Շաղատի «բիզնես լեդին»․Շահանե Համբարձումյանն իր աշխատանքով ու ակտիվությամբ ոգևորում է համագյուղացիներին

Սյունիքի մարզի Շաղատ գյուղի շատ ընտանիքներ հրաժարվում են խոշոր անասուններ պահել, արոտավայրերի խնդիր կա։ Շատերը չեն կարողանում անասունի համար ձմեռվա խոտ հավաքել։
Շահանե Համբարձումյանի ընտանիքն էլ 20 գլուխ խոշոր անասունը վաճառել է, նույն պատճառով։ Ոչխարների գլխաքանակն էլ նվազեցրել են հարկերի պատճառով․«Հիսունից ավելիի դեպքում հարկերը շատ են, ձեռնտու չէ շատ ոչխար պահելը»։
Գյուղում ապրուստի հիմնական միջոցը անասուն պահելն է ու հող մշակելը։
«Մեր բնակիչներն անգթորեն չեն վերաբերվում բնությանը, չեն վնասում, չեմ տեսել, որ անտառ հատեն։ Պարզապես կլիմայի փոփոխությունն է պատճառը, որ դաշտերը չորանում են, ու մարդիկ չեն կարողանում անասուններին կուշտ կերակրել, խոտ հավաքել»,-նշում է Շահանեն։ Պատերազմից հետո այս տարածաշրջանում արոտավայրերի կորուստն էլ է նպաստել խոշոր անասուններից հրաժարվելուն։
Անասունների վաճառքից հետո Շահանեն որոշել է ջերմոց հիմնել, ասում է՝ թեև ջերմոցը մեծ չէ, ընդամենը 100 քմ, բայց ավելի շատ եկամուտ է բերում, քան անասունը։
«Այնպիսի բուսատեսակներ եմ աճեցնում, որոնք Շաղատում չկան, նույնիսկ մարզում են նորություն՝ գանգրակաղամբ, ռուկոլա ու այլ բույսեր»,-REGIONSTV-ին պատմում է Շահանեն։
Շաղատի ակտիվ հարսներից է, երեք անչափահաս երեխա ունի, ընտանեկան գործերը շատ են, բայց դրան զուգահեռ նոր հմտություններ է սովորում, համ ընտանիքին օգնում, համ էլ համագյուղացիներին ոգևորում։
Նրա ջերմոցով հետաքրքրվում են գյուղի բնակիչները, հարցուփորձ են անում, մտածում ջերմոց հիմնելու մասին։
«Սածիլներ եմ դրել, որպեսզի համագյուղացիներին տամ, որ իրենց բանջարանոցներում սկսեն աճեցել»,-ասում է Շահանեն։
Ջերմոցում աճեցրած մթերքի իրացման խնդիր չունի, ասում է, համագյուղացիներն ամբողջը գնում են․«Անգամ կանաչին ինձանից են գնում, մատչելի գնով, ասում են՝ քո աճեցրածը համեղ է»։
Ամեն ինչ ինքն է անում, ձեռքով, օրգանական մթերք է աճեցնում։ Օդափոխության ու ջեռուցման համակարգեր դեռ չկան ջերմոցում, մտածում է դրանց տեղադրելու մասին, բայց դեռ եկամուտը չի բավականացնում։
«Այս ապրիլին շատ ցուրտ էր, բերքը, ցավոք, ցրտահարվել էր։ Ոչինչ, ես նորից տնկեցի, ուղղակի մի քսան օր ուշ կլինի բերքը»,-ասում է գյուղի գործարար Շահանեն։
Նույնիսկ այս պայմաններում, ինչպես Շահանեն է ասում, ջերմոցում աշխատանքը իր համար այնքան էլ դժվար չէ, որովհետև սիրով է աշխատում․«Եթե սիրով ես անում, հեշտ է ու հաճելի»։
Նշում է, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային հիմնադրամի տնօրենն էր այցելել Շաղատ՝ ծանոթանալու ջերմոցի աշխատանքներին․« Շատ ոգևորիչ էր»։
Ջերմոցը հայ-ֆրանսիական հիմնադրամի աջակցությամբ է հիմնել՝ զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագրով։
