Արմեն Վարդանյան. «TRIPP-ը կարող է փոխել տարածաշրջանի ողջ իրադրությունը, այն շահավետ է բոլոր կողմերի համար» | Region

Արմեն Վարդանյան. «TRIPP-ը կարող է փոխել տարածաշրջանի ողջ իրադրությունը, այն շահավետ է բոլոր կողմերի համար»

Նոյեմբեր 25,2026 21:40

«Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծ է, որը կարող է փոխել ողջ տարածաշրջանային իրադրությունը և շոշափելի ֆինանսական օգուտ բերել բոլոր մասնակիցներին։ Այս կարծիքին է  իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝։

Նոյեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց տեսաուղերձներում հայտարարեցին նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակները նախանշվել էին դեռևս 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Փաշինյանը ծրագիրն անվանեց անկախության ձեռքբերումից ի վեր խոշորագույն տնտեսական նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա դերը երկրի անվտանգության ամրապնդման և գործընկերների շրջանակի ընդլայնման գործում։ Թրամփն իր հերթին հայտարարեց TRIPP Development Company ընկերության գործարկման մասին և շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ աջակցության համար։

Նախագծով նախատեսվում է Հայաստանի Սյունիքի մարզով անցկացնել 42-կիլոմետրանոց մայրուղի՝ ավտոմոբիլային, երկաթուղային, նավթագազային և էներգետիկ ենթակառուցվածքներով, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ, իսկ այնուհետև դուրս կգա Թուրքիայի ցանցեր։ Շրջանակային պայմանավորվածությունների համաձայն՝ ԱՄՆ-ը ստանում է բաժնետոմսերի 74%-ը, Հայաստանը՝ 26%-ը՝ հետագայում իր մասնաբաժինը մինչև 49% ավելացնելու հնարավորությամբ։

Իրավազորությունը, սահմաններն ու հայելայնությունը

RegionsTV –ի հետ զրույցում Արմեն Վարդանյանը մեկնաբանելով TRIPP-ի պաշտոնական մեկնարկը, նշեց՝ Սյունիքում առաջին հերթին կկառուցվի ավտոճանապարհը. դա կտևի մի քանի ամիս, մինչդեռ երկաթուղու կառուցումն ավելի շատ ժամանակ կպահանջի։ Ի պատասխան՝ Ադրբեջանը պետք է Հայաստանին դեպի Ռուսաստան ելք տրամադրի Իջևան-Ղազախ հատվածով։

Մեկնաբանելով ճանապարհի վերահսկողության հարցը՝ փորձագետը հերքեց Բաքվի հայտարարությունները հայկական վերահսկողության բացակայության մասին.«TRIPP-ի փաստաթղթում հստակ նշված է, որ երթուղին գտնվում է Հայաստանի իրավազորության ներքո, և հայկական կողմից բացի՝ որևէ մեկը չի կարող վերահսկել այն։ Սահմանին գործելու է վերահսկողություն՝ պարզեցված, բայց բեռը կամ քաղաքացիներին կանգնեցնելու և ստուգելու հնարավորությամբ։ Ալիևի հայտարարություններն այն մասին, թե ադրբեջանցիները ոչ մի հայի չեն տեսնի, նախատեսված են բացառապես ներքին լսարանի համար»։

Միևնույն ժամանակ Վարդանյանն ուշադրություն հրավիրեց Նախիջևանի տարածքով Հայաստանի քաղաքացիների տեղաշարժի չլուծված հարցի վրա. «Մեխանիզմը դեռ չկա, այն անհրաժեշտ է համաձայնեցնել։ Իմ կարծիքով՝ այստեղ պետք է գործի հայելայնության սկզբունքը. որքան անխոչընդոտ ադրբեջանցիները կանցնեն Հայաստանի տարածքով, նույնքան ազատ էլ հայերը պետք է տեղաշարժվեն Ադրբեջանի տարածքով»։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները

Քաղաքագետի կարծիքով՝ TRIPP-ի իրագործումը կթուլացնի Մոսկվայի դիրքերը Հարավային Կովկասում, քանի որ երթուղին ձևավորում է հաղորդակցության ուղի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև (Միջին միջանցք)՝ շրջանցելով Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը։

