Զուգահեռներ հետխորհրդային երկրների միջև. Հայաստանն ու Վրաստանը բրիտանացու աչքերով | Region

Զուգահեռներ հետխորհրդային երկրների միջև. Հայաստանն ու Վրաստանը բրիտանացու աչքերով

Հոկտեմբեր 01,2024 14:10

Որպես բրիտանացի՝ ես շատ հազվադեպ հնարավորություն եմ ունեցել ոչ միայն այցելելու, այլև մի քանի ամիս ապրելու Բրիտանիայից հեռու գտնվող երկրներում՝ Վրաստանում և Հայաստանում, որոնց մայրաքաղաքները Լոնդոնից ավելի քան 3500 կիլոմետր հեռավորության վրա են։ Այս հոդվածում ես ընթերցողին կպատմեմ այն ​​մասին, թե ինչպես հայտնվեցի անդրկովկասյան այս երկու երկրներում, և իմ նկատած նմանությունների ու տարբերությունների մասին։

Նախ, ինձ թվում է, որ Վրաստանն ու Հայաստանը, ցավոք, այնքան էլ լավ ճանաչված չեն բրիտանացիների կողմից։ Անգլերենում Վրաստանը թարգմանվում է որպես «Georgia», այնպես որ, երբ Միացյալ Թագավորությունում մենք ասում ենք «Georgia», անմիջապես մտքիդ գալիս է ԱՄՆ Ջորջիա նահանգը: Մեզ մոտ փաստացի գրեթե մտքերով չի էլ անցնում, որ խոսքը Հարավային Կովկասում գտնվող երկրի մասին է։ Լավագույն դեպքում նրանք գիտեն, որ Ստալինը վրացի էր, և որ այս փոքրիկ երկիրը ռեգբիի բավականին լավ թիմ ունի։

Ինչ վերաբերում է Հայաստանի մասին գիտելիքներին, ապա, ցավոք, այս մասով վիճակն ավելի վատ է։ Մինչ այստեղ գալը, երբ մարդկանց ասում էի, որ շուտով Հայաստանում եմ լինելու, ամենից հաճախ հարցնում էին՝ «որտե՞ղ է այն» կամ նույնիսկ «ի՞նչ է դա»: Շատերը նույնիսկ չգիտեն, որ նման երկիր կա, իսկ մյուսները Հայաստանի մասին լսել են միայն հայտնի Քարդաշյան քույրերի հետ կապված:

Դուք կարող եք հարցնել, թե ինչպե՞ս եմ ես հայտնվել այդ խորհրդավոր երկրներում

Վրաստան մեկնելու հնարավորություն ընձեռվեց 2022 թվականին շատ անսպասելի պայմաններում։ Երբ ես Բիրմինգհեմի համալսարանի բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող էի, որտեղ սովորում էի ռուսերեն և ֆրանսերեն, ես և իմ կուրսընկերները հնարավորություն ունեցանք գնալ և սովորել մի երկրում, որտեղ նրանք խոսում էին մեր սովորած լեզվով: Ես պատրաստվում էի մի կիսամյակ սովորել եվրոպական ֆրանսախոս մի երկրի համալսարանում, իսկ մյուս կիսամյակը Ռուսաստանի համալսարանում (այլ ռուսալեզու երկրներում սովորելու տարբերակ չկար): Ինչ վերաբերում է Ռուսաստանում իմ ուսմանը, ես ուզում էի սովորել Կազանի համալսարանում և պատրաստվում էի այնտեղ մնալ 2022 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։ Գրեթե ամեն ինչ կազմակերպված էր, բայց հետո եկավ 2022 թվականի սարսափելի փետրվարի 24-ը, և ամեն ինչ կտրուկ փոխվեց։ Ինչպես հայտնի է ընթերցողին, այդ օրը Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա և, իհարկե, անվտանգության նկատառումներից ելնելով, Ռուսաստան մեկնելն այլևս հնարավոր չէր։

