Վանդալների պшտերազմը հայկական ինքնության, պատմության և մշակույթի հետ | Region

Վանդալների պшտերազմը հայկական ինքնության, պատմության և մշակույթի հետ

Մայիս 09,2024 14:05

– 21-րդ դարի խայտառակությունը. Շուշիի մշակութային ցեղшսպանություն

 – Հայկական ժառանգության բարբարոսական ոչնչացումը օրեցօր սաստկանում է

1992 թվականի մայիսի 8-9-ը ազատագրվեց Արցախյան ազատագրական պայքարում ռազմական կարևոր նշանակություն ունեցող բերդաքաղաք Շուշին: Անշուշտ, Շուշիի ազատագրումը արցախցիների համար կարևոր հաղթանակների խորհրդանիշ է։ Կյանքը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ուժեղ է այն ժամանակ, երբ միասնական է։ Շուշիի ազատագրումը և Լաչինի միջանցքով Մայր Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնումը փաստացի Արցախի, Հայաստանի և Սփյուռքի առաջին խոշոր ձեռքբերումներն էին, ինչպես նաև Արցախի ինքնապաշտպանական ուժերի համար առաջին լուրջ ու մասշտաբային փորձությունը: Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ «Հարսանիք լեռներում» գործողությունը Շուշին ազատագրելու առաջին լայնամասշտաբ միջոցառումն էր: Նվազագույն կորուստներով հայերի հաղթանակը ծանր ու կործանարար բարոյահոգեբանական հարված էր Ադրբեջանի համար։ Լեգենդար Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյանը, բնութագրելով այս պատմական իրադարձությունը, նշել է՝ «Շուշիի գրավմամբ թշնամու ողնաշարը կոտրվեց թե ֆիզիկապես, թե հոգեպես»:

Հիշեցնենք, որ Շուշին հայերի մշակութային մայրաքաղաքն է, իսկ 19-20-րդ դարերում Շուշին եղել է Կովկասի կրթամշակութային կենտրոններից մեկը: Հայ և համաշխարհային մշակույթի շատ հայտնի գործիչներ այս քաղաքից են։

«Իր կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 1918 թվականից, արհեստականորեն ստեղծված Ադրբեջանը որդեգրել է հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականություն, ինչը Ադրբեջանի հակահայկական քաղաքականության անբաժանելի մասն է», – նշել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովը: «Երբ 1920թ.մարտի 23-ին Շուշիում իրականացվեց ցեղասպանություն, ավերվեցին պատմական նշանակություն ունեցող բազմաթիվ շենքեր և շինություններ, հարձակման ենթարկվեցին Ղազանչեցոց եկեղեցին, բազմաթիվ հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ: Սա 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակությունն էր, և հետագայում ևս մենք ականատես եղանք նման ցեղասպան քաղաքականության։ Դա շարունակվեց նաև խորհրդային տարիներին»։

Հովիկ Ավանեսովի խոսքով՝ խորհրդային շրջանում հայկական պատմամշակութային հուշարձանները, եկեղեցիները, պատմական նշանակության շենքերն ու շինությունները հիմնովին ավերվել են, դրանց տեղում կառուցվել են ադրբեջանական դպրոցներ և շենքեր: Մինչև 1992թ. Շուշիի ազատագրումը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին օգտագործվել է ռազմական նպատակներով, եկեղեցու տարածքում տեղակայվել են հրթիռահրետանային կայանքներ՝ նախատեսված Գրադ համազարկային կայանքների համար, որոնց միջոցով ռմբակոծվել են Ստեփանակերտը և հարակից տարածքները ՝ ընդհուպ մինչև բերդաքաղաքի ազատագրումը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր կազմավորման առաջին օրերից իրականացնում է ոչ միայն հայկական պատմամշակութային ժառանգության, այլև ընդհանրապես հայ ազգի ոչնչացման քաղաքականություն: Ադրբեջանի կողմից տարածաշրջանին տիրանալու փորձերին խանգարում են դարեր ի վեր այստեղ ապրող հայ ժողովուրդը և նրա բազմաթիվ քրիստոնեական սրբավայրերը, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը, ինչպես Արցախյան աշնանային պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո ակտիվորեն կյանքի է կոչում ցեղասպան քաղաքականությունը՝ ստանալով Թուրքիայի աջակցությունը։

Հայկական ժառանգության բարբարոսական ոչնչացումը օրեցօր սաստկանում է: Ընդ որում, Ադրբեջանն օգտագործում է ազդեցության տարբեր հնարավորություններ՝ քանդում, ոչնչացնում է տաճարներն ու հուշարձանները, փորձում է ալբանացնել հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, կեղծ տեղեկություններ է տարածում ռազմական գործողությունների հետևանքով հուշարձանների ոչնչացման մասին և, որ ամենասարսափելին է, իբր հենց հայերի կողմից։

Հովիկ Ավանեսովը նշել է, որ 2020 թվականի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ է հայտնվել Շուշիի մշակութային ժառանգությունը: Իսկ հետո, բերդաքաղաքի գրավումից հետո, մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը զուգահեռ սկսվեցին «վերականգնողական” աշխատանքները»։ «Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի տարածքում ընթանում են տաճարի ամբողջականությունը խախտող աշխատանքներ։ Ներկայացվում է այնպես, կարծես վերականգնում են նախկին տեսքը, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Ժխտվում է Շուշիի պատմության հայկական հետքը, հայկական ծագումը։ Քաղաքը ներկայացվում է որպես իսլամական աշխարհի մշակութային կենտրոն։ Դրանով տրվում է Արցախի պատմական հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականության մեկնարկը։ Դա արվում է կրկին պետական մակարդակով», – ընդգծել է Ավանեսովը։

Ցավոք, հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմն ադրբեջանական կողմից իրականացվում է միջազգային հանրության, միջազգային և մասնագիտական կառույցների անգործության ֆոնին: Այս կառույցները չեն կատարում իրենց գործառույթները, չնայած կան մի շարք որոշումներ, որ Արցախի մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի, իսկ վանդալիզմի և ինքնության խեղաթյուրման ցանկացած դրսևորում պետք է բացառվի:

Զաբելա  Ավագյան    

Նորություններ