«ԱՄՆ-ն իր գնահատականն ունի, ՀՀ-ն՝ իր, այդ գնահատականները կարող են չհամընկնել»․Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի՝ մեր տարածաշրջանում հնարավոր պատերազմի վերսկսման հայտարարության մասին

Ի՞նչն է պատճառը, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրում, երբ հայտարարվել է, որ ստորագրելու համար այլևս խոչընդոտ չկա։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս հարցին հստակ պատասխան չտվեց։ Նա միայն հիշեցրեց, որ կողմերը հայտարարել էին, որ խաղաղոսւթյան պայմանագրի տեքստը վերջնականացված է և մնացել է միայն ստորագրել այն․«Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագերլու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի պայմանագիրը ստորագրվի»։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հրապարակային պայմաններ է առաջ քաշում՝ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ Սահամանդրությունում փոփոխություններ՝ Անկախության հռչակագրի դրույթը Սահմանադրությունից հանել։ Մինսկի խմբի լուծարմանը հայկական կողմը դեմ չէ, ՀՀ-ն առաջարկել է լուծարման մասին դիմումը ստորագրել պայմանագրի ստորագրման նույն օրը։ Իսկ ՀՀ Սահմանադրության մասին էլ Հայաստանը հայտնել է, որ ՀՀ ՍԴ-ի որոշմամբ՝ ՀՀ Սահամանդրությունը տարածքային պահանջներ չի ներկայացնում հարևան պետություններին։
Ադրբեջանը շարունակում է կրակել սահմանին, այսօր՝ նույնպես, իսկ Հայաստանը խոսում է խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։ Այս դիտարկմանն ի պատասխան Գրիգորյանն ասաց՝ առավոտվա կրակոցների մասին լուրերին դեռ չի հասցրել ծանոթանալ․«Սահմանային միջադեպերի հետ կապված՝ մենք շարունակում ենք Ադրբեջանին առաջարկել դրանց հետաքննության համատեղ մեխանիզմներ ստեղծել»։
Վերջին օրերին ԱՄՆ-ն և ՌԴ-ն հայտարարել են Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերսկսման վտանգ կա։ Այս առնչությամբ էլ ԱԽ քարտուղարն ասաց, որ ամերիկացիներն իրենց գնահատականն ունեն իրավիճակի շուրջ, Հայաստանն՝ իր․«Այդ գնահատականները կարող են չհամընկնել, տեղի է ունեցել միջադեպ, և մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ»։
Նա նաև հիշեցրեց վարչապետի հայտարարությունը՝ «տարածաշրջանում պատերազմ չի լինելու», ապա հավելեց՝ շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։
Նրա խոսքով․«Խաղաղության կառուցման գործընթացում մենք արձանագրել ենք առաջընթաց, իհարկե, ոչ բոլոր խնդիրներն են լուծվել, չենք կարող ասել, որ խաղաղության ողջ օրակարգն ամբողջությամբ իրականացվել է, բայց այս հարցում կան արդյունքներ»։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, նա ասաց՝ սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չի մնում, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը կապի մեջ են եւ շարունակում են աշխատել առաջ շարժվելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ սահմանազատված 12,7 կիլոմետր սահմանի երկայնքով տեղակայված են սահմանապահ զորքեր, եւ վերջին հինգ տարվա ընթացքում այս հատվածներում գրանցվել է միայն մեկ միջադեպ․«Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանազատումը շարունակվի և հավելյալ սահմանազատված սահման ունենանք և հավելյալ սահմանապահ զորքերի տեղակայում ունենանք, որպեսզի կայունություն լինի»։
Նա վստահեցրեց, որ համաձայն վերջին պայմանավորվածության՝ սահմանազատումը շարունակվելու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանի հատման կետից «մի փոքր ցածր» հատվածից։