Այսօր Սուրբ Զատիկն է՝ Քրիստոսի հարության տոնը
Մարտ 31,2024 10:00
Քրիստոնեական ողջ աշխարհի համար ամենամեծ եւ սիրելի տոնը Զատիկն է։
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Զատիկը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկն է։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի` Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Զատիկը hայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։
Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024