Արա Պողոսյան. Հնդկաստանի աճող հեղինակությունը կարող է լրացուցիչ հնարավորություն ստեղծել ՀՀ-ի ռազմաքաղաքական հավասարակշռությունը վերականգնելու համար

Այսօր աշխարհում հրատապ խնդիրներից մեկը Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրումն է։ Այս երկրների միջև հրադադարը, որը հանդիսավոր կերպով հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տևեց ընդամենը մոտ երկու ժամ։ Հնդկաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատեց նոր հարձակումները և մեղադրեց Պակիստանին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Հնդկաստանի սահմանին հրադադարի խախտման հետևանքով ուժեղացվել են Պակիստան կամ Պակիստանից մեկնող տրանսպորտային միջոցների և մարդկանց ստուգումները։
Հնդկա-պակիստանյան հակամարտությունը, ինչպես REGIONSTV-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Արա Պողոսյանն, աշխարհում ամենատևական և բարդ հակամարտություններից մեկն է։ Այն ունի խորը պատմական արմատներ, կրոնական հիմք և աշխարհաքաղաքական նշանակություն։ Քաշմիրի հարցը շարունակում է մնալ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերություններում հիմնական խնդիրը, որը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
Նրա խոսքով՝ հնդկա-պակիստանյան հակամարտության էությունը հասկանալու համար կարևոր է խորանալ անկախության ժամանակաշրջանի իրադարձությունների մեջ։ Քաղաքագետը հիշեցրեց, որ մինչև 1947 թվականը Հնդկաստանը Բրիտանական կայսրության գաղութ էր, որտեղ տարբեր պատմական փոխակերպումների արդյունքում ապրում էր բավականին մեծ թվով մուսուլման բնակչություն։ 1947 թվականին Հնդկաստանը բաժանվեց երկու մասի, և ձևավորվեցին երկու պետություններ՝ Հնդկաստանը և Պակիստանը։ «Այնուամենայնիվ, Հնդկաստանի բաժանումը չլուծեց Ջամմու և Քաշմիր մուսուլմաններով բնակեցված նահանգի խնդիրը, որն, իմ կարծիքով, դիտավորյալ թողնվել էր որպես հակամարտության գոտի՝ հետագայում այս հակամարտության միջոցով կողմերի վրա ազդեցություն ունենալու համար։ Հետագայում տեղի ունեցան մի քանի պատերազմներ և առանձին տեղական ռազմական գործողություններ, որոնցում Հնդկաստանը կարողացավ հաջողության հասնել։ Ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիրի հյուսիսում գտնվող Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խորը ազդեցություն ունեցավ Հնդկաստանի իշխող վերնախավի վրա», ասաց Արա Պողոսյանը։
Մասնագետը կարծում է, որ հակամարտության սրումը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բնույթ ունի, հիմնական պատճառը Ջամմու և Քաշմիր շրջանի խնդիրն է, որի լուծումը յուրաքանչյուր կողմ ակնկալում է, որ իր օգտին կլինի․«Մեկ այլ կարևոր փաստն էլ այն է, որ Հնդկաստանը կասեցրել է այն օրենքը, որը խոչընդոտում էր այլ շրջանների բնակիչներին տարածաշրջանում գույք գնելուն և ժողովրդագրական պատկերը փոխելուն։ Օրենքի չեղարկումը շատ ցավոտ էր Պակիստանի և Քաշմիրի ժողովրդի համար։ Հակամարտության մեջ ջրի հարցը նաև Հնդկաստանի համար գործիք է՝ Պակիստանի վրա ճնշում գործադրելու համար։ Նույնիսկ նախորդ ռազմական գործողությունների ժամանակ ջրային կառավարման վերաբերյալ երկկողմ պարտավորությունները չեն կասեցվել։ 1960 թվականին ձեռք բերված համաձայնագրերը՝ Ինդոս գետի ջրօգտագործման, գործիք են Հնդկաստանի համար», – ասաց Արա Պողոսյանը։
Ինչ վերաբերում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրմանը և լայնածավալ պատերազմի վերածվելու ռիսկին, ըստ Արա Պողոսյանի, միջուկային պատերազմի ռիսկը չափազանց փոքր է, քանի որ երկու երկրներն էլ միջուկային տերություններ են, իսկ միջուկային հակամարտությունը կունենա ավերիչ հետևանքներ երկու կողմերի համար էլ։
Նա նշեց, որ Հնդկաստանն ունի մեծ ռազմավարական խորություն, մինչդեռ Պակիստանը՝ ոչ, ինչը նշանակում է, որ կա աշխարհագրական անհավասարակշռություն։
«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Հնդկաստանի կողմից Պակիստանը բաժանելու «մեղմ միջոցներ» ձեռնարկելու հեռանկարը, ինչպես Բանգլադեշը մի ժամանակ անկախություն ձեռք բերեց Պակիստանից, իրատեսական է: Վերջին օրերին Բելուջիստանի ազատագրական բանակը, որը ձգտում է ստեղծել Բելուջիստանի անկախ պետություն, նույնպես ակտիվացել է: Կարծում եմ, որ ինչ-որ պահի Հնդկաստանը կսկսի աջակցել այս և նմանատիպ շարժումները, ինչը կարող է հանգեցնել նոր պետությունների ստեղծմանը»,-ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ այս տարի Հնդկաստանն աշխարհում չորրորդ խոշորագույն տնտեսությունն է անվանական ՀՆԱ-ի առումով՝ նույնիսկ գերազանցելով Ճապոնիային։ Հնդկաստանի տեխնոլոգիական հնարավորություններն աճում են, ինչը, ըստ փորձագետի, կարևոր գործոն է Հնդկաստանի համար․«Պատահական չէ, որ վարչապետ Նարենդրա Մոդին նախօրեին հայտարարեց «Նոր Հնդկաստանի» մասին, որը երբեք նույնը չի լինի։ Սա ռազմաքաղաքական հայտարարություն է, որում Հնդկաստանը հայտարարում է իր հավակնությունների մասին»։
