Փառք Աստծո, կարողացանք ընդհանուր հայտարարի գալ Եղիշե Մելիքյանի հետ․ Թիկնիզյան
Վերջին շրջանում հայկական ֆուտբոլային հանրության ներսում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և Նաիր Թիկնիզյանի միջև հնարավոր տարաձայնությունների մասին։
Սակայն, ինչպես վկայում է հենց ինքը՝ ֆուտբոլիստը, մարզչի հետ կայացած դեմառդեմ հանդիպումից հետո բոլոր հարցերը ստացել են իրենց դրական հանգուցալուծումը։
— Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի հավաքականի շանսերը Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Ո՞ր հանդիպումներն են լինելու վճռորոշ։
— Հայաստանի հավաքականի շանսերի վերաբերյալ ոչ մի կանխատեսում անել չեմ ցանկանում։ Մեզ համար կարևոր է խոսքերից անցնել գործի։ Պետք է լավ աշխատել ամռանը, ապա հավաքվել սեպտեմբերին և արդեն կոնկրետ լուծել մեր առջև դրված խնդիրները։ Ինչ վերաբերում է առանցքային խաղերին, ապա հավաքականում յուրաքանչյուր հանդիպում վճռորոշ է։
— Վերջերս գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ժամանել էր Սերբիա՝ ներկա գտնվելու քո խաղին։ Մինչ այդ խոսվում էր ձեր միջև առկա տարաձայնությունների մասին. հաջողվե՞ց հարթել հարաբերությունները։
— Հավաքականի գլխավոր մարզիչը Սերբիա էր եկել առաջին հերթին իմ խաղին հետևելու և մարզավիճակս գնահատելու նպատակով։ Խաղից հետո մենք հանդիպեցինք և մոտ չորս ժամ զրուցեցինք ֆուտբոլային տարբեր թեմաների շուրջ։ Այն, որ մեր միջև փոքրիկ տարաձայնություններ կային, միանգամայն նորմալ է։ Նույնիսկ լավ է, երբ միևնույն հարցի շուրջ մի քանի կարծիք է լինում։ Փառք Աստծո, մեզ պարզապես հաջողվեց ընդհանուր հայտարարի գալ, և վերջ։ Ուստի հիմա ոչ մի տարաձայնության մասին խոսք լինել չի կարող։
— Ի՞նչ է քեզ համար նշանակում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Հատուկ պատասխանատվություն զգո՞ւմ ես։
— Ինձ համար դա մեծ պատիվ է։ Դա նշանակում է ներկայացնել մի փոքրիկ ազգի, որն ուրախանում է անգամ ամենափոքր հաղթանակներով։ Մենք այնքան էլ հաճախ չենք հաղթում, բայց երբ հաջողվում է, ես զգում եմ, թե ինչպես են աշխարհի բոլոր հայերը, մեծամասամբ, հպարտություն ապրում։ Եվ դա ինձ անչափ ուրախացնում է։
Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա, անշուշտ, այժմ ես հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն եմ, և դա ինձ վրա կրկնակի պատասխանատվություն է դնում։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է առաջնորդ լինել և՛ խաղադաշտում, և՛ դրա սահմաններից դուրս։
— Հետևո՞ւմ ես արտերկրում հանդես եկող հայ այլ ֆուտբոլիստների ելույթներին։ Նրանցից ո՞վ է քեզ առանձնապես տպավորում։
— Բնականաբար, երբեմն դիտում եմ իմ հայրենակիցների, հավաքականի թիմակիցներիս խաղերը։ Հաճախ եմ հետևում Արթուր Միրանյանի և Էդգար Սևիկյանի ելույթներին։ Երբեմն նայում եմ նաև Վահան Բիչախչյանի հանդիպումների ամփոփումները։ Այս բոլոր տղաներն ինձ դուր են գալիս իրենց խաղային ոճով։ Իհարկե, Էդուարդ Սպերցյանն իմ շատ մտերիմ ընկերն է։ Մենք նրա հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ինչպես և հավաքականի բոլոր տղաների հետ, բայց նա ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ մենք իրար շատ վաղուց ենք ճանաչում։