Ջերմոցը մեծացնելու, գյուղում հյուրատուն հիմնելու մտադրություն ունի։ Հյուրատունն էլ 44-օրյա պատերազմում զոհված տեգոր՝ Անուշավան Խաչատրյանի պատվին է ստեղծելու, քանի որ նա շատ հյուրասեր էր, սիրում էր հյուրեր ընդունել։
«Անուշավանը պայմանագրային զինծառայող էր, պատերազմի ժամանակ Մարտունի էին տարել, Կարմիր շուկայի մոտ է զոհվել։ Ադրբեջանական ԱԹՍ -ների հարվածներից իրենց հակատանկային ջոկատի տղաներից շատերը ողջ-ողջ այրվել էին։ Շատ մանրամասներ մինչև այսօր էլ չգիտենք, մասունքներ էին բերել»,-պատմում է Շահանեն։
Մտածում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Շաղատ ավելացնելու մասին, արդեն ծրագիր ունի՝ կգան պատմամշակութային հուշարձաններով հարուստ Շաղատ գյուղում կշրջեն, իր ջերմոցի օրգանիկ բույսերին կծանոթանան, իրենց ձեռքով կհավաքեն, իրենց ձեռքով էլ աղցան կպատրաստեն, իր հյուրատանն էլ կգիշերեն։
37-ամյա կինը բացի բիզնեսից, նաև գյուղի խնդիրների մասին է բարձրաձայնում, հատուկ դասընթացների է մասնակցել, հիմա «Հանրային լրագրողների ձայնը» ցանցի անդամ է։ «Հանրային լրագրողների ձայնը» խումբը ստեղծվել է LILA ծրագրի շրջանակներում Էկոլուրի կողմից։ Խմբի անդամները, այդ թվում՝ Շահանեն ներկայացնում են Հայաստանի բնակավայրերի բնահպանական խնդիրները, կլիմայական մարտահրավերները, տարբեր իրադարձությունները, զբոսաշրջության հնարավորություններն ու այլ հարցեր։
Այժմ ոչխարի խուզի սեզոնն է, գյուղի ու տարածաշրջանի գլխավոր խնդիրներից մեկն, ըստ Շահանեի, բրդի իրացումն է։
«Սա շատ ցավոտ խնդիր է։ Մարդիկ չգիտեն բուրդն ինչ անել։ Մեծ մասը խուզում են ու այրում բուրդը, կամ թափում են արոտավայրերում, վարելահողերի տարածքներում։ Բայց մարդիկ մեղավոր չեն, մեկը ես, շուտով պիտի խուզենք, ու որտեղ էլ տանեմ թափեմ, իմ Հայաստանն եմ աղտոտելու։ Քայլում ենք, ամեն տեղ բրդի կտորներ են, ոմանք թաղում են հողի մեջ, բայց կենդանիները փորում, հանում են։ Ոմանք նույնիսկ գետի մեջ են գցում։ Կան ընտանիքներ, որ իրենց համար մի քիչ բուրդ են պահում՝ անկողնի համար, բուրդը լվանում են գետի ջրում, ու կտորները լցվում են գետը։ Ինչ էլ անում ենք, վնասում ենք բնությունը։ Ցանկալի է, որ բրդի մշակման, լվացման կետ լինի, որպեսզի կարողանանք իրացնենք։ Ոչ ոք չի հետաքրքրվում բրդով։ Առաջ մեր տատիկներն էին լվանում, բայց դա շատ ծանր ու բարդ գործ է, հիմա անհատական այդ քանակությամբ բուրդ ոչ ոք չի ուզենա լվանալ»,-ասում է Շահանեն։
Գյուղում ջրի խնդիր էլ կա, անձրևների ժամանակ աղտոտվում է․«Ջրավազանի մեջ է լցվում, մինչև հասնում է մեզ, ջուրը աղտոտված է լինում»։
Ադրբեջանին սահմանակից այս գյուղում, ինչպես Շահանեն է նշում, թեև անվտանգային խնդիրներով մտահոգված են, բայց բնակիչների շրջանում խուճապ կամ խիստ անհանգստություն չկա․«Մենք բոլորս մեր առօրյա գործերով ենք զբաղված, ամեն օր պայքարում ենք, ապրում»։
Նելլի Բաբայան