Դատարանը կարճել է կարգալույծ հռչակված հոգևորականների հայցերի վարույթը․ եկեղեցական վեճերը քաղաքացիական դատարանի ենթակայությամբ չեն | Region

Դատարանը կարճել է կարգալույծ հռչակված հոգևորականների հայցերի վարույթը․ եկեղեցական վեճերը քաղաքացիական դատարանի ենթակայությամբ չեն

Հոկտեմբեր 23,2026 11:04

Կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Թադե քահանա Թախմազյանի հայցերով քաղաքացիական գործերի վարույթները կարճվել են։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է, որ հոգևորականներին կարգալույծ հռչակելու վերաբերյալ վեճերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Երկու հոգևորականները դատարանից պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ իրենց կարգալույծ հռչակելու հայրապետական տնօրինությունները և վերականգնել նախկին պաշտոններում՝ Ասատրյանին՝ Սուրբ Հովհաննավանքի, Թախմազյանին՝ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։

Այս երկու գործերով էլ դատարանը եզրակացրել է, որ հոգևորականներին կարգալույծ հռչակելու հարցերը վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին և կարգավորվում են եկեղեցական կանոններով և ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Միաժամանակ վերացվել են ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով Մայր Աթոռին և այլ անձանց պարտավորեցրել էին չխոչընդոտել երկու հոգևորականների պաշտոնավարմանը մինչև գործերով վերջնական դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը։

Ըստ փաստաբան Զոհրաբյանի՝ դատարանները հաստատել են նաև, որ հոգևոր ծառայությունը չի կարող ինքնաբերաբար նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից։ Երեկ նույն հիմնավորմամբ կարճվել էր նաև Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի հայցով գործի վարույթը։ Նա ևս պահանջում էր անվավեր ճանաչել Կաթողիկոսի որոշումը և վերականգնել իրեն թեմակալ առաջնորդի պաշտոնում։

Նորություններ