Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր | Region

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ապրիլ 25,2026 21:25

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ նվաճեց։ 65 կգ քաշայինների պայքարում Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը չափեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաշիդ Բաբազադեի հետ և 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով՝ կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Հայ մարզիկը մրցաշարը սկսել էր հաղթանակներով: Որակավորման փուլում Թևանյանը 5-2 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզուևի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 2-1 հաշվով պայքարից դուրս էր թողել բուլղարացի Շամիլ Մամեդովին: Կիսաեզրափակիչի լարված գոտեմարտում նա 3-3 հաշվով ավարտեց պայքարը Ռուսաստանի ներկայացուցիչ Բաշիր Մագոմեդովի հետ և զիջեց մրցակցին միայն վերջին միավորը տանուլ տալու կանոնի հետևանքով՝ ստանալով բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայաստանի ազատոճայինների հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր էր դարձել նաև 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, որը երրորդ տեղի համար գոտեմարտում 18-6 հաշվով կամային հաղթանակ էր տարել Ազամատ Տուսկաևի նկատմամբ։

Նորություններ