«Ընդդիմության մոտեցումը երեխայություն է, իսկ իշխանությունն «խաշ ուտելով» արդեն արտահերթ ընտրությունների քարոզարշավ է անում».Արմեն Բաղդասարյան
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ մեզ սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ են, որովհետև կառավարման այս խորհրդարանական մոդելը չի աշխատում. այն պարզապես արդյունավետ չէ։ Անձամբ ես կարծում եմ, որ մենք կարող ենք վերադառնալ կիսանախագահական համակարգին, քանի որ հենց դա է իշխանափոխության իրական հնարավորության բացումը։ Իսկ ներկայիս պայմաններում մենք տեսնում ենք, որ նույն մարդը կարող է մշտապես և ցմահ ղեկավարել երկիրը, ընդ որում՝ առանց որևէ հանրային վերահսկողության և առանց իշխանության տարբեր ճյուղերի ու պետական համակարգի տարբեր օղակների միջև հավասարակշռության։ Կարծում եմ՝ հենց այս իմաստով, այո՛, փոխելն անհրաժեշտ է»,-REGIONSTV-ի հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունները թելադրված են Ադրբեջանի կողմից․ «Դա Ադրբեջանի ուղղակի պահանջն է, և ուստի կարծում եմ, որ այս պահին անհրաժեշտություն չկա գործը հասցնելու Ադրբեջանի այս վերջնագրի կատարմանը։ Առավել ևս, որ դա խաղաղություն չի երաշխավորում. դրանից հետո Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնելու։ Մենք պետք է առաջ շարժվենք մեր օրակարգով, և Ադրբեջանի պահանջներն այդ օրակարգում տեղ չունեն։ Խաղաղությունը, իհարկե, կարևոր է, բայց հենց խաղաղությունը, այլ ոչ թե կապիտուլյացիան»։
Արմեն Բաղդասարյանը գտնում է, որ մենք չպետք մեր Սահմանադրությունը փոխենք Ալիևի թելադրանքով։ Ադրբեջանի իշխանությունը պնդում է, թե «Հայաստանը պետք է Սահմանադրությունից հանի Անկախության հռչակագրի հղումը, որը տարածքային պահանջներ է ներկայացնում Բաքվին»։
Բաղդասարյանը կարծում է, որ մենք չպետք է դա անենք, կամ պետք է անենք Ադրբեջանին զուգահեռ, որովհետև նրանց Սահմանադրության մեջ կա ճիշտ նույնպիսի հայելային պահանջ․ « Եթե նրանք նույնպես զուգահեռաբար հանրաքվե անցկացնեն և ինքնուրույն փոխեն այն, դա բոլորովին այլ հարց կլինի, և ես կողմ կլինեմ դրան։ Բայց եթե մենք դա անենք, իսկ նրանք չհրաժարվեն, ապա նրանք կշարունակեն իրենց պահանջները։ Իսկ եթե մենք հրաժարվենք, կարծում եմ՝ դա կլինի միակողմանի քայլ, որը մեզ չի մոտեցնի խաղաղությանը, այլ լոկ կհանգեցնի հետագա լարվածության աճին»։
Բաղդասարյանը կասկածում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունակ է հայելային պահանջ ներկայացնել։ Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ շահագրգռված է սեփական իշխանության ամրապնդմամբ, իսկ նրա իշխանությունն ու դրա տևողությունը պարզապես կախված են Ադրբեջանից, որովհետև նրա գլխավոր հաղթանակը խաղաղությունն է։
«Ադրբեջանը կարող է պայթեցնել այդ օճառի պղպջակը ընդամենը մի քանի օրում՝ լարվածության գոտիներում, և ակնհայտ դառնա, որ նման խաղաղություն չկա։ Ահա թե ինչու է Փաշինյանն ընտրել Ադրբեջանի բոլոր ցանկությունները կատարելու ուղին, որպեսզի հանկարծ այդ «խաղաղության պղպջակը» չպայթի, և նրա իշխանության գլխավոր հենարանն այդպիսով չփլուզվի»,-նշում է Բաղդասարյանը։
Վերլուծաբանն ընդգծում է՝ սահմանադրական փոփոխությունները բավարար պայման չեն խաղաղության պայմանագիր ստորագրելու և հակամարտությանը վերջնականապես վերջ դնելու համար։ Նա վստահ է, որ ապագայում Բաքուն ուղղակիորեն կբարձրացնի այսպես կոչված «իր փախստականների վերադարձի» հարցը․ « Նրանք նոր պահանջներ են ներկայացնելու՝ փոխհատուցման պահանջներ, ինչպես նաև ատոմակայանը փակելու պահանջ և այլն։ Այսինքն՝ այդ պահանջները չեն դադարի, որովհետև նրանց նպատակը խաղաղությունը չէ, այլ խաղաղության համաձայնագրի պատրվակով Հայաստանը առավելագույնս թուլացնելն ու Ադրբեջանից կախվածության մեջ պահելը։ Նրանց նպատակը Հայաստանին կախվածության մեջ պահելն է, այլ նորմալ հարաբերությունների հաստատումը»։
Իշխանությունն առաջարկում է սահմանադրական բարեփոխումներ՝ պնդելով Անկախության հռչակագրին սահմանադրական հղումից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Առաջիկայում պետք է հրապարակվի սահմանադրության նոր տեքստը, իշխանությունը մտադիր է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնել կամ արտահերթ ընտրություններ։
