Հարավային Կովկասում կայունության ապահովման գործոն է ռուսական 102-րդ ռազմաբազան․ ՌԴ դեսպանություն
Ապրիլի 3-ը Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրն է։ Այդ կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը․
«32 տարի առաջ՝ 1992 թվականի ապրիլի 3-ին, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության՝ հետխորհրդային երկու նոր պետությունների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Այս համաձայնագիրը նոր փուլի սկիզբ դրեց մեր երկրների փոխհարաբերություններում, որոնց ժողովուրդները մշտապես միմյանց վերաբերվել են առավել բարեկամական և ջերմ զգացմունքներով: Այս հիմնական փաստաթղթից ընդամենը մի քանի տարի անց երկու երկրների միջև ստորագրվեց բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր, և դա պատահական չէ:
Ռուսաստանը մշտապես հատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմանը՝ որպես դաշնակից և կարևոր գործընկեր: Նաև ընդհանուր ավանդական արժեքներին և ազգային ինքնությանը հավատարիմ մեր ժողովուրդները միշտ բաց են եղել և շահագրգռված են փոխադարձ երկխոսության համար։ Անցած ժամանակի ընթացքում մենք մեծ ճանապարհ ենք անցել։ Դրական, կառուցողական փոխգործակցության անգնահատելի փորձ է կուտակվել՝ ի շահ երկու շահագրգիռ կողմերի:
Մեր փոխհարաբերություններում շատ կարևոր դեր է խաղում նաև անվտանգային ոլորտը։ Հայաստանում և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում կայունության ապահովման անգնահատելի գործոն շարունակում է մնալ ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահների ներկայությունը:
Ռուսաստանն ու Հայաստանը գտնվում են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում։ Մենք համագործակցում ենք ՄԱԿ-ի կառույցներում, միջազգային այլ ձևաչափերում։ Մեր երկրների միջև գործում են ամենատարբեր ոլորտներում համագործակցության շուրջ երկու հարյուր համաձայնագրեր։ Գործում են երկկողմ համագործակցության բազմաթիվ մեխանիզմներ գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսական և ռազմատեխնիկական, վերջացրած միջտարածաշրջանային կապերով և երիտասարդական համաժողովներով:
Դինամիկ զարգանում է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է՝ արտաքին առևտրում 35,4 տոկոս ընդհանուր մասնաբաժնով, ինչպես նաև առանցքային ներդրող՝ ավելի քան 40 տոկոս տեսակարար կշռով։ Երկկողմ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2023 թվականի 11 ամիսների ընթացքում կազմել է 6,3 մլրդ դոլար։ (40,8% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Հանրապետության տնտեսության առաջատար ճյուղերում գործում են ռուսական կապիտալի 100 տոկոսանոց կամ մասնակի մասնակցությամբ ավելի քան 40 խոշոր ձեռնարկություններ, որոնցից շատերը Հայաստանի խոշորագույն հարկատուներն ու գործատուներն են: Տեղական ձեռնարկատերերն ավանդաբար մեծ ուշադրություն են դարձնում բիզնեսի սոցիալական պատասխանատվությանը, իսկ նրանց կողմից բացված ձեռնարկությունները Հայաստանի բիզնես լանդշաֆտի անբաժանելի մասն են և իրենց ներդրումն են ունենում հանրապետության զարգացման գործում:
Հատկանշական է, որ Միության երկրների շարքում 2023 թվականին տնտեսական աճի տեմպերով առաջատարը հենց Երևանն է։ Նախորդ տարի Հայաստանի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ աճել է 41%-ով և կազմել 3,6 մլրդ դոլար։
Ս.թ. հունվարի 1-ից Միության նախագահությունը Մոսկվայից անցել է Երևանին: Գոհունակությամբ նշում ենք, որ վարչապետ Ն.Վ.Փաշինյանի կողմից ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ներկայացված հայկական նախագահության առաջնահերթ ուղղությունները մեծապես համահունչ են Եվրասիական տնտեսական ինտեգրման վերաբերյալ մեր տեսակետներին: Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունը աջակցում է գործընկերոջ երկրի տրամադրվածությանը արդյունավետ աշխատանքի համար և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
Անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել։ Փոխվել են և երկրները, և աշխարհը, որտեղ մենք ապրում ենք։ Ցավոք, մեր շփման մեջ կան և հակասություններ, և փոխադարձ պահանջներ։ Սակայն երկկողմ հարաբերությունների հիմքը մնում է նույնը։
Ռուսաստանի և Հայաստանի սերտ, դաշնակցային կապերը, փոխգործակցությունը բոլոր ոլորտներում այն է, ինչը համապատասխանում է ինչպես ռուսների, այնպես էլ հայերի արմատական, իրական շահերին: Համոզված ենք, որ Մոսկվայի և Երևանի ուղիղ երկխոսության արդյունքում կուտակված անհավասարակշռությունների շտկումը, դաշնակցային նորմալ հարաբերություններին վերադառնալը ոչ միայն հնարավոր է, այլև միակ խելամիտ որոշումն է»,- ասվում է ուղերձում։