ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գյումրու համատիրություններն ավելի շատ գումար են ստացել | Region

ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գյումրու համատիրություններն ավելի շատ գումար են ստացել

Օգոստոս 24,2024 11:04

Վերահսկելի՞ են արդյոք Գյումրի համայնքի բյուջեից համատիրություններին հատկացված դրամական աջակցությունները: Ուսումնասիրություններն ընդգրկել են նախորդ 5 տարիները: Այդ տարիների ընթացքում ավագանին 126 մլն դրամ է հատկացրել գործող համատիրություններին:

2017թ. նոյեմբերի 9-ին ավագանու որոշմամբ կարգ է հաստատվել, որով համայնքի ղեկավարն աջակցում է համատիրությունների սպասարկման ենթակայությամբ գործող բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքների իրականացմանը, և այս դրույթը հիմք ընդունելով, հղում է արվել տեղական ինքնակառավարման մասին օրենքին, հիմք  է ընդունվել, որպեսզի ավագանին որոշումներով դրամական  աջակցություն հատկացնի:

«Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության իրականացրած «Արդար բաշխում․ մոնիթորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի փորձագետ Անի Մկրտչյանի խոսքով՝ ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է, որ հստակ չափորոշիչ, կարգ և կանոնակարգ չկա, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել համայնքի ավագանին, որ մեկ համատիրությանը տարեկան հատկացրել է 5մլն դրամ, մեկին 400.000, իսկ մյուսի խնդրանքը մերժել է, ինչպես  նաև որ համատիրությունների նախագահները  ըստ հայեցողության են ընտրում վերանորոգման ենթակա շենքերը, այսինքն համատիրության նախագահը մոնիտորինգ կամ հարցումներ չի անցկացնում բազմաբնակարան շենքերի  բնակիչների շրջանում և չի հասկանում կոնկրետ որն  է առաջնահերթ լուծման կարիք ունեցող՝ շենքի տանիքի վերանորոգումը, շքամուտքի լուսավորությունը, թե ասենք կոյուղատար համակարգերի վերանորոգումը:

Ահա այս իրավիճակում էլ 126  մլն դրամ համայնքի ավագանու որոշմամբ վերջին հինգ տարիներին հատկացվել է համատիրությունների նախագահներին, որպեսզի մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարվեն:

Ուսումնասիրության ընթացքում հարցումներ են ուղարկվել ինչպես Գյումրի համայնքի ղեկավարին, այնպես էլ Շիրակի մարզպետի աշխատակազմին, հարցազրույցներ են անցկացվել համատիրության բոլոր նախագահների հետ և նաև 500 բազմաբնակարան շենքերի բնակիչների շրջանում:

Գյումրիում գործում են 25 համատիրություններ, 19 նախագահի կողմից մի քանի համատիրություն է ղեկավարվում: Հարցումներին 19 նախագահից մասնակցել են 16-ը, 3-ը ցանկություն չի հայտնել կամ նպատակահարմար չի գտել մասնակցելու: Բազմաբնակարան շենքի բնակիչների 52 տոկոսը բարձրաձայնել է, որ վերջին 5 տարում իրենց բազմաբնակարաններում որևէ աշխատանք չի կատարել համատիրությունը, ավելին` հարցումներին մասնակցած բնակչության 62.2 տոկոսը տեղյակ չի եղել, որ համայնքի ավագանին երբևէ գումար է հատկացրել շենքերում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Խնդիրներ կան նաև համատիրություններին տրամադրվող գումարների չափի և  առաջնահերթությունների հաշվարկման  մասով: Համայնքապետարանից նշել են, որ գումարների բաշխումը կատարվել է ըստ շենքերի մաշվածության և ըստ համատիրության ենթակայությամբ գործող բազմաբնակարան շենքերի  քանակի:  «Շենքերի տեխնիկական բնութագրերի մասին տեղեկություն չունենալու պարագայում հարց է  առաջանում, թե ինչ մաշվածություն է  հիմք ընդունել համայնքի ավագանին, երբ այդ տեխնիկական բնութագրերը չկան»,-նշում է ծրագրի փորձագետը: Փոխարենը եղել են համատիրության նախագահներ, ովքեր հարցումների ընթացքում բարձրաձայնել են, որ թեպետ դիմել են, բայց համայնքի ավագանին գումար չի հատկացրել: Ինչպես են վերահսկվել հատկացված գումարները:

Վերահսկման մեխանիզմը գործել է 2020 թվականից, երբ համայնքի ղեկավարի կարգադրությամբ աշխատանքային խումբ է  ձևավորվել` վերահսկելու լիազորությամբ: Խմբում ընդգրկված են եղել ավագանու որոշ անդամներ և համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատողներ: Մոնիթորինգի ընթացքում, բնակիչների բերած օրինակով, եթե եղել է բազմաբնակարան շենքի տանիքի մասնակի վերանորոգում,  աշխատանքային խումբը բավարարվել է լուսանկարներով, այսինքն իրենց հետ հարցումներ և խնդրի հնարավոր շարունականության վերաբերյալ ճշտումներ չեն եղել:

Ուսումնասիրությունների արդյունքում նաև  նկատվել է, որ այն համատիրությունները, որոնք իրենց ենթակայության տակ 20 և ավելի բազմաբնակարան շենքեր ունեն, պակաս արդյունավետ են գործում, քան այն համատիրությունները, որոնց սպասարկման ենթակա բազմաբնակարանների թիվը փոքր է:

Նշված խնդիրների արդյունքում Գյումրի համայնքի ավագանուն առաջարկվել է մշակել հստակ կանոնակարգ` ինչպես հատկացնել գումար համատիրությունների նախագահներին, որպեսզի  բնակիչը գոհ մնա, իսկ արդյուքները լինեն տեսանելի:

Մշտադիտարկման արդյունքում նաև նկատվել է, որ  այն ժամանակահատվածում, երբ ՏԻՄ-երը պատրատվել են ընտրություններին՝ օրինակ 2021թ.-ին, այդ ընթացքում ավելի շատ են գումար ստացել համատիրությունները:

Նախորդ 5 տարում լուծում չստացող խնդիրների ցանկում բազմաբնակարան շենքերի բնակիչներն հարցումների ժամանակ նշել են տանիքների վերանորոգումը (27 տոկոս ) եւ վթարային շենքերի ամրացումը (15.8 տոկոս)։

Հաջորդ խնդիրը, որ բնակիչները բարձրաձայնել են 90-ականներին շահագործման հանձնված Անի թաղամասն է եղել, որտեղ, ինչպես նշում է փորձագետը որևէ աշխատանք չի կատարվել: Բուլվարային թաղամասի 9 հարկանի բարձրահարկերի բնակիչները նշել են վերելակների տեղադրման անհրաժեշտությունը (1․6 տոկոս)։

Տեղական ինքնակառավարման մարմինները արձագանքել են բնակիչների այս բողոքներին և 2025 թվականին սուբվենցիոն ծրագրով տեղադրվելու են վերելակներ: Տարբեր թաղամասերի շենքերի բնակիչներ կարևորել են  նկուղային հարկերի կոյուղատար համակարգերի մաշվածության, խցանման խնդիրները (15․2 տոկոս):

Ելենա Ավետիսյան

 

 

 

Նորություններ