«Մեծ է հավանականությունը, որ ՌԴ-ում և ոչ միայն, կան շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների և պատերազմի հետևում են կանգնած»․Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին ՌԴ աջակցության մասին

Տարածաշրջանում լարված իրավիճակով պայմանավորված՝Իրան–Իսրայել հակամարտության ուժգնությամբ պայմանավորված արդյոք վարչապետը անվտանգության խորհրդի նիստ հրավիրե՞լ է, քննարկե՞լ են մարտահրավերները։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին, ասաց, որ անվտանգության խորհրդի նիստ պարբերաբար է հրավիրում։ Նա նշեց, որ վերջին երեք շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում, չորս, հինգ, վեց անգամ հրավիրվել են նիստ, պարզապես հաղորդագրություններ չեն լինում։
«Բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված և Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար»,-ասաց Փաշինյանը։
Նա կրկնեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը․«Ինչպես ասել եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։
Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունքի գյուղերի վրա, լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան Փաշինյանն ասաց․«Մենք ասել ենք՝ հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին, և մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ և փորձում ենք ստեղծել այն միջավայրն ու պայմանները, որ դա հնարավոր լինի: Այո՛, ՀՀ շուրջ կան սպառնալիքներ, այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունն այն է, որ ՀՀ համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել: Հիմա ՀՀ-ն սպառնալիքները կառավարելու և հնարավորություններն օգտագործելու ավելի մեծ կարողություններ ունի»:
Հարցին՝ արդյոք ունի տեղեկություններ, որ Կաթողիկոսը Մինսկում հանդիպել է Լուկաշենկոյի և Գագիկ Ծառուկյանի հետ, Փաշինյանը վստահեցրեց՝ չունի նման տեղեկություններ։
Անդրադառնալով դիտարկմանը, թե որոշ գործիչներ իշխանության աջակիցները, Սամվել Կարապետյանի հայտարարությունը գնահատում են, որպես ՌԴ-ից իր իշխանության դեմ սկսված հիբրիդային պատերազմ, Փաշինյանն ասաց, որ փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունի ՌԴ նախագահի և կառավարության ղեկավարի հետ․«Ես չեմ կարող հավատալ, որ Կրեմլից, կամ ՌԴ կառավարությունից՝ «Սպիտակ տնից» կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ տեղի ունենան, բայց չեմ բացառում և մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ և, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում, կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների և պատերազմի հետևում են կանգնած»։
Ապա հավելեց․«Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր կարողությունները կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը և ոչ միայն հիբրիդային ռիսկերը»։