«Քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»․Ալիև | Region

«Քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»․Ալիև

Ապրիլ 09,2025 14:40

«Քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը, եւ Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռ առկա են նրանց Սահմանադրության մեջ, եւ ցուցաբերել անկեղծություն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց վարքագծում, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»,-այս մասին ADA միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ալիևը կրկին մեղադրել է Հայաստանին, նշելով՝ հետպատերազմյան իրավիճակի զարգացումները հիմնականում կախված են Հայաստանից։

Նա  ասել է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը․«Վերջ դրեցինք անջատողականությանը եւ վերահսկողության տակ առանք մեր սահմանները։ Մեզ համար այս հարցը փակված է։ Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք պոտենցիալ սպառնալիքներն ու հնարավոր վտանգները»։

Ալիևի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո եւ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացրած ռազմական հարձակումից հետո Ադրբեջանի ռազմականացման հնարավրությունների կրկնապատկման գործընթացը «ամբողջովին հասկանալի է հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ռազմականացման լուրջ գործընթաց է ընթանում»։

Նա ասել է, որ «Հայաստանին նոր դաշնակիցների կողմից մատակարարվող մահաբեր զենքերը չեն նպաստում խաղաղությանն ու կայունությանը։ Դա ապագայում միայն կբերի պոտենցիալ լարվածության»։

Հիշեցնենք, որ այս նույն ֆորումի ժամաննակ Ալիևն ասել է՝ «եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվի համաձայնագիր, ապա, իհարկե, այդ ժամանակ համագործակցություն սկսելու ոչ մի խոչընդոտ չի լինի։ Կարծում եմ, որ մենք չպետք է ժամանակ կորցնենք, որովհետեւ, կրկին, խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է»։

Նա կրկին պահանջներ է ներկայացրել համաձայնագիրը ստորագրելու համար՝ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն․«Ես արդեն բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, թե ինչ ենք մենք սպասում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության եւ նրանց սահմանադրության հարցում»։

Հիշեցնենք նաև, որ Երևանը բազմիցս նշել է, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։

Իսկ սպաազինության մասին պաշտոնական Երևանը կրկին բազմիցս հայտարարել է՝ բանակի սպառազինության համալրումը ՀՀ իրնքնիշխան իրավունքն է, դա արվում  է պաշտպանական կարողությունները համալրելու համար։

 

 

Նորություններ