Հալիձորի բերդ. իրականության ու ֆիլմում ներկայացվածի տարբերությունները | Region

Հալիձորի բերդ. իրականության ու ֆիլմում ներկայացվածի տարբերությունները

Ապրիլ 09,2024 15:47

Հալիձորի մասին հայտնի դարձած մի պատում է սոցիալական կայքերում շրջանառվում ու հիշեցնում, որ հայոց բերդերն անառիկ են մինչ այն պահը, երբ բացվում են ներսից:

Հալիձորի բերդն այսօր էլ ռազմական մկրտության ու երդման վայր է. ամեն տարի «Դավիթբեկյան խաղեր» կոչվող ռազմամարզական մրցման մասնակից 100-ից ավելի պատանիներ հենց այստեղ են երդվում՝ լինել ազգանվեր ու հայրենատեր:

Պատմական հայտնի դեպքերի վկա ու թատերաբեմ հանդիսացած բերդն այսօր նորոգված է, սակայն այցելուներ շատ քիչ ունի: Այն զբոսաշրջիկների համար, իհարկե, հետաքրիր է, բայց դեպի բերդ տանող կածանը նեղ է, երբեմն էլ դժվարանցանելի, ու հնարավոր է հասնել միայն ամենագնացներով: 2005-2009 թվականներին այստեղ իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ:

Բերդից դեպի Կապան հրաշալի տեսարան է բացվում:

Կապանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Դավիթ Հակոբյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց բերդի մասին իրականության ու ֆիլմում ներկայացվածի տարբերություններն ու հակասությունները: Նրա խոսքով՝ հիմնական գաղափարը պահպանված է, բայց քանի որ նկարահանվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ավելացվել են դրվագներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, օրինակ՝ վերջին պահին ռուսների օգնության հասնելը:

Դավիթ Հակոբյանի խոսքով՝ պատմագրության մեջ նման ոչ մի հիշատակում չկա: «Այդպիսի խեղաթյուրումներից մեկն էլ Մխիթար սպարապետի՝ ռամիկի որդի լինելն է, ինչը պարզապես անհնարին է, քանի որ 18-րդ դարում ռամիկի որդին սպարապետ չէր կարող կոչվել»:

Ֆիլմում բերդի հանձնումն է ու ամոթալի անկումը, այնինչ Հալիձորի ճակատամարտը, որը Դավիթ Բեկի հզոր ռազմական ունակությունների հաստատումն էր, նման ուշադրության չի արժանացել:

Շուրջ 2 ամիս անց Հալիձորի բերդում կհավաքվեն պինդ և կարող պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից, կերդվեն՝ հավատարիմ մնալ Դավիթ Բեկի ուխտին, կզինավառվեն, ավելի շատ կսիրեն Սյունիքը, կհասկանան, թե ինչու էր Նժդեհը Սյունիքը մեր երկրի ողնաշարը համարում: Ոգին և զորությունը, որ տալիս է այս բերդը, զգացողությունը, որ դու ես երկրիդ տերը, իր հետ տարել է յուրաքանչյուր ոք, ով եղել է այստեղ:

Էդիտա Գալստյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