Նոր տարբերակ․ Թիկնիզյանը կարող է Մխիթարյանի հետ խաղալ նույն առաջնությունում

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը հնարավոր է՝ շուտով կարիերան շարունակի Իտալիայի Ա սերիայում։ Այս մասին հայտնում է Match TV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստը հայտնվել է «Վերոնայի» ուշադրության կենտրոնում։ Իտալական ակումբը ձախ եզրում ուժեղացում է փնտրում, և Նաիրը դիտարկվում է որպես այդ դիրքը ուժեղացնելու թեկնածուներից մեկը։ Նշվում է, որ խաղացողի ներկայացուցիչը և ռուսական ակումբը կապի մեջ են եղել՝ քննարկելով տրանսֆերի հնարավորությունը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում շրջանառվում էր նաև Թիկնիզյանի՝ իսպանական «Սևիլյա» տեղափոխվելու տարբերակը։
Հիշեցնենք, որ 26-ամյա պաշտպանն ունի գործող պայմանագիր մոսկովյան ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո։