«Մոտ 200 ընտանիք երևի գյուղից աշխատում է հանքերում, բայց 1000 մարդ էլ թողել է հողի մշակությունը»․ հանքավայրերի թափոնների հասցրած վնասները

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքարդյունաբերական գործունեության հետևանքով երկար տարիներ ծանր մետաղներով աղտոտված են հարակից մի շարք գյուղերի հողատարածքները, գետերը, դրանց ափամերձ հատվածները։ Բնապահպանները շարունակում են բարձրաձայնել կոմբինատի պոչամբարների հասցրած հսկայական վնասների մասին, պահանջում են ռեկուլտիվացնել դրանք։ Չեխիայում կատարված 5 տարվա մասնագիտական ուսումնասիրությունները փաստել են, որ պոչամբարների թափոնները լուրջ սպառնալիք են նաև դրանց տարածքների բնակիչների առողջության համար։
Լեռնահարստացման կոմբինատի 3 պոչամբարներն էլ, ըստ փորձագետների, շահագործվում են առանց անվտանգության նորմերի պահպանման։ Պոչանքները, որոնցում ծանր մետաղների մեծ քանակություն կա՝ ցինկ, պղինձ, մանգան, մկնդեղ և այլն, կոմբինատի աշխատակիցները շարունակում են թափել Ախթալայի տարածքում, որտեղ պատահի։ Դրանք էլ անձրևների հետ լցվում են գետերը, հոսելով հասնում Դեբեդ, այնտեղից էլ ոռոգման միջոցով վարակում հողերը։
Այս շղթայի օղակներն անվերահսկելի են,- համոզված են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ Նրանք նշում են, որ խնդիրը գլոբալ լուծում է պահանջում։ Լոռու և Տավուշի մարզերի տասնյակ բնակավայրերի ֆերմերները, բնապահպանները և այլ ակտիվիստներ համախմբվելու են, վիճակը նորից ներկայացնելու են իշխանություններին՝ պահանջելով պահպանել Դեբեդի մաքրությունը, միջոցներ ձեռնարկել հանքարդյունաբերական թափոնները վերացնելու և դրանք վերահսկելու ուղղությամբ։