Բաքուն խաղաղության փաստաթղթի վերջնական ստորագրումը կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։
Երևանը բազմիցս հայտարարել է, որ գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում որևէ պետության նկատմամբ։ Ընդ որում, Փաշինյանը ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումը բացառապես Հայաստանի ներքին գործն է և կապված չէ Ադրբեջանի կամ արտաքին այլ սուբյեկտների պահանջների հետ։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ իշխանությունները կփորձեն համոզել ընդդիմությանը աջակցել նոր Սահմանադրության նախագծին։ «Մենք կհրապարակենք նոր սահմանադրության նախագիծը, կսկսվեն հանրային քննարկումներ, կընդունվեն և կքննարկվեն առաջարկություններ։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվի, որ նոր սահմանադրության նախագիծը բավարար չափով քննարկվել է հանրության շրջանում, ինչից հետո մենք կկազմակերպենք նոր սահմանադրության նախագծի հաջորդ քննարկումը։ Եթե համաձայնության գալ չհաջողվի, այն ժամանակ որպես տարբերակներից մեկը դիտարկվում են արտահերթ ընտրությունները»,- ասել է նա խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Սահմանադրական փոփոխության շուրջ կառավարության և ընդդիմության միջև տարաձայնությունները սրվել են նոր թափով։ Մինչ կառավարությունը փորձում է հիմնավորել նոր Սահմանադրության անհրաժեշտությունը, ընդդիմությունը պնդում է, որ դա կարող է դառնալ ևս մեկ քայլ Ադրբեջանի պահանջների կատարման ճանապարհին։ Այս քաղաքական հակադրության ֆոնին Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 13 ուժեր միավորվել են նոր Սահմանադրության ընդունմանը և հանրաքվեի անցկացմանը հակազդելու օրակարգի շուրջ։
Արմեն Բաղդասարյանը չի պատկերացնում, թե ինչպես են իշխանությունները կարողանալու հանրաքվե անցկացնել՝ առանց ընդդիմադիր պատգամավորների վրա ուղղակի ճնշում գործադրելու։ «Ընդդիմությունը պնդում է, թե մենք չենք տրվի այդ ճնշմանը, բայց դա երեխայություն է, և դրա համար էլ իրավիճակը մտել է փակուղի։ Այսօր ընդդիմությունը համախմբվել է սահմանադրական փոփոխությունները թույլ չտալու հարցի շուրջ, մինչդեռ ավելի ճիշտ կլիներ միավորվել նոր ընտրություններին պատրաստվելու շուրջ։ Եթե նրանք միավորվեն, պատրաստվեն արտահերթ ընտրություններին և հանդես գան միասնաբար, ապա այդ միավորումը կլինի արդյունավետ։ Իսկ եթե նրանք թույլ տան նույն սխալը, ինչ հունիսի 7-ի ընտրություններից առաջ, ապա իշխանություններն ավելի մեծ շանսեր կունենան հաջորդ խորհրդարանում ստանալու ավելի մեծ ներկայացվածություն, քան այս 49%-ն է»,-ասում է Բաղդասարյանը։
Նա համոզված է, որ իշխանությունները պլանավորում են արտահերթ ընտրությունների սցենարը, նշում է՝ նրանք արդեն դրան պատրաստվում են,․«Բուն արշավից ակնհայտ է, որ իշխանություններն արդեն սկսել են այն. մենք տեսնում ենք անմիջական այցելություններ, հանդիպումներ մարդկանց հետ բակերում, խաշ ուտել, ուղղակի շփումներ և այլն։ Դա քարոզարշավ է, դրան պարզապես արդեն պատրաստվում են, և ես ընտրությունները հնարավոր եմ համարում։ Կարծում եմ՝ եթե իշխանությունները կարողանան խնդիրը ներկայացնել այնպես, որ հարցը ոչ թե նոր Սահմանադրությունն է, այլ պատերազմի ու խաղաղության միջև ընտրությունը, ապա, կարծում եմ, իշխանությունները հաջողության լուրջ շանս կունենան»։
Բաղդասարյանը նկատում է՝ քաղաքական հետևանքները կարող են շատ ավելի շոշափելի լինել. եթե իշխանություններին հաջողվի հասնել ավելի լայն ներկայացվածության նոր ընտրություններում, նրանք նկատելիորեն ավելի ինտենսիվորեն կսկսեն մերձենալ Արևմուտքի հետ, և Հայաստանում իրավիճակը դրանից կվատթարանա․«Ռուսաստանն ու Իրանն էլ, իրենց հերթին, կփորձեն հակազդել Հայաստանի նման քաղաքականությանը շատ ավելի կոնկրետ ու կոշտ քայլերով։ Այս ամենն անխուսափելիորեն իր հետ կբերի լուրջ տնտեսական, սոցիալական և քաղաքական հետևանքներ»։ Բաղդասարյանը։
Զաբելա Ավագյան
