտավազդի»,-շարունակում է գյուղապետը։

Գյուղի հնաբնակներից Պարգև Հարությունյանը ծնվել և ամբողջ կյանքն անցկացրել է Մեծավանում, լավ գիտի գյուղի և ամբողջ տարածաշրջանի պատմությունը, մարդկանց, ավանդույթներն ու ինքնատիպ սովորույթները։ «Ալաշկերտից եկած մեր ազգային ավանդույթների մեծամասնությունը պահպանվել է, մեր մոտ նախկինում հարսանիքը կտևեր 4-5 օր, ուրբաթ օրը մսացու էր, շաբաթ՝ հարսանիք, կիրակի՝ խաշ, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի դեռ շարունակվում էր։ Հիմա շատ են փոխվել սովորույթներն ու ավանդույթները, ավելի ժամանակակից մեթոդներով են անում ամեն ինչ»,-պատմում է Պարգև Հարությունյանը։

Մեծավանցի Պարգև Հարությունյանը պատմում է իրենց ավանդույթների և ինքնատիպ սովորույթների մասին

Սակայն իր մայրերի և տատերի հին մեթոդը չի փոխել Արևիկ գյուղի բնակչուհի Անահիտ Զաքարյանը, որն ավանդական լավաշը թխում է թոնրի մեջ։ Հայկական խոհանոցի շատ կարևոր բաղադրիչ է լավաշը, որը 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Հիմա շատերը գազով, էլեկտրաէներգիայով աշխատող սարքերով են պատրաստում այդ հացատեսակը։ Անահիտն այն եզակի մարդկանցից է, ով չի փոխել իր նախնիների «ձեռագիրը»։

«Թոնիրը վառում ենք փայտով ու աթարով․ շատ դժվար գործ է, ամեն մարդ չի կարող կրակի դիմաց ժամերով նստել, բայց անում ենք, քանի որ վերջում լավ արդյունք ենք ստանում՝ ամենահամեղ լավաշը»,-նշում է իր գործի վարպետը։

Մի խոսքով, հայ կաթոլիկները փորձում են հնարավորինս պահպանել սովորույթներն ու ավանդույթները, սակայն այն շրջաններում, որտեղ նրանք բնակվում են, լուրջ խնդիրներ ու խոչընդոտներ կան՝  խիստ կլիմայական պայմաններ, ենթակառուցվածքների, աշխատատեղերի բացակայություն և այլն: Երիտասարդներից շատերը լքում են գյուղերը, ինչն ավելի է սրում ժողովրդագրական խնդիրները։  Վերջին 3 տասնամյակում հարյուրավոր ընտանիքներ հեռացել ու հաստատվել են այլ երկրներում, և, բնականաբար, գյուղում փակ դռներ շատ կան։ Հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունը կամ ոչ եկամտաբեր աշխատանքն է։

«Խորհրդային Միության տարիներին, երբ նրանք գնացել են արտագնա աշխատանքի, այնտեղ ձևավորել են մի հասարակություն, մի միջավայր՝ ֆինանսական, սոցիալական, և այսօր էլ տեղափոխվում են այնտեղ բնակվելու։ Սա կանխել, իմ կարծիքով, շատ դժվար է, կանխելու համար առաջնահերթ  քայլերից մեկը պետք է լինի Հայաստանի ծայրամասային շրջաններում զարգացումը դնել բարձր աստիճանի»,-ասում է Հայր Ներսես Վարդապետ Գալստյանը։

Նույնն է վիճակը նաև Սարչապետ գյուղում, որը սահմանակից է Վրաստանին։ Հիմնականում հայ կաթոլիկներով բնակեցված այս գյուղում ևս աշխատատեղ չկա։ Բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ, որը եկամտաբեր չէ, և երիտասարդները նախընտրում են ուրիշ աշխատանքով զբաղվել Ռուսաստանում  և այլ երկրներում։

Նոդար Բարոյան

Ինչպես նշում է գյուղի հնաբնակներից Նոդար Բարոյանը, գյուղում նախկին եռուզեռն ու աշխուժությունը չկա։  «Նախկինում գյուղի տղամարդիկ գարնանը գնում այլ երկրներում աշխատում էին, աշնանը վերադառնում, հիմա գնում են ու մնում ընդեղ․ սրտի ցավով եմ ասում՝ հետո էլ ընտանիքն է տանում այնտեղ»,-պատմում է Բարոյանը։

Բլագոդարնոյե գյուղում ևս բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։ Վաղ առավոտից ուշ երեկո աշխատում են, դժվարությամբ վաստակում իրենց օրվա ապրուստը, իսկ իրացվող գյուղմթերքի գինն անհամաչափ է այդ ծանր աշխատանքի հետ։

Այս գյուղը, որտեղ ևս հայ կաթոլիկներ կան ապրող, գտնվում է Տաշիր համայնքի կազմում։ Բնակավայրը հիմնել են ռուս մոլոկանները։

Ընդհանրապես Տաշիրի տարածաշրջանում բնակվել են հազարավոր ռուս մոլոկաններ։ Նրանք կրոնական փոքրամասնություն են եղել Ռուսական կայսրությունում և համարվել են «վնասակար հերետիկոսներ»։ Շատ մոլոկաններ 19-րդ դարի կեսերին հետապնդվել և աքսորվել են Հայաստան։

Վասիլի Յակուշև

Ռուսները վերջին տասնամյակներին լքել են տարածաշրջանի այն գյուղերը, որտեղ ժամանակին մեծ թիվ էին կազմում։ Վասիլի Յակուշևը ծնվել և մինչ օրս ապրում է Տաշիր քաղաքում։ Նրա հայրն ու պապը ևս ծնվել են այստեղ։ Ասում է՝ իր նման տարեց ռուսներն են մնացել այստեղ՝ քաղաքում և տարածաշրջանի գյուղերում, նրա հաշվարկներով, ընդամենը 30 մարդ։ 

Չնայած առկա դժվարություններին և մարտահրավերներին, Հայաստանի ամենահյուսիսային շրջանների աշխատասեր և հյուրընկալ բնակիչները շարունակում են կպած մնալ իրենց հողին, աշխատել և արարել՝ իրենց ունեցածը կիսելով հարևանի և հյուրի հետ։ Ապրում են ավելի շեն ու գեղեցիկ բնօրրան ունենալու հույսով, և այն փափագով, որ այլ երկրներում ապրող իրենց բարեկամներն ու հարևանները մի օր կորոշեն վերադառնալ Հայաստան։

 

Հեղ․՝ Էդուարդ Մխիթարյան

REGIONS TV

Նորություններ