«Հայաստանը դե ֆակտո վերածվում է օբյեկտի». Բադալյանը՝ նոր Սահմանադրության նախագծի և Բաքվի թելադրանքի մասին
Երեկ հրապարակվել է երկրի նոր Սահմանադրության նախագիծը՝ փաստաթուղթ, որը կարող է վերասահմանել հայկական պետականության եզրագծերը։ Տեքստը տեղադրվել է հատուկ ստեղծված yourconstitution.am կայքում՝ հանրային քննարկման համար, որը կտևի մինչև 2027 թվականի գարուն, ինչից հետո փաստաթուղթը կմտնի Ազգային ժողով։
Նախագծի առանցքային փոփոխությունները
Առաջարկվող նախագիծը բաղկացած է 12 գլխից և 89 հոդվածից՝ գործող Մայր օրենքի 16 գլխի և 220 հոդվածի փոխարեն։ Նկատելի փոփոխություններ են կատարվել նախաբանում. դրանից հանվել է հղումը 1990 թվականի Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում են Լեռնային Ղարաբաղը և Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Դրա փոխարեն նոր նախաբանում խոսվում է «միջազգայնորեն ճանաչված տարածքում» անկախ և խաղաղ պետություն կառուցելու մասին։
Նախագծի համաձայն՝ Հայաստանը պահպանում է կառավարման խորհրդարանական ձևը, սակայն ուժեղանում են Ազգային ժողովի վերահսկողական գործառույթները. պատգամավորները կկարողանան անվստահություն հայտնել առանձին նախարարների, փոխվարչապետների և դիվանագետների, ինչպես նաև նախաձեռնել խորհրդարանի ինքնալուծարում՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայներով։ Փաստաթուղթը նախատեսում է նաև դատավորների միանվագ ստուգում, առանձին հանցագործությունների համար քաղաքացիությունից զրկելու հնարավորություն և ընտրողների համար նստակեցության ցենզի ներդրում. ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունք կստանան 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են Հայաստանում։ Պետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կկարգավորվեն օրենքով՝ պահպանելով վերջինիս բացառիկ առաքելության ճանաչումը։
Իշխանությունների դիրքորոշումը և ուժերի դասավորությունը խորհրդարանում
Ժողովրդին ուղղված իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը կապել է «Չորրորդ հանրապետության» անցնելու և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ու վավերացնելու հնարավորության հետ։ Վարչապետի խոսքով՝ «Չորրորդ հանրապետության» գլխավոր տարբերությունը «Երրորդից» կայանում է «կոնֆլիկտի բացակայության» մեջ. գործող Սահմանադրությունը նա անվանել է կոնֆլիկտային՝ հայտարարելով, որ հենց այն է ծնել հակամարտությունը, իսկ այդ բաղադրիչի բացառումը կվերացնի դրա պատճառները։
Փաշինյանը ընդդիմությանը կոչ է արել աջակցել փաստաթուղթը հանրաքվեի դնելուն՝ խոստանալով հրաժարական տալ, եթե ընտրողները մերժեն այն, իսկ նախագծին հավանություն տալու դեպքում՝ հաջորդ ընտրություններում չառաջադրվել վարչապետի պաշտոնում։
Սակայն նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է 105-ից առնվազն 70 ձայն, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի ընդամենը 64 մանդատ։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները (ընդհանուր՝ 41 մանդատ) դեմ են արտահայտվել նախաձեռնությանը՝ փաստաթուղթն անվանելով արտաքին ճնշման և Բաքվին արվող զիջումների արդյունք։
Փորձագետի գնահատականը
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը REGIONSTV-ի հետ զրույցում Անկախության հռչակագրի բացառումն անվանել է պետական սուբյեկտայնության կորստի հարց։
«Անկախության հռչակագիրը պարզապես պատմական փաստաթուղթ չէ, այլ մեր պետական նպատակների, ձգտումների, ազգային ինքնության դրսևորումը։ Եթե այլ պետության պահանջով մենք փոխում ենք մեր պետականության քաղաքական-իրավական հիմքը, ապա գործարկում ենք պետական սուբյեկտի չեզոքացման գործընթացը և դե ֆակտո վերածվում ենք օբյեկտի»,-նշել է Բադալյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ գործընթացը թելադրված է Ադրբեջանի կողմից և խաղաղության պարտադրման մաս է կազմում, իսկ գործող Սահմանադրության «կոնֆլիկտայնության» մասին Փաշինյանի հայտարարությունները արտաքին պայմանների կատարումն արդարացնելու փորձ են միայն. «Մինչև Բաքվի պահանջները, մինչև պատերազմը և արցախահայության հայրենազրկումը, Փաշինյանը բոլորովին այլ կարծիք ուներ Հռչակագրի մասին։ Արտաքին թելադրանքի պայմաններում ներքին բոլոր մանրամասները՝ թե ինչպես են փոխվում Անվտանգության խորհուրդը, հանձնաժողովները կամ նախարարների թիվը, դառնում են երկրորդական և վերածվում են ընդամենը պատկերազարդման»։
Բադալյանի համոզմամբ՝ քվեարկությունից առաջ վերջին մեկ տարում երկրում մշտապես բնակվելու պահանջը նախագծում ներառվել է արտերկրում ապրող քաղաքացիների ձայները կտրելու և դրանով իսկ հանրաքվեում ցանկալի արդյունքի ստացումը հեշտացնելու նպատակով։
Մեկնաբանելով հրաժարականի մասին Փաշինյանի խոստումները՝ վերլուծաբանն ասել է․«Այսօր Փաշինյանի կողմից իշխանության պահպանումը զգալի չափով կախված է նրանից, թե արդյոք Ադրբեջանը նրա համար կպահպանի խաղաղ միջավայրը, թե կխստացնի հռետորաբանությունն ու պահանջները»։
Զաբելա Ավագյան
