Խուզարկություններ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում | Region

Խուզարկություններ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում

Հուլիս 02,2025 12:22

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։ Առայժմ իրավապահները պաշտոնական հայտարարություն չեն տարածել։

Հիշեցնենք, որ  այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր աշխատանքից ազատել Կարապետյանին  պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցներին։  Փաշինյանը գրել է․«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն»։

Նկատենք, որ ավելի վաղ  «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը քաղաքացիներին կոչ էր անել հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին հավաքվել Երևանի Մաշտոցի պողոտայի Սիզնս (Մալիբու) այգու մոտ՝ մասնակցելու երթին ի աջակցություն կալանավորված Սամվել Կարապետյանի։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,- հայտարարել էր Սամվել Կարապետյանը, ինչի համար նար կալանավորվեց երկու ամսով։ Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։

Գործարարի այդ հայտարարությունից հետո Փաշինյանը հայտարարեց ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին։ Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ 65 կողմ, 30 դեմ ձայներով ընդունեցՀԷՑ-ը պետականացնելուն միտված նախագիծը։

Խորհրդարանի արտահերթ նիստում այն արագացված ընթացակարգով է քննարկվում՝ 24-ժամյա ռեժիմով, ժամեր անց պետք է տեղի ունենա նախագծի երկրորդ ընթերցումը:

Նորություններ