Հանրային տրանսպորտի բացակայությունը շարունակում է կորնիձորցի ուսանողների հետ «քայլել» | Region

Հանրային տրանսպորտի բացակայությունը շարունակում է կորնիձորցի ուսանողների հետ «քայլել»

Ապրիլ 28,2024 20:19

Սյունիքի մարզի Սահմանապահ դարձած Կորնիձոր բնակավայրում արդեն 20 տարուց ավելի չի գործում հանրային տրանսպորտը, և մարդիկ Գորիս հասնելու համար օգտվում են մասնավոր տաքսիներից։

Ես Անդրե Դավթյանն եմ։ Սովորում եմ Գորիսի պետական համալսարանի ձեռնարկությունների «Տնտեսագիտություն և Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսում։ Ընդունվելու օրվանից առնչվել եմ սահմանապահ գյուղի ուսանող լինելու տրանսպորտային դժվարություններին։ Ցավոք, համոզված եմ, որ մագիստրատուրան ավարտելիս էլ տրանսպորտի բացակայության խնդիրն իմ հետ կողք կողքի շարունակելու է «քայլել»։

Կորնիձորում ես տրանսպորտի խնդրին բախվող միակ ուսանողը չեմ։

Արմինե Սրապյան

Արմինե Սրապյան

Գորիսի պետական քոլեջի Դեղագործության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սրապյանն էլ շաբաթվա 5 օրերին, դասի գնալիս, բախվում է այս խնդրին․

-Հանրային տրանսպորտի բացակայությունը լուրջ դժվարություններ է առաջացնում իմ և ուսանող ընկերներիս համար, քանի որ ամեն օր Կորնիձորից Գորիս հասնելը արկածախնդրություն է։ Կորնիձորցի ուսանողներիս դասերից հաճախակի բացակայելու հիմնական պատճառը  տրանսպորտի բացակայությունն է։ Գաղտնիք չէ, որ բացակայությունները ազդում են նաև առաջադիմության վրա,-ասում է նա։

Կորնիձորցի ուսանողները կարծում են, որ խնդիրը  պատկան մարմինների ուշադրությունից ուղղակի դուրս է։
-Հստակ ժամկետներ չեմ կարող նշել, բայց որքանով տեղյակ եմ խնդիրը դեռևս 2000-ական թթ․-ից կա։ Իսկ սա խոսում է մեր պետության անտարբեր վերաբերմունքի մասին՝ սահմանամերձ ու սահմանապահ գյուղերի բնակիչների, երիտասարդության, մեր՝ ուսանողներիս նկատմամբ,-շարունակում է զրուցակիցս։

 

Իսկ թե ինչ առաջարկներ ունեն ուսանող երիտասարդները խնդրի լուծման հետ կապված, Արմինեն պատասխանում է․
-Կուզեմ համապատասխան մարմինները ուշադրություն դարձնեն այս խնդրին, գյուղին հատկացնեն տրանսպորտային միջոց` թեկուզ միայն ուսանողներին տեղափոխելու համար, որից  կօգտվեն նաև գյուղի մյուս բնակիչները և, ինչու չէ, նաև  մոտակա գյուղերի ուսանողները։

Արդյոք կորնիձորցիները, այդ խնդրին քաջածանոթ լինելով, ինչ-որ բան նախաձեռնել են, կամ երբևէ դիմե՞լ են պատկան մարմիններին՝ խնդրին լուծում տալու համար։
-Բողոքներ շատ են եղել, բայց ինչպես տեսնում եք` ոչ մի արձագանք։ Կարելի է ենթադրել, որ ժողովրդի խնդիրներն այնքան էլ չեն անհանգստացնում պատկան մարմիններին, խնդիրը շարունակում է խնդիր մնալ,-բացատրում է ուսանողուհին։

 

Կորնիձորցի մեծահասկները երանությամբ են հիշում, որ խորհրդային տարիներին Կորնիձոր-Գորիս տրանսպորտը գործում էր ժամային հստակ գրաֆիկով և յուրաքանչյուր բնակավայրում ուներ իր կանգառը։ «21-րդ դարում սա անլուծելի խնդիր է դարձել»,-ասում են բնակիչները։

Անլուծելի դարձած խնդրին ուսանողների ընտանիքները սեփական լուծումներն են տալիս։ Ոսանողներից շատերը ստիպված տուն են վարձակալում Գորիսում, որոշներն էլ իրենց ազգականների տներում են ժամանակավորապես  տեղավորվում։ Բայց կան ուսանողներ, ովքեր ոչ տուն վարձելու հնարավորություն ունեն, ոչ էլ  ինչ-որ մեկի տանը մնալու և ստիպված են ամեն օր գյուղից հասնել քաղաք։

Կորնիձորը միակը չի, այս առումով նրան բախտակից է նաև Տեղ համայնքը։ Տրանսպորտի խնդիրը պատճառ է դառնում, որ շատ երիտասարդներ հրաժարվեն տարածաշրջանում միակ ուսումնական հաստատության հնարավորությունից օգտվելուց։ Առանց այդ էլ, շատ քիչ մասնագիտությունների առաջարկ ունի քոլեջը։ Եվ երիտասարդները տարեցտարի ավելի շատ են մեկնում գյուղից, նախընտրում են մայրաքաղաքը, իսկ այնտեղից վերադառնալը դժվար է նույնիսկ բուհն ավարտելուց հետո։ Սահմանամերձ գյուղերը հետզհետե ծերանում են։

Լուսինե Քարամյանը Կորնիձորի վարչական օպերատորն է։

Հարցազրույցի ժամանակ վստահեցնում է,  որ  համայնքային տրանսպորտ ունենալու համար  ծրագիր է ներկայացվել։

Լուսինե ՔարամյանՎարչական օպերատոր

Լուսինե Քարամյան
Վարչական օպերատոր

«Բոլորս ենք խնդրին առնչվում, նաև միջհամայնքային

տրանսպորտի հարցը լուծելու անհրաժեշտություն կա։  Ինչպես գիտեք, Տեղ համայնքի կենտրոնը Տեղ գյուղն է և շատ է լինում, մարդիկ տարբեր հարցերով ստիպված են գնալ Տեղ գյուղ։ Ու դա թանկ արժե։ Մասնավոր տաքսիների առկայությունը լավ է, երբ 4 հոգի հավաքվում են և միասին մի տաքսի վարձում, այդպես հնարավոր է լինում երթևեկել մատչելի գնով, իսկ եթե մի հոգի է լինում, արդեն վարորդը շատ գումար է ուզում, սա գյուղացու գրպանի համար հասանելի չէ»։

Խնդիրը բոլորինս է և շարունակում է խնդիր մնալ բոլորիս համար, իսկ կորնիձորցի ուսանողներս երազում ենք, թե երբ կգա երանելի օրը, որ կհաստատեն հանրային տրանսպորտ ունենալու ծրագիրը։ Իսկ մինչ այդ, ուսանող ընկերներով ծրագրում ենք, թե առավոտյան ինչպես ենք դասի հասնելու՝ «վայելելով» մեր ուսանողական հերթական օրվա տրանսպորտային դժվարությունը։

Անդրե Դավթյան
(Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

Նորություններ