«Յուրաքանչյուր հայտնաբերված մարմին Բաքուն հայտարարում է «Խոջալուի զոհ», թեև անհրաժեշտ է անցկացնել ԴՆԹ-փորձաքննություն, պարզել զոհվածի ինքնությունը»․ Մելիքյան | Region

«Յուրաքանչյուր հայտնաբերված մարմին Բաքուն հայտարարում է «Խոջալուի զոհ», թեև անհրաժեշտ է անցկացնել ԴՆԹ-փորձաքննություն, պարզել զոհվածի ինքնությունը»․ Մելիքյան

Դեկտեմբեր 10,2025 15:15

ԼՂ հակամարտության հետևանքով անհետ կորած մոտ 1300 հայերի ճակատագիրը անհայտ է մնում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը սահմանափակում է որոնողական աշխատանքներ և հետաքննություն իրականացնելու հնարավորությունները՝ հատկապես 2023 թվականից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում։

«Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, իսկ յուրաքանչյուր հայտնաբերված մարմին Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են «Խոջալուի զոհ», թեև անհրաժեշտ է անցկացնել ԴՆԹ-փորձաքննություն և պարզել զոհվածի ինքնությունը»,-ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները, նույնիսկ ադրբեջանական կողմում մարդու գտնվելու կամ գերեվարման վերաբերյալ վկայությունների առկայության դեպքում, հերքում են, որ մարդիկ իրենց մոտ են․«Նույն խնդիրն է առաջանում, երբ դիմում ենք ՄԱԿ-ի աշխատանքային խմբին, մենք նրանց տասնյակ անձանց տվյալներ ենք փոխանցել, իսկ Բաքվից ստացված պատասխանում ասվում է, որ «տվյալներ չունեն և ասելու բան չկա»։ Սակայն պետք է հիշել, որ երբ մարդը գերի է ընկնում, պատասխանատվությունը կրում է պետությունը և պետությունը չի կարող հղում անել գերի վերցրած զինվորականից տվյալների բացակայության վրա և ձևացնել, թե կապ չունի»։

Նա նշեց, որ շատ կարևոր է միջազգային կազմակերպությունների միջնորդական դերը, անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը, չսպասել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, քանի որ յուրաքանչյուր օր աշխատում է մեր դեմ, կորում են ապացույցներն և մեր հայրենակիցների ճակատագիրը պարզելու հնարավորությունները։

 

Նորություններ