Գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորեցին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորել են 1 ամսով։ Այս մասին REGIONS TV-ին հայտնեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Հիշեցնենք, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության, առաջին ատյանի դատարանում այսօր դռնփակ նիստով է որոշում կայացվել նրա կալանավորման մասին։
Ըստ քննչական կոմիտեի տեղեկատվության, անձը խուլիգանություն, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, և նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 489-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հիշեցնենք, Լիլիթ Աղեկյանին բերման էին ենթարկել երեկ երեկոյան, իր բնակարանից։ Զարուհի Փոստանջյանի խոսքով, Աղեկյանի դեմ քաղաքական պատվեր են կատարում, որովհետև նա մի շարք բացահայտումներ է արել Շիրակի մարզի կրթական համակարգում տեղի ունեցող չարաշահումների մասին։ Այդ բացահայտումների մի մասը վերաբերում է Գյումրու թիվ 32 դպրոցին, որտեղ ուսուցչուհի է աշխատում Լիլիթ Աղեկյանի մայրը։ Բացահայտված չարաշահումները, ըստ Փոստանջյանի հիմնականում կատարվել են դպրոցի նախկին տնօրեն Արմինե Սուքիասյանի օրոք, ով, Փոստանջյանի տեղեկացմամբ, քրեական պատասխանատվության է կանչվել ու համաձայնություն տվել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի վաղեմության հիմքով։
Փոստանջյանն ասում է, որ Աղեկյանի նկատմամբ կեղծ և շինծու հոդվածներ են դրել․ խուլիգանություն և դատարանի նկատմամբ վիրավորանք, որպեսզի մեկուսացնեն նրան։
Հիշեցնենք, Լիլիթ Աղեկյանը Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին, երկար տարիներ եղել է քաղաքապետի մամուլի խոսնակը