«Հանքերը կարող են 100 տարի հետո իրենց սպառել, բայց տուրիստական ներուժը չի սպառվի».հանքավայրերի թափոնները՝ լուրջ խոչընդոտ զբոսաշրջության զարգացման համար

Դեբեդ գետի աղտոտվածությունն ու անցած տարվա ջրհեղեղը բավականին մեծ վնաս են հասցրել Լոռու և Տավուշի մարզերում զբոսաշրջության զարգացմանը։ Մասնագետների դիտարկմամբ՝ զբոսաշրջիկների հոսքը զգալիորեն նվազել է։ Անտառածածկ այս տարածաշրջանները 100-ից ավելի ծառատեսակներով ու կենդանական աշխարհով, նաև դարերի պատմություն ունեցող եկեղեցական համալիրներով, մեծ հատաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջիկների համար։ Բայց Դեբեդի էկոհամակարգն աղտոտված է հանքավայրերի թափոններով, ծանր մետաղներով, իսկ անցած տարվա վարարումների հետևանքով, երբ կամուրջներ փլվեցին և գետի ափամերձ շինությունները վնասվեցին, զբոսաշրջային բիզնեսը Լոռու և Տավուշի մարզերում կաթվածահար եղավ։
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի զբոսավար, ռաֆթինգի հրահանգիչ Գևորգ Ասլանյանի խոսքով՝ վարարումների հետևանքով տուրիստական կազմակերպությունները ստիպված եղան փոխել 6 ամիս առաջ պլանավորած ու մշակած զբոսաշրջային երթուղիները ու շրջանցել տարածաշրջանը։ Ըստ նրա, ամենաշատը տուժեց ռաֆթինգը. այն հզորությունների հազիվ 1 տոկոսի չափով է աշխատում։ Երբ Դեբեդի ափամերձ տարածքները հայտարարվեցին աղետի գոտի, ըստ Գևորգ Ասլանյանի, մարդկանց մոտ մտավախություն առաջացավ։
Նա առաջարկում է խորությամբ ուսումնասիրել Դեբեդի խնդիրները, պետական մակարդակով ստեղծել գետի պահպանության հանձնաժողով։
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ պետք է մշակել ռազմավարություն Դեբեդի մաքրության վերաբերյալ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանքավայրերի թափոնաջրերը այլևս չլցվեն գետը և բնապահպանական վտանգ չառաջացնեն։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի կառավարության ուշադրությունը Դեբեդի խնդիրներին հրավիրելու նպատակով կազմակերպել էր Ալավերդի – Նոյեմբերյան մեդիաարշավը, որի ժամանակ էլ բարձրաձայնվեցին Դեբեդի էկոհամակարգին առնչվող խնդիրները։