Մզկիթները քանդել է Ադրբեջանի Կենտկոմը։ 67 մզկիթի ավերումը հորինվածք է՝ հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու համար»․Արևիկ Պետրոսյան | Region

Մզկիթները քանդել է Ադրբեջանի Կենտկոմը։ 67 մզկիթի ավերումը հորինվածք է՝ հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու համար»․Արևիկ Պետրոսյան

Սեպտեմբեր 19,2026 21:15

«Օտարերկրյա դիվանագետների այցը Գանձասար և Դադիվանք պայթեցրեց մեր սոցցանցերն ու ի ցույց դրեց նրանց ակնհայտ անիրազեկությունը։ Ենթադրենք՝ Հիքմեթ Հաջիևն էժանագին սենսացիաների հետևից ընկած տգետ է, բայց մի՞թե եվրոպացի դեսպանները, դիվանագետները՝ Եվրոպայում մեծացած ու ապրող մարդիկ, չգիտեին այս տարածաշրջանում հայերի ներկայության և հարուստ հայկական մշակութային ժառանգության մասին։ Եթե չգիտեին, ապա սա արդեն ոչ թե ծիծաղելի է, այլ շատ ցավալի»,-այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանը՝ մեկնաբանելով Հաջիևի հայտարարությունները Գանձասարում։

Պետրոսյանը նշեց, որ ադրբեջանական կողմի նման քայլերը, այդ թվում՝ օտարերկրյա դիվանագետների համար «ցուցադրական» այցերի կազմակերպումը, նպատակ ունեն վերագրելու պատմությունը և մշակութային յուրացման վերաբերյալ կեղծ թեզեր շրջանառելու։

Սեպտեմբերի 11-12-ը Բաքուն Արցախում ցուցադրական միջոցառում էր կազմակերպել օտարերկրյա դիվանագետների, այդ թվում՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մասնակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչ Հիքմեթ Հաջիևը տեսանյութ էր հրապարակել դիվանագետների՝ Գանձասար և Դադիվանք այցերից, որի ընթացքում հայտարարել էր, թե դրանք «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են։

Գանձասարի «Մատենադարանի» ցուցասրահում Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել իբրև թե հին հայկական գրքեր, որոնք, սակայն, իրականում ձեռագրերի կրկնօրինակներն էին։ Բացելով դրանցից մեկը՝ Հաջիևը թերթել էր այն և դիվանագետներին ցույց տվել դատարկ էջեր, ինչին ներկա դիվանագետներն ու պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով։

Հիշեցնենք, որ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, արձագանքելով Հաջիևի հայտարարությանը, նշել էր. «Մեր ձեռագրերում դատարկ էջեր չկան։ Ոչ մի բնօրինակ երբևէ Գանձասար չի տեղափոխվել՝ հաշվի առնելով անվտանգության և ձեռագրերի պահպանման համակարգի բացակայությունը։ Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները։ Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահվում է Մատենադարանում։ Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի ու դեսպանի, ով թեկուզ մեկ տոկոսով կասկածում է դրանց իսկությանը»։

Մագդալենա Գրոնոն Արցախ այցից հետո սոցիալական ցանցում գրել էր․ «Կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»: Այս հայտարարությունից հետո հայ հանրությունը խիստ քննադատռեց նրան։  Ապա նա Երևանում հանդես եկավ հայտարարությամբ. «Ես որևէ կերպ չեմ ժխտում և կասկածի տակ չեմ դնում անցյալում այս տարածաշրջանում հայերի ներկայության և հարուստ հայկական մշակութային ժառանգության փաստը։ Ավելին, պետությունները պարտավոր են պահպանել ու պաշտպանել մշակութային և կրոնական ժառանգության բոլոր օբյեկտները»։

Ի պատասխան Գրոնոյի հայտարարության, Արևիկ Պետրոսյանն առանձնացրեց մի քանի առանցքային գործոն, որոնք, նրա համոզմամբ, վերջնակետ են դնում այս վեճին։

