Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ վաղը կարող ենք բացել սահմանը․ Միրզոյան | Region

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ վաղը կարող ենք բացել սահմանը․ Միրզոյան

Հոկտեմբեր 16,2026 12:22

Այսօր  COP 17-ի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով հյա-թուրքական հարաբերություններին, ասել է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ, պայմանական, վաղը կարող ենք բացել սահմանը։

«Հայաստան-Թուրքիա երկխոսությունն այնքան ինտենսիվ է, և արդեն կարող ենք ասել դիվանագիտական խողովակներով, զանազան տնտեսական առևտրային հարցերով, և այս գործընթացը այնքան է հասունացել, որ իսկապես, պայմանական, վաղը կարող ենք զարթնել և տեսնել, որ արդեն երկու կողմերը ասեցին վերջ, այսօր բացում ենք սահմանը երկկողմ շարժի՝ և ուղևորափոխադրումների, և բեռնափոխադրումների համար»,- ասել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև էլեկտրաէներգետիկական ցանցերի փոխկապակցումն ամենահեշտ իրագործելի քայլն է, որն արդեն ընթացքի մեջ է։

Նա ասել է, որ այդ ուղղությամբ մասնագիտական, տեխնիկական-փորձագիտական մակարդակի  շատ հանդիպումներ ու քննարկումներ այժմ էլ ընթանում են․« Եվ այո՛, մեծ հավանականություն կա, որ դա կարելի է չբարդացնել, չհետաձգել, չթողնել բոլոր անհրաժեշտ բաներից հետո անելուն։ Բաներ կան, որ հիմա կարող են արվել, և այս առումով էլեկտրական հոսանքի ցանցերի փոխկապակցումն ամենահեշտ իրագործելին է. արվում է, արդեն ընթացքի մեջ է։ Տարբեր փուլերով տարբեր հարցեր կան։ Կարծում եմ՝ ամենաառաջնային արդյունքները շատ մոտ ապագայում կարող ենք տեսնել, որովհետև  այդտեղ շատ կառուցելու բան չկա։ Նույն հոսանքի մասով՝ բան կա, որ մեծ աշխատանք է պահանջում, բան կա, որ կարելի է հեշտ ու արագ անել»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել էր Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝  կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման աշխատանքները։ Նախարար Խուդաթյանն ընդգծել է երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման կարևորությունը երկկողմ և տարածաշրջանային համագործակցության համատեքստում։ Նույն օրը Թուրքիայի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ների ղեկավարության հետ։

Նորություններ