Այս պահին չկա այն համաճարակային իրավիճակը, որպեսզի հարկ լինի դիմելու ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Անահիտ Ավանեսյան | Region

Այս պահին չկա այն համաճարակային իրավիճակը, որպեսզի հարկ լինի դիմելու ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Անահիտ Ավանեսյան

Դեկտեմբեր 11,2025 15:18

«Ունենք սուր-շնչառական վարակների ակտիվացում թե´ ամբուլատոր օղակում դիմելիության, և թե´ հիվանդանոցային: Իհարկե, իրավիճակը մեր հսկողության տակ է և մենք ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում թե´ դուրս գրված, թե´ նոր դեպքերի մասով»,-անդրադառնալով առկա համաճարակային իրավիճակին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը պարզաբանեց, որ այս պահին աշխատում են դպրոցներում հեռավար ուսուցման մեխանիզմը գործարկելու վրա, այն դասարաններում, որտեղ բացակայությունների թիվը գերազանցում է 20 տոկոսը: Նշեց նաև, որ այս պահին չկա այն համաճարակային իրավիճակը, որպեսզի հարկ լինի դիմելու ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը.

«Վիրուսային հիվանդությունները սեզոնային տրամաբանությամբ սկսում են ակտիվանալ նոյեմբերից մինչև հունվարի վերջ: Այս տարի շատ փոքր շեղում ունենք, փոքր ավելացում անցած տարվա սեզոնային գրիպի ցուցանիշներից»:

Եվս մեկ անգամ տիկին Ավանեսյանը առանձնացրեց նաև այս իրավիճակում պատվաստումների կարևորությունը.

«Շրջանառվող շտամը՝ H3N2-ը սպեցիֆիկ ատիպիկ է: Ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, առաջացնում է կայուն ջերմություն մանավանդ մինչև 18 տարեկանների մոտ: Եթե չունեք ախտանշաններ, մանավանդ ռիսկային խմբերին ևս մեկ անգամ խնդրում ենք, անպայման պատվաստվեք: Մեր ցուցանիշները ցույց են տալիս, որ պատվաստված անձինք կամ չեն վարակվում, կամ վարակվելու դեպքում շատ թեթև են տանում ախտանշանները: Հիվանդությունը շատ ավելի ծանր են տանում երեխաները, խրոնիկ հիվանդություն ունեցողները, ինչպես նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները»:

Հարց հնչեց նաև Գյումրիում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագի, և այն հանգամանքի մասին, որ պատարագից մեկ օր առաջ եկեղեցու դռները փակվել են, իսկ ԱԱԾ աշխատակիցները իրենց հերթին արգելել են քաղաքացիների մուտքը եկեղեցի, ըստ էության պատարագը ծառայեցնելով քաղաքական վերնախավին.

«Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, պատարագը մատուցվում է, և ուղղված է Աստծուն ու Հիսուս Քրիստոսին, այն չի կարող այլ ենթատեքստ ունենալ: Հնարավոր է, որ երկրի վերնախավի ներկայությունը եկեղեցում ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ մինչ այդ այցելությունները»:

Նախարարը պարզաբանումներ ներկայացրեց նաև Առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման, և դրանում ավելացված դրույթների մասին.

«Սկսած 2027 թվականից, ամեն տարի Ազգային ժողովին ներկայացվելու են առողջության համընդհանուր ապահովագրության նախորդ տարվա արդյունքային ցուցանիշները, նաև ներկայացվելու է առաջարկ հաջորդ տարվա սակագնի, այսինքն դրույքաչափի վերաբերյալ: Սուբսիդավորման հատվածները որոշվելու են ամեն տարվա բյուջեով, որովհետև սա էլ դառնալու է բյուջետային ցիկլի մաս: Այս պահին չեմ կարող ասել, կփոխվեն արդյոք սուբսիդավորման չափերը, և այն խմբերը, ում տրամադրվելու է սուբսիդավորումը: Դա քննարկվելու է 2027 թվականի բյուջեում»:

2026 թվականից Առողջության համապարփակ ապահովագրության ցուցակներում ներառվելու են նաև անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, ապահովագրավճար վճարող կհանդիսանան նաև այն օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր աշխատելու են Հայաստանում.

«Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար հաշվարկման մեխանիզմը մի փոքր այլ է լինելու, նույնական, ինչ որ դրոշմանիշների պարագայում: Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ապրում են Հայաստանում, և աշխատում են Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց մոտ, ևս պետք է վճարեն, քանի որ հնարավոր է նրանք ևս մեր երկրում օգտվեն առողջապահական ծառայություններից»,-պարզաբանեց Անահիտ Ավանեսյանը:

Հարցին` ի՞նչ փուլում է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանների ներկայացրած դիմումը` համապատասխան բուժհաստատությունում բուժօգնության ստանալու վերաբերյալ, ու ինչո՞վ է պայմանավորված այն, որ մինչև հիմա նա չի ստանում այդ օգնությունը, առողջապահության նախարարը պատասխանեց.  «Նման դիմում Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից ստացել ենք այսօր, այն միանշանակ կդիտարկենք, ու ընթացք կտանք օրենքով սահմանված  ընթացակարգերով»:

Իսկ թե ինչո՞ւ ներկայացված նախորդ դիմումը ընթացք չի ստացել, ասաց.  «Նախորդ անգամ մենք չենք ստացել դիմում, որն ըստ համապատասխան ընթացակարգերի ենթադրել է այն պահանջը, որը հչեցվում է այժմ:  Դիմումներ են եղել պատշաճ բուժօգնություն կազմակերպելուն վերաբերող, որը առանց այդ դիմումների էլ կազմակերպվում էր: Այժմ չեմ բացառում նրանց նախընտրած բժշկական հաստատությունում բուժօգնություն ստանալը»:

 Նիկոլ Մարգարյան

Նորություններ