Պաշտոնապես Մոսկվան դեմ չի արտահայտվում, սակայն ոչ պաշտոնապես խոչընդոտում է նախագծին։ Վարդանյանը չի բացառում, որ Հայաստանում մասնագիտացված ընկերությունների բացակայության պատճառով երկաթուղու շինարարությանը կարող են ներգրավվել ռուսական կամ իրանական կապալառուներ, սակայն մերժում է Ռուսաստանի մուտքը բաժնետերերի կազմ. Երևանը դրան դեմ է տրամադրված։

Վարդանյանը համոզված է՝ ԱՄՆ Կոնգրեսում ուժերի դասավորության հնարավոր փոփոխությունը չի կարող սպառնալ նախագծին, քանի որ նախաձեռնությունը սկզբնավորվել էր դեռևս Ջո Բայդենի վարչակազմի օրոք, իսկ Դոնալդ Թրամփի թիմին հաջողվեց այն հասցնել գործնական իրագործման։

Թեհրանում միասնական դիրքորոշում չկա երթուղու վերաբերյալ։ Մինչ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Երևանում հայտարարում է TRIPP-ի հետ կապված խնդիրների բացակայության մասին, արմատական թևը մտահոգություն է հայտնում ամերիկացի զինվորականների հնարավոր հայտնվելու կապակցությամբ։ Վարդանյանը հիշեցնում է՝ Հայաստանի իշխանությունները բազմիցս հավաստիացրել են, որ երթուղում ամերիկյան որևէ ռազմական կոնտինգենտ չի տեղակայվելու։

Էներգետիկա և տեխնոլոգիական ներդրումներ

Անդրադառնալով Հայաստանի էներգահամակարգը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին միացնելու ծրագրերին՝ Վարդանյանն ընդգծեց, որ խոսքը ոչ թե կախվածության, այլ դիվերսիֆիկացիայի մասին է. Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ և կարող է այն արտահանել դեֆիցիտ ունեցող Թուրքիայի արևելյան շրջաններ։

Փորձագետը նաև կապեց TRIPP-ի մեկնարկը ԱՄՆ-ի մասշտաբային տեխնոլոգիական ներդրումների հետ, մասնավորապես՝ Firebird ընկերության կողմից Հրազդանում խոշոր AI-կենտրոնի կառուցման հետ, որի հզորությունը մինչև 2027 թվականի վերջ նախատեսվում է հասցնել մինչև 1200 ՄՎտ էներգիա պահանջող մակարդակի (ներդրումների ծավալը գնահատվում է մոտ 4 միլիարդ դոլար)։

«Վաշինգտոնը նման ռազմավարական մակարդակի տեխնոլոգիաներ է տրամադրում միայն առանցքային դաշնակիցներին, ինչպիսիք են Իսրայելը, իսկ այժմ նաև Հայաստանը։ Առանց TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի՝ այս բազմամիլիարդանոց ներդրումները երկիր չէին գա»,-նշեց քաղաքագետը։

Խաղաղության պայմանագրի հեռանկարները

Գնահատելով նախագծի ազդեցությունը խաղաղության գործընթացի վրա՝ Արմեն Վարդանյանը հիշեցրեց Բաքվի գլխավոր նախապայմանի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության և դրանից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին։

Փորձագետի կարծիքով՝ այդ պահանջն ընդամենը պատրվակ է գործընթացը ձգձգելու համար. Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում և չի խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է օգտագործել այդ փաստարկը՝ համաձայնագրի կնքումից խուսափելու նպատակով։ Այնուամենայնիվ, TRIPP-ի տնտեսական տրամաբանությունը, որը Բաքվին տալիս է դեպի Նախիջևան ամենակարճ ճանապարհը, Անկարային՝ ուղիղ ելք դեպի տարածաշրջան, իսկ Երևանին՝ ներդրումներ, աշխատատեղեր և տարանցիկ հանգույցի կարգավիճակ, նախագիծը դարձնում է շահավետ բոլոր կողմերի համար։

Զաբելա Ավագյան

Նորություններ