Պողոսյանը նաև նշեց, որ ցանկացած հակամարտության մեջ, բնականաբար, կան շահագրգիռ կողմեր։ Հնդկաստանն ունի Իսրայելի բացահայտ աջակցությունը, իսկ Իսրայելը թշնամաբար է տրամադրված Պակիստանի նկատմամբ, քանի որ Պակիստանը աջակցում է պաղեստինյան դիմադրությանը և թշնամաբար է տրամադրված Հնդկաստանի նկատմամբ՝ տարիներ շարունակ սպառնալով Հնդկաստանին միջուկային հարվածներով։ Իսրայելը, որն իր հերթին ցանկանում է թուլացնել «դիմադրության առանցքի» պոտենցիալ կողմնակիցներին, այդ նպատակով Հնդկաստանին վաճառել է հսկայական քանակությամբ անօդաչու թռչող սարքեր՝ ի լրումն տեխնոլոգիական աջակցության։
«Հնդկա-պակիստանյան հակամարտության մեջ կան ինչպես տարածաշրջանայինից դուրս, այնպես էլ ներքին շահագրգիռ կողմեր: Հնդկաստանի և Չինաստանի միջև կա լուրջ տնտեսական և աշխարհաքաղաքական մրցակցություն, ուստի Չինաստանը աջակցում է Պակիստանին: Փաստն այն է, որ Թրամփի վարչակազմի համար Չինաստանը թիվ մեկ խնդիրն էր՝ նույնիսկ Ռուսաստանից առաջ, և այսօր ԱՄՆ-ն Հնդկաստանը դիտարկում է որպես Չինաստանի հակակշիռ: Ավելին, Չինաստանում ամերիկյան բիզնեսներին խրախուսում են, որպեսզի տեղափոխվեն Հնդկաստան: Այս առումով ԱՄՆ-ին անհրաժեշտ է ավելի խաղաղ և կանխատեսելի Հնդկաստան: Այնուամենայնիվ, աշխարհագրական տեսանկյունից, ԱՄՆ-ի համար կարող է ձեռնտու լինել, նախքան ամերիկյան կապիտալը Չինաստանից Հնդկաստան հոսի, Հնդկաստանի միջոցով ցույց տալ ուժ և կարողություններ Չինաստանի ամենամոտ դաշնակից Պակիստանի դեմ, որը հետագայում կօգտագործվի որպես հաղթաթուղթ»,-ասաց Պողոսյանը:
Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն աջակցում են Պակիստանին։ «Հնդկաստանի բանակի տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ միայն հակամարտության վերջին ակտիվ փուլի առաջին երկու օրերին Պակիստանը օգտագործել է մոտ 400 թուրքական անօդաչու թռչող սարք։ Սա չափազանց բարձր ցուցանիշ է, և Պակիստանը առաջին օրվանից ակտիվ քաղաքական և դիվանագիտական աջակցություն է ստացել Ադրբեջանից, ինչը Հնդկաստանի համար աննկատ չի մնացել։ Պետք է նշել, որ այս հարաբերությունները նոր չեն և ունեն որոշակի պատմական խորություն։ Նույնիսկ քեմալական շարժման ժամանակ պակիստանյան վերնախավը կոչ էր անում ջիհադի հանուն Օսմանյան կայսրության։ Նրանք օսմանյան սուլթաններին ընդունում էին որպես խալիֆներ, և այդ ժամանակվանից ի վեր նրանք չափազանց մտերիմ հարաբերություններ ունեին»,-նշեց Արա Պողոսյանը։
Պակիստանի անկայունացումն, ըստ փորձագետի, նոր հնարավորություններ կբացի իրենց դիրքերը ամրապնդել ցանկացող խաղացողների համար։ Մասնավորապես, որքան շատ խնդիրներ ունենա Պակիստանը, այնքան մեծ ազդեցություն կունենան Թուրքիան և Ադրբեջանը։
«Թուրքիան ձգտում է ձեռք բերել միջուկային տեխնոլոգիաներ, և այդ նպատակով Պակիստանի միջուկային օբյեկտներում ներգրավված են բավականին մեծ թվով թուրք մասնագետներ։ Կարծում եմ, որ այստեղ նույնպես Թուրքիան, «ծառայություն՝ ծառայության դիմաց» սկզբունքով, բաց չի թողնի ոչ մի հնարավորություն»,-ասաց Պողոսյանը։
Այս հակամարտությունը, ինչպես նշեց Պողոսյանը, դժվար թե ռազմական ազդեցություն ունենա մեր տարածաշրջանի վրա, սակայն եթե Հնդկաստանը հաջողության հասնի, բավականին իրատեսական է զգալի փոփոխություններ ակնկալել․«Հնդկաստանը ռազմական գործողությունների այս մի քանի օրերի ընթացքում արդեն փորձարկել է սեփական արտադրության տարբեր ռազմական տեխնիկա՝ սկսած հեռահար հրթիռներից մինչև հակաօդային պաշտպանություն և ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգեր։ Որպես Հայաստանին զենքի հիմնական մատակարարներից մեկը՝ Հնդկաստանի աճող հեղինակությունը կարող է նաև լրացուցիչ հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասում Հայաստանի համար ռազմաքաղաքական հավասարակշռությունը վերականգնելու համար, սակայն դա հնարավոր կլինի միայն նպատակային և բազմակողմանի աշխատանքի դեպքում»։
Զաբելա Ավագյան