«Առաջինը՝ աղբյուրագիտությունն է. հասանելի բոլոր աղբյուրները բացառապես հայկական են։ Թող Ադրբեջանը ներկայացնի աղվաներենով գրված գոնե մեկ փաստաթուղթ։ Նման բան չկա և երբեք չի եղել։ Ամբողջ աղբյուրագիտական բազան հայոց գիրն է, և սա անհերքելի փաստ է։ Երկրորդը՝ հնագիտությունն է։ Ինչո՞ւ Ադրբեջանում համակարգված հնագիտական հետազոտություններ չեն անցկացվում։ Պատասխանը պարզ է. դեռևս խորհրդային տարիներին լայնամասշտաբ հնագիտական պեղումներ իրականացնելու համար Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան մասնագետներ էր հրավիրում միութենական հանրապետություններից, սակայն արդյունքներն այնքանմիանշանական էին, որ դրանք շտապ կոնսերվացրին։ Չէ՞ որ հողի շերտերի տակից գտնված ամեն ինչ բացառապես հայկական ծագման արտեֆակտներ էին։ Ոչ մի աղվանական հետք չի հայտնաբերվել։ Եվ հենց այդ պատճառով էլ այսօր, հայկական հնագույն եկեղեցիների, խաչքարերի ու պատմական հուշարձանների բարբարոսական ոչնչացումն արդարացնելու համար, Ադրբեջանում առաջ է քաշվել «աղվանացման» թեզը։ Այս վայրագությունները կատարվում են երկրի ղեկավարության ուղղակի հրահանգով, որի նպատակն է փոշիացնել հայկական ամեն ինչ։ Երրորդը՝ ժամանակակից գործոնն է՝ գենետիկական հետազոտությունները։ Ըստ էության, ծագումնաբանորեն ժամանակակից Ադրբեջանի բնակչությունը թյուրքական չէ։ Գենետիկան անառարկելիորեն հաստատում է՝ հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներն են։ Վերջին հետազոտություններն ուղղակիորեն ամրապնդել են Մովսես Խորենացու պատմական ճշմարտացիությունը։ Սակայն այս ամբողջ կեղծիքը սկսվել է այսօրվանից շատ ավելի առաջ՝ ադրբեջանական ժողովրդի արհեստական ստեղծման պահից։ Նրանց մասին առաջին պաշտոնական հիշատակումը հայտնվում է միայն 1936 թվականի Խորհրդային Սահմանադրության մեջ։ Կեղծարարության պրակտիկան շարունակվում է նաև այսօր, բայց էական մեկ տարբերությամբ՝ մենք այլևս չենք ապրում մի պետության մեջ, որտեղ տեղեկատվությունը ստացվում է միակ աղբյուրից։ Փառք Աստծո, կա համացանց։ Հիմա պատմությունը կեղծել չի հաջողվի»,- ընդգծեց պատմական գիտությունների թեկնածու Պետրոսյանը։

Նա անդրադարձավ նշեց, որ Ադրբեջանի իշխանություններիան հայտարարություններին, թե իրենց վերահսկողության տակ անցած Արցախի և հարակից շրջանների տարածքում հայկական վերահսկողության շրջանում եղել է 67 մզկիթ, և իբր հայերն դրանք ավերել են։ Այս պնդումները, Պետրոսյանի խոսքով, որևէ առնչություն չունեն իրականության հետ։ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները, թե մզկիթներն ու իսլամական մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել են Հայաստանի կողմից՝ ընդհուպ մինչև այն, որ մզկիթներում խոզեր են պահվել, նույնպես հորինվածք են։

«Առաջինը՝ քանդողը հայերը չեն եղել, այլ Խորհրդային իշխանությունը՝ աթեիստական իշխանությունը։ Այդպես էր ամբողջ Միությունում։ Մի՞թե Ղրիմում չէին ոչնչացնում ղրիմի թաթարների մզկիթները։ Իսկ Թաթարստանո՞ւմ, Ղազախստանո՞ւմ, մի՞թե այնտեղ դրանք չէին քանդում։ Ամենուր՝ ամբողջ Միությունում, գործում էր մեկ միասնական հրահանգ։ Խորհրդային աթեիստական իշխանությունը որոշում էր կայացրել բոլոր կրոնների պաշտամունքային կառույցների ոչնչացման մասին։ Առավել ևս՝ ո՞վ կարող էր որևէ բան քանդել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ցանկացած դավանանքի՝ քրիստոնեական, մահմեդական, հուդայական պաշտամունքային կառույցները ոչնչացրել է հենց Ադրբեջանի Կենտկոմը։ Արխիվներում պահպանվել են Կոմկուսի կենտրոնական կոմիտեի ընդունած դեկրետները։ Հենց իրենք էլ ոչնչացնում էին։ Երկրորդը՝ թվերը միֆ են և Բաքվի կողմից ստեղծված մեծ չափազանցություն՝ հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու համար»,- ընդգծեց պատմաբանը։ Նա նաև նշեց, որ այժմ Ադրբեջանը նոր մզկիթների լայնամասշտաբ շինարարություն է սկսել Արցախի այն բնակավայրերում, որտեղ պատմականորեն երբևէ մզկիթներ չեն եղել։

Պետրոսյանը հավելեց. «Ադրբեջանում շարունակվում էր «ստալինյան ծրագիրը»՝ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի պլանավորված ոչնչացման քաղաքականությունը։ Խորհրդային Միությունը փլուզվեց, փառք Աստծո, ժողովուրդներն ազատագրվեցին, բայց Ադրբեջանում մինչ օրս չի դադարում թալիշների, լեզգիների և ուդիների ադրբեջանացումը։ Նույնն անել փորձում էին նաև մեզ հետ, բայց չստացվեց։ Հայերն իրենց հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, իհարկե, նման փորձերի համար «հեշտ պատառ» չեն»։

Պատմական գիտությունների թեկնածուի կարծիքով՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հրաշալի գիտակցում է պատմական իրականությունը, սակայն գիտակցաբար ստեղծում է կեղծ թեզեր՝ Գանձասարն ու Դադիվանքը անվանելով «աղվանական» հուշարձաններ և հայտարարելով «օկուպացիայի» տարիներին դրանց ճարտարապետության իբրև թե աղավաղման մասին․«Այսպիսով Բաքուն լուծում է հիմնարար խնդիր՝ հայերի վրա փակցնել «եկվոր ժողովրդի» պիտակ, որը զրկված է սեփական ժառանգության նկատմամբ պատմական իրավունքներից։ Ադրբեջանն օգտագործում է այս թեզը իր տարածքային ու պատմական հավակնություններն հիմնավորելու, ինչպես նաև տարածաշրջանում հայկական ներկայությունը ապալեգիտիմացնելու համար։ Հենց դրա համար էլ մենք սկսեցինք ազատագրական շարժումը։ Եթե ապրելու և մշակութային ժառանգության մեր իրավունքները չվիճարկվեին ու չոչնչացվեին հենց մեր աչքի առջև, մի՞թե մենք կսկսեինք այդ շարժումը։ Անշուշտ, ո՛չ։ Իսկ ինչո՞ւ էինք ուզում անջատվել, որովհետև ձգտում էինք պահպանել մեր ինքնությունը՝ չցանկանալով ձուլվել, ինչպես ձուլվեցին միլիոնավոր լեզգիներ։ Սա էր ազգային շարժման սկզբնավորման գլխավոր պատճառը։ Սա արցախցիների գիտակցված քայլն էր, որոնք սպառնալիք էին տեսնում իրենց գոյությանը։ Մենք ձգտում էինք պահպանել այն, ինչ մեզ պարգևել էր պատմությունը»։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