Երկրագիտական թանգարանը կդառնա միջազգային դպրոց, իսկ Ազնավուրի արձանն ու կամարը գեղարվեստական լուսավորություն կունենան. Գյումրու ավագանու արտահերթը | Region

Երկրագիտական թանգարանը կդառնա միջազգային դպրոց, իսկ Ազնավուրի արձանն ու կամարը գեղարվեստական լուսավորություն կունենան. Գյումրու ավագանու արտահերթը

Օգոստոս 16,2024 09:20

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստին քննարկման էր դրված 3 նախագիծ․  Առաջինը՝ Գյումրի համայնքի Ջիվանու փողոց 74 հասցեում գործող Շիրակի երկրագիտական թանգարանի` նախկինում Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի շենքը, Գյումրի համայնքին նվիրաբերելու մասին որոշման նախագիծն էր։

Գյումրու Երկրագիտական թանգարանի շենքը գործում է Մյասնիկյան 118 հասցեում․ շենքը վթարային է, պայմաններն անբավարար, բայց դա չխանգարեց ավագանու որոշմանը։

Գյումրիում միջազգային շվեյցարական դպրոց ստեղծելու ծրագրի ներկայացուցիչ Խաչիկ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ շենքը կազմակերպությանը նվիրաբերվելու է 50 տարի ժամկետով, և կարևորեց, որ համաշխարհային բանկը ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրի իրականացմանը, իսկ կառավարությունն էլ այն տեղափոխել է Գյումրի․ «Դրա համար որոշում կայացվեց որ դպրոցը տեղափոխվի Գյումրի, իսկ երկրագիտական թանգարանի շենքը սկզբում պետք է մտնի Գյումրի համայնքի բալանս, բալանսից  նոր վարձակալությամբ տրվի ընկերությանը` կոնկրետ նպատակով այսինքն`ոչ թե նվիրատվություն  է, դա նվիրաբերություն է։ Նվիրաբերության կոնկրետ պայմաններ կան.  տարածքն անհատույց տրամադրել Լոզանի համալսարանի մասնաճյուղին` պայմանով, որ մենք պետք է իրականացնենք 2 փուլով աշխատանքներ` առաջին փուլը մոտ`1մլրդ 500մլն դրամ  և երկրորդ փուլը՝ մինչև 2մլրդ դրամ արժեքով։ Կառավարության հետ եկանք համաձայնության, որ այս շենքը փոխանցենք Գյումրիին, Համաշխարհային բանկի հետ քննարկելով, որ այն կարողանան մեզ տրամադրել անհատույց վարձակալության»:

Խաչիկ Հակոբյանի խոսքով ծրագիրն իրենից ներկայացնում է ունենալ միջազգային դպրոց՝ ռեստորանային փոքրիկ լսարաններով, հյուրանոցային համարներով՝ նախատեսված 1000 ուսանողի համար, որը, նրա խոսքով, մեծ թափ կհաղորդի տուրիզմի զարգացմանը՝ Գյումրիում: Խաչիկ Հակոբյանը նաև նշեց, որ, եթե ծրագիրը չհաջողի, գույքը նորից կմնա պետությանը, քանի որ իրավունք չունեն այն՝ այլ նպատակի ծառայեցնելու:

Գյումրիի շվեյցարական դպրոցում՝ կրթությունը նախատեսվում է արդեն կրթության առաջին աստիճանն ստացած Հայաստանի և արտերկրի քաղաքացիների համար։  Դասընթացների մեկնարկը կտրվի 6-7 ամսից՝ փուլային տարբերակով, մինչև շենքի պատրաստ լինելը՝ հանրակացարանային ուսումնական մասում։ Իսկ մինչև շենքի շահագործումը՝ կիրականացվի սեյսմիկ փորձաքննություն`վնաս չհասցնելով շինության ճարտարապետական տեսքին։
«Իմ նպատակն է, որ ծրագիրն անպայման լինի Գյումրիում, լինի Հայաստանում, չունենալ նման հարստություն, բաց թողնել՝ սերունդները դրա համար մեզ չեն ներելու, ասյտեղ խնդիրը բիզնեսը չէ, խնդիրը հայրենիքն է ու հայրենասիրությունը»,-իր խոսքում նշեց Խ․ Հակոբյանը։

Նիստին մասնակցող ավագանու 19 անդամների կողմից այս նախագիծը հաստատվեց:

Օրակարգում ընդգրկված երկրորդ հարցը «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի համաներդրման/համաֆինանսավորման նպատակով դրամական միջոցներ հատկացնելու մասին  նախագիծն էր, որը ևս հաստատվեց ավագանու կողմից:

Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանն իր զեկույցում նախ ներկայացրեց, որ ծրագիրը հաստատվել է ավագանու նիստով դեռևս 2021թվականին և պայմանավորվածություն է եղել ծրագրին փոխանցել 76մլն 315 հազար դրամ՝ որպես համաֆինանսավորում՝ քաղաքի համար արժեքավոր   ու կարևոր աշխատանքներ իրականացնելու համար․ ինչպիսիք են նոր աղբամանների և փողոցները մաքրող մեքենաների, աղբամանները լվացող սարքերի, տոմսային տնտեսության սարքերի ձեռքբերումն ու շահագործումը և այլն։ Իսկ բոլորովին վերջերս բերված հինգ ավտոբուսների շահագործումը լուրջ ձեռքբերում է Գյումրիի համար։

Պայմանագիրը կնքվել է 2021թ․-ին, բայց 2023թ․ նոյեմբերի 16-ին  հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված, երկու տոկոս բնապահպանական հարկի վճարման անհրաժեշտություն է առաջացել։ Հենց դրան էր վերաբերում տիկին Ջիլավյանի կողմից ավագանուն ներկայացված նախագիծը․ «Երկու տոկոս բնապահպանության հարկը նախատեսել` որպես համաֆինանսավորում, գումարը փոխանցել, որ 5 ավտոբուսները նորմալ ձևակերպումներ ունենան: Երկու տոկոս գումարը կկազմի 6մլն 135հազար դրամ: Մենք համաֆինանսավորման հոդվածով գումար ունենք, ավագանու նիստից հետո կարող ենք տեղաշարժը տալ, փոխանցել և սկսել հինգ ավտոբուսի ձևակերպման աշխատանքները»:

«Գյումրի քաղաքի Անկախության հրապարակ 1 հասցեում գտնվող Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շենքի և Ազնավուրի հրապապարակում գտնվող Շառլ Ազնավուրի արձանի ու կամարի գեղարվեստական լուսավորության աշխատանքներն իրականացնելու համար գումար հատկացնելու մասին» նախագիծը ավագանու նիստի քննարկմանը դրված 3-րդ հարցն էր։ Այն քվեարկության դրվեց մի մասով․ այն է՝ հաստատել Շառլ Ազնավուրի արձանի ու կամարի գեղարվեստական լուսավորության աշխատանքներն իրականացնելու համար նախատեսված գումարը՝ 1մլն 700հազար դրամի չափով: Ավագանու  անդամների հորդորով  հարցի մյուս` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շենքի գեղարվեստական լուսավորությանն առնչվող հատվածը հանվեց քվեարկությունից, առաջարկվեց տեսնել հարցի երկրորդ մասի ստացված, ողջամիտ և հաջողված լինելը, և, ըստ այդմ, հետագայում իրականացնել առաջինը: Առաջարկն ընդունվեց, և հարցի երկրորդ մասը դրական որոշման արժանացավ ավագանու անդամների կողմից:

 

Ելենա Ավետիսյան

 

Նորություններ