Թեև Կազան չգնացի, բայց ռուսաց լեզվի խորացված ուսուցումս ամենևին չվատթարացավ։ Պատմականորեն, լավ թե վատ, Ռուսաստանը միակ ռուսալեզու երկիրը չէ աշխարհում: Բիրմինգհեմի համալսարանի ռուսերենի մասնագետներն անմիջապես արձագանքեցին ստեղծված իրավիճակին և շփվեցին նախկին ԽՍՀՄ այլ երկրների տարբեր կազմակերպությունների և համալսարանների հետ։ Արդյունքում ունեցանք երեք տարբերակ՝ մեկ կիսամյակ սովորել Վրաստանում, Էստոնիայում կամ Ղազախստանում։

Առանց վարանելու ես նախընտրեցի սովորել Թբիլիսիի FORM ռուսաց լեզվի դպրոցում, քանի որ Վրաստանն անձամբ ինձ թվում էր այս երեք երկրներից ամենահետաքրքիրը։ Երկրորդ՝ կարծում էի, որ Վրաստանում ապրելը ինձ հնարավորություն կտա մեկնել Հայաստան, երկիր, որի հետ արյունակցական կապեր ունեմ, ինչպես գրել էի իմ նախորդ հոդվածներում։ Եվ այսպես, 2022 թվականի սեպտեմբերին ես և Բիրմինգհեմի համալսարանի մի քանի դասընկերներ արկածների մեկնեցինք Թբիլիսի, որտեղ մնացինք մինչև դեկտեմբեր։

Հայաստանում ճանապարհորդելու և ապրելու հնարավորություն ստացա «Դեպի Հայք» կազմակերպության շնորհիվ։ Այս հրաշալի կազմակերպության հետ իմ փորձառության մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:

Ինչ վերաբերում է համեմատություններին, ապա նախ և առաջ կարևոր է նշել, որ առաջին հայացքից Հայաստանն ու Վրաստանը նման են թվում, հատկապես աշխարհի շատ տարբերվող ծայրից ժամանած ինչ-որ մեկին, ինչպիսին ես եմ: Չի կարելի ժխտել, որ դրանք լեռնային երկրներ են՝ հրապուրիչ բնությամբ։ Մեծ Բրիտանիայում մենք Կովկասյան լեռների նման ոչինչ չունենք, ուստի թվում է, թե Հայաստանն ու Վրաստանն աշխարհագրական առումով շատ նման են:

Բացի այդ, այս երկրներում բնակվում են շատ հին քրիստոնյա ժողովուրդներ, որոնք, չնայած երկար տարիների օտարերկրյա վերահսկողությանը, կարողացել են պահպանել հարուստ ավանդույթներն ու սովորույթները: Համեմատած բրիտանացիների հետ՝ Հայաստանի և Վրաստանի բնակչությունը հիմնականում ավելի պահպանողական է, այստեղ քրիստոնեությունը դեռևս կարևոր դեր է խաղում հասարակության մեջ: Արդյունքում, իմ առաջին տպավորությունն այն էր, որ այս երկրները և՛ մշակութային, և՛ կրոնական տեսակետից շատ նման են, թեև վրացիների մեծ մասը վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդներ են, իսկ հայերը՝ Առաքելական եկեղեցու: Այս երկու ժողովուրդների մեկ այլ ընդհանուր հատկանիշ՝ և վրացիները, և հայերը շատ հյուրընկալ են, նրանք լուրջ են վերաբերվում հյուրընկալությանը։ Ես տեսա, որ նրանք շատ բաց են օտարերկրյա այցելուների համար, և  ընդհանուր առմամբ  ուրախ են ընդունել զբոսաշրջիկներին, որոնք ցանկանում են ավելին իմանալ իրենց երկրների մասին: Ե՛վ վրացական, և՛ հայկական սեղաններին միշտ թարմ և համեղ ուտեստների առատություն է, և ճաշկերույթն անընդհատ ուղեկցվում է կենացներով, սեղանակիցները կիսվում են հետաքրքիր պատմություններով։

Սակայն, երկու երկրներում էլ մի քանի ամիս ապրելուց հետո, ես նկատեցի մի քանի կարևոր տարբերություն և նրբերանգներ։

Վրաստան

Ինչպես արդեն գրել եմ, Վրաստանում գտնվելու ընթացքում ապրել եմ մայրաքաղաք Թբիլիսիում։ Ինձ հատկապես դուր է եկել Մարջանիշվիլիի հրապարակը։ Այս հրապարակում ինձ թվում էր, թե Միլանում եմ։ Հրապարակը հատկապես գեղեցիկ է մայրամուտին։ FORM ռուսաց լեզվի դպրոցում մեր դասերը տեղի էին ունենում Մարջանիշվիլիի հրապարակին կից շենքում, որով ես ամեն օր հիանում էի, ուստի Վրաստանում իմ կեցությունն ասոցացվում է այդ վայրի հետ։

Ես սիրահարվեցի նաև հին Թբիլիսիին՝ սալաքարերով պատված իր գեղեցիկ փողոցներով,  ինքնատիպ տներով և վրացական ազգային համեղ ուտեստներ առաջարկող ռեստորանների առատությամբ:

Ինչ վերաբերում է խոհանոցին, ես չգիտեմ, թե որտեղից սկսել: Մինչև այս երկիր գալս ես երբեք չէի փորձել վրացական խոհանոցի ուտեստ. իսկ երբ հայտնվեցի Թբիլիսիում, հայտնաբերեցի մի նոր, շատ համեղ խոհանոց։ Ես գործնականում սիրահարվեցի բոլոր ուտեստներին։ Ես անսահման հաճույքով կերել եմ խաչապուրի, խինկալի, խարչո ապուր և լոբիանի։ Ես կմեղանչեմ ճշմարտության դեմ, եթե ասեմ, որ չեմ փորձել Վրաստանի ամենահայտնի ալկոհոլային խմիչքը՝ չաչան։ Ի վերջո, ես ուսանող էի, և կիսամյակի ընթացքում ես և իմ կուրսընկերները ոչ միայն սովորում էինք, այլև…

Վրաստանում մարդիկ, ինչպես ասացի, շատ հյուրընկալ են, մեզ շատ լավ էին վերաբերվում։ Սակայն, ցավոք, չեմ կարող ասել, որ մտերիմ բարեկամական հարաբերություններ ունեի տեղացիների հետ։ Սա իմ մեղքն է, բայց պետք է ընդգծել, որ ես Վրաստան եմ եկել ռուսերենի իմացությունը բարելավելու նպատակով, ուստի դասերից դուրս հիմնականում ժամանակ եմ անցկացրել բրիտանացի ընկերներիս և ռուս տղաների հետ, որոնց հանդիպել եմ տարբեր միջոցառումների ժամանակ։ Օրինակ, Թբիլիսիում մտա ռուսալեզու ֆուտբոլային ակումբ և ընկերացա ոչ միայն ռուսաստանցի, այլև ուկրաինացի և բելառուս տղաների հետ։

Կարևոր է նշել, որ քաղաքական իրավիճակն այդ պահին շատ լարված էր։ Ընթերցողին հիշեցնեմ, որ ես Վրաստանում էի Ուկրաինա ռուսական ներխուժումից մի քանի ամիս անց և Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի շրջանում։ Ինչպես գիտեք, այդ պահին շատ ռուսներ (հատկապես երիտասարդներ) լքել էին Ռուսաստանը, ոմանք մեկնել էին Վրաստան, քանի որ նրանց համար առանց վիզայի պետություն էր: Դա մինչ օրս էլ այդպես է:

Ոչ բոլոր վրացիներն էին ուրախացել 15 տարի առաջ իրենց հողի վրա հարձակված երկրի բնակիչների այս հոսքից: Վրացիներն առաջին հերթին համերաշխություն հայտնեցին Ուկրաինային, և, որքան հիշում եմ, մթնոլորտում հակառուսական տրամադրություն էր։ Պատերին տեսանելի էին Ռուսաստանին վիրավորող գրություններ և գրաֆիտիներ: Եվ շատերը, հատկապես երիտասարդները, ցանկություն էին հայտնում անդամակցել Եվրամիությանը. ինձ թվում էր, որ նրանք իսկապես ցանկանում են, որ իրենց երկիրը ազատվի ռուսական ազդեցությունից։

Սակայն նույնը (մինչ օրս) չի կարելի ասել Վրաստանի կառավարության մասին։ Թեև ԵՄ դրոշները ծածանվում են կառավարական հաստատությունների առջև, դա բավարար չէ երկիրը ռուսական ազդեցությունից ազատելու համար: Ըստ Geostat-ի վիճակագրության՝ 2022 թվականին Վրաստանը ներմուծել է ավելի քան 800 միլիոն դոլարով ավելի ռուսական ապրանք, քան 2021 թվականին։ Ռուսաստանի հետ նման կապերի բովանդակությունը լարվածության և դժգոհության ևս մեկ աղբյուր է վրաց հասարակության մեջ։

Հայաստան

Չնայած որոշ ժամանակ կանգ եմ առել Հայաստանի մայրաքաղաք Երևանում, բայց ժամանակիս մեծ մասն անցկացրել եմ  Գյումրիում։ Որոշեցի բարելավել իմ փորձը Գյումրու «Դեպի Հայք» կազմակերպության հետ: Քանի որ, մեծանալով Անգլիայի ավաններից մեկում, սովոր չէի մեծ քաղաքների աղմուկին ու վազքին, ուզում էի բացահայտել Հայաստանը մայրաքաղաքից դուրս։ Ինչպես արդեն նշվեց, ես արդեն որոշ ժամանակ անցկացրել էի Հարավային Կովկասի երկրներից մեկի մայրաքաղաքում, այժմ ժամանակն էր զգալ կյանքը շրջաններում։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում, կունենամ ավելի իրական հայկական փորձ, և կարծում եմ, որ իրավացի էի:

Գյումրին ինձ վրա այնպիսի տպավորություն թողեց, որ ես հայտնվել եմ «իսկական Հայաստանում»։ Ի տարբերություն Թբիլիսիի, այստեղ ես անընդհատ շրջապատված եմ գյումրեցիներով ու նրանց մշակույթով։ Ավելին, այստեղ մարդիկ ապրում են ավելի հանգիստ, անշտապ տեմպով։ Ես հնարավորություն ունեմ վայելելու պարզ թվացող այնպիսի բաներ, ինչպիսիք են զրույցը տեղացիներից ինչ-որ մեկի հետ, հանգիստ զբոսանքը քաղաքում կամ քաղաքը շրջապատող լեռների գեղեցկությամբ զմայլվելը: Ինչպես Թբիլիսիում, ինձ հատկապես դուր է գալիս հին քաղաքը, որտեղ կարելի է զգալ նրա պատմությունը։ Գեղեցիկ սալահատակ փողոցներ կան, Գյումրիին բնորոշ սև տուֆից տներ և Սուրբ Նշանը՝ քաղաքի իմ սիրելի եկեղեցին։ Ես հաճախ եմ ժամանակ անցկացնում Գյումրիի այս հատվածում, քանի որ այստեղ, ի թիվս այլ բաների, գտնվում է «Դեպի Հայքի» գրասենյակը։ Վստահաբար կարող եմ ասել, որ երբ հեռանամ Գյումրիից, իմ հիշողությունը կապված կլինի այս գեղեցիկ պատմական տարածքի հետ։

Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է։ «ԴեպիՀայք»-ի կազմակերպիչները հաճախ կազմակերպում են միջոցառումներ, որոնք մեզ (կազմակերպության անդամներին) հնարավորություն են տալիս ավելի լավ ծանոթանալ քաղաքի մշակույթին։ Այցելել ենք Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, այն վայրը, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմը և վարպետության դաս ենք անցկացրել Հայաստանում խաչքար պատրաստող առաջին կին վարպետ Նարինե Փոլադյանի հետ։ Թբիլիսիում իմ փորձառության համեմատ, այստեղ ես, անշուշտ, ավելի շատ եմ զգում քաղաքի մշակույթը:

Ինչ վերաբերում է խոհանոցին, այնպես, ինչպես Վրաստանում, այստեղ ամեն ինչ թարմ է ու համեղ։ Քանի որ ես հայկական արմատներ ունեմ, մինչև Հայաստան գալը արդեն փորձել եմ հայկական ազգային ուտեստներ, ուստի չի կարելի ասել, որ բացահայտեցի հայկական խոհանոցը, բայց շնորհիվ այն բանի, որ հիմա ապրում եմ այստեղ, հնարավորություն ունեմ ավելի շատ հայկական ուտեստներ փորձել։ Ես սիրում եմ խորոված, գաթա և տոլմա, բայց, ցավոք, ես այնքան էլ չեմ սիրում պանրխաշը։ Չնայած Գյումրիում շատ լավ եմ սնվում,  անձամբ ես նախընտրում եմ վրացական խոհանոցը։

Չի կարելի հերքել, որ գյումրեցիներն օժտված են հատուկ հումորի զգացումով: Գյումրիում, ինչպես հասկացա, շատ կարևոր դեր է խաղում հեգնանքն ու սարկազմը։ Ես դեռ ընտելանում եմ նրանց հումորին, և, ճիշտն ասած, երբեմն ինձ համար դժվար է հասկանալ՝ մարդիկ կատակո՞ւմ են ինձ հետ, թե՞ լուրջ խոսում են ինչ-որ բանի մասին։

Պարզվեց, որ Գյումրիում հեշտ է մարդկանց հետ հանդիպումն ու շփումը։ Ոմանք, հատկապես տարեց մարդիկ, հասկանալով, որ ես տեղացի չեմ, պատահական խոսակցություն են սկսում ինձ հետ՝ պարզելու, թե որտեղից եմ և ինչ եմ անում այստեղ։ Ի տարբերություն Թբիլիսիի, վստահաբար կարող եմ ասել, որ այստեղ մտերիմ ընկերներ ձեռք բերեցի, ավելին, ընկերացա տեղի բնակիչների հետ։

Միաժամանակ ընդունում եմ, որ «Դեպի Հայք» կազմակերպությունն ավելի հեշտ է դարձնում շփումը տեղացիների հետ։ «Դեպի Հայք»-ի գլխավոր նպատակներից է ինտեգրումը հայ հասարակությանը, և կազմակերպությունն ինձ շատ է օգնում այս հարցում։ Այստեղ ինձ թվում է, որ ես քաղաքի սովորական քաղաքացի եմ. ապրում եմ տեղի ընտանիքում, աշխատում եմ հայկական հաստատություններում և փորձում եմ ընդունել տեղի ապրելակերպը։ Վրաստանում ես չէի կարող ինձ զբոսաշրջիկ չզգալ։

Ինչ վերաբերում է Գյումրիում տիրող քաղաքական մթնոլորտին, ինձ թվում է, որ Վրաստանի համեմատ այստեղ շատ ավելի հանգիստ է։ Իհարկե, դժվար է Գյումրիի կյանքը համեմատել այն խելահեղ ժամանակաշրջանի հետ, երբ ես Վրաստանում էի, բայց չէի ասի, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան: Պարզապես այս օրերին, ինձ թվում է, երկիրն ավելի զգուշավոր է Ռուսաստանի հետ իր կապերի հարցում։ Արցախի կորստի և ռուս խաղաղապահների ոչ բավարար աջակցության պատճառով այս պահին դա հասկանալի է։ Ինչպես Վրաստանի բնակչության մեծամասնությունը, այնպես էլ Հայաստանի կառավարությունը և շատ հայեր այժմ հայացքն ուղղել են դեպի Արևմուտք և Եվրոպական Միություն՝ համաշխարհային քաղաքականության վտանգավոր խաղում աջակցության համար: Հենց այս շաբաթ Գյումրիում նկատեցի ԵՄ դրոշը պատկերող գովազդային վահանակներ։ Դրա վրա պատկերված աստղերից մեկը ներկված է հայկական դրոշի գույներով։

 

Քրիստոֆեր Քրոուսըն

Նորություններ