Պարաֆին հալելուց մինչև բուրավետ մոմեր պատրաստելն ու իրացումը. աշակերտական ձեռնարկատիրություն Եղեգնաձորում
Եղեգնաձորի ավագ դպրոցում աշակերտները միայն գրքեր չեն «կրծում», նաև փորձարկում են իրենց ձեռնարկատիրական հմտությունները HowlCandle-ի միջոցով:
Յուրաքանչյուր տարի 11-րդ դասարանցիները ստեղծում են իրենց բիզնեսը. այս տարի 11գ-ի հերթն էր։
Ամբողջ դասարանն իր մասնակցությունն ունի մոմ պատրաստելու նախաձեռնության մեջ։ Աշակերտների մեծ մասն ընդգրկվել է մոմերի արտադրության գործընթացում, մի խումբը ուսումնասիրում է շուկան, մեկ այլ խումբ ֆինանսների կառավարմամբ է զբաղվում, մյուս խումբն էլ գործընկերներ է փնտրում։
Ուսուցչուհի Ծովիկ Մկրտչյանի օգնությամբ աշակերտները ստանում են ձեռնարկատիրական կրթության գիտելիքներ և դրանք կիրառում գործնականում։ Աշակերտները մեծ ոգևորվածությամբ ուսումնասիրել և իրականացրել են ամբողջ գործընթացը՝ պարաֆին հալելուց մինչև բուրավետ մոմեր ստանալը, փաթեթավորելն ու վաճառելը։
Նրանց համոզմամբ՝ այս մոմերը պարզապես ապրանք չեն. դրանք աշակերտների թիմային աշխատանքի և նվիրվածության արտացոլումն են: Մոմերի կողքով ոչ ոք անտարբեր չի անցնում, նույնիսկ անսպասելի հյուրեր են ունեցել, ինչպես թիթեռը, որը տարված էր մոմերի անուշ բույրերով:
Մոմերի վաճառքից ստացված հասույթը աշակերտները ցանկանում են հատկացնել դպրոցին՝ ֆինանսավորելով որևէ ծրագիր աշակերտների համար: Դա առաջ տանելու և դպրոցական համայնքի վրա տևական ազդեցություն թողնելու աշակերտների ճանապարհն է:
Աշակերտներից Կարինե Կարապետյանը նշում է. «HowlCandle-ի հաջողությունը գերազանցեց մեր սպասելիքները: Մենք ոչ միայն բարգավաճ բիզնես ենք կառուցել, այլև արժեքավոր դասեր ենք քաղել թիմային աշխատանքի, հաղորդակցման և խնդիրների լուծման գործում: Մեր ուսուցիչը մեծ դեր է ունեցել մարտահրավերների միջով մեզ առաջնորդելու և ձեռքբերումներ ունենալու հարցում»:
Իսկ Էլիզա Պետրոսյանն ընդգծում է. «HowlCandle-ը ներկայացնում է ավելին, քան պարզապես բիզնեսը. դա մեր դպրոցի ոգու և տոկունության խորհրդանիշն է: Միասին մենք լուսավորում ենք մեր դպրոցը, վառում ենք մեկ մոմ և թողնում ենք մնայուն ժառանգություն ապագա սերունդներին՝ այս բառերի ուղիղ և փոխաբերական իմաստներով»։