Կամավորները «Դեպի Հայք»-ից. ինչպես են նրանք օգնում Գյումրիին, Գյումրին՝ նրանց
Եգորը, Կատրինան, Վահեն․ նրանք տարբեր երկրներից են։ Մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունից, մյուսը՝ ԱՄՆ-ից, երրորդը՝ Ֆրանսիայից։ Այս հոդվածում ես կպատմեմ, թե ինչպես են նրանք հայտնվել Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ինչն է նրանց միավորում և ինչով են զբաղվում Գյումրիում:
Երեքն էլ հայկական արմատներ ունեն՝ առնվազն 25%-ով, երեքն էլ Գյումրիի «Դեպի Հայք» կազմակերպության կամավորներ են: Սա մի կազմակերպություն է, որը հնարավորություն է ընձեռում հայկական արմատներ ունեցող երիտասարդներին ամբողջ աշխարհից կամավորության փորձառություն ստանալ Հայաստանում։
Իմ նախորդ հոդվածներում ես պատմել եմ «Դեպի Հայք»-ում իմ փորձառության մասին։
Դժվարանում եմ հավատալ, որ գրեթե երկու ամիս է, ինչ ապրում եմ Գյումրիում։ Այս ընթացքում ես ընկերացա մի քանի այլ կամավորների հետ: Գյումրու «Դեպի Հայք»-ի կազմակերպիչներն ու խմբի կամավորները կարծես մի երջանիկ և ընկերական ընտանիք են։
Լեզվի մեր դասընթացների և կազմակերպիչների կազմակերպած միջոցառումների շնորհիվ մենք միասին շատ ժամանակ ենք անցկացնում, և բնականաբար, այդ միջավայրը նպաստում է ամուր բարեկամական հարաբերությունների ստեղծմանը։ Խմբի բոլոր անդամները շատ տարբեր են տարիքով, մտածելակերպով, բնավորությամբ, սոցիալական շերտերով եւ մենք բոլորս աշխարհի տարբեր անկյուններից ենք։
Այս հոդվածում ուզում եմ ընթերցողներին պատմել երեք կամավորների ու նրանց՝ Գյումրիում կյանքի մասին։
Եգոր Աֆոնին
Եգորը Սանկտ Պետերբուրգից. նա աշխատում է որպես թարգմանիչ, ձայնային դերասան, տեսախմբագիր, երբեմն անգլերեն է դասավանդում: Նրա ոչ անունը, ոչ էլ ազգանունը հայկական չեն, քանի որ, ինչպես ես, Եգորն էլ ընդամենը մեկ քառորդով է հայ։ Ինձ թվում է, որ նրա հայ նախնիների պատմությունը հետաքրքիր կլինի ընթերցողին, ուստի համառոտ կշարադրեմ այն։
Էգորի ընտանիքի պատմությունը
Եգորի նախապապը ծնվել է Արցախում, բոլշևիկյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Ռուսաստան։ Ընկերոջս պատմելով՝ իր նախապապը մոլի և բարեպաշտ կոմունիստ է եղել։ Նա շատ լուրջ էր վերաբերվում սոցիալիստական հասարակությունների միաձուլմանը, որտեղ գերակշռում էր Խորհրդային միության նոր մշակույթը և ռուսերեն լեզուն։ Նա չէր հետևում իր ժողովրդի ավանդույթներին և տանը հայերեն չէր խոսում։ Հետևաբար, նույնիսկ նրա որդին՝ Եգորի պապը, գիտեր այս լեզվով ընդամենը մի քանի բառ։ Արդյունքում Եգորի ծնվելուց դեեռ երկու սերունդ առաջ նրա ընտանիքի գրեթե բոլոր մշակութային կապերը խզվեցին Հայաստանի։ Ահա թե ինչու հայկական մշակույթը մեծ դեր չուներ ընկերոջս կյանքում, և նա գրեթե մասնակից չի եղել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի կյանքին։
Քանի որ Եգորն արդեն 31 տարեկան է, սա վերջին տարին է, որ նա կարող է մասնակցել «Դեպի Հայք» ծրագրին։ Նա որոշեց, որ ժամանակն է օգտվել իր վերջին հնարավորությունից և գնալ իր նախնիների երկիր՝ ավելին իմանալու այդ մասին։
Կամավորական գործունեությունը Գյումրիում
Ի՞նչ է նա այստեղ անում։ Մեր բազմակողմանի Եգորը մեծահասակներին և դեռահասներին անգլերեն է դասավանդում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝ GTC-ում, թիվ 41 դպրոցի աշակերտներին՝«Հայկական Կարիտաս» (Armenian Caritas) ծրագրի շրջանակներում: Եգորն ասում է, որ ուրախ է նման հնարավորության համար, երբ կարող է օգտակար գիտելիքներ փոխանցել տեղի երիտասարդներին և նպաստել Հայաստանի զարգացմանն ու նրա ինտեգրմանը համաշխարհային հանրությանը։
Եգորը հումորի լավ զգացում ունի․պատմությունը, թե ինչպես նա հայտնվեց Գյումրիում, բավականին հետաքրքիր է, իմ կարծիքով՝ անգամ զվարճալի։ Մինչ «Դեպի Հայք»-ին անդամակցելը, մենք որոշակի ընտրության փուլ ենք անցնում. հարցազրույցի ընթացքում մենք խոսում ենք այն մասին, թե որ տարածքում կցանկանայինք կամավոր աշխատել, որն է մեր ճամփորդության հիմնական նպատակը և որտեղից կցանկանայինք սկսել մեր գործունեությունը` Երևանում, Գյումրիում, թե Վանաձորում:
Եգորն ասել է, որ լինելով Սանկտ Պետերբուրգից՝ սովոր չէ շոգին, նախընտրում է ավելի զով կլիմա։ Դրա համար նրան առաջարկել են պրակտիկա անցնել Գյումրիում, որտեղ միջին ջերմաստիճանը շատ ավելի ցածր է, քան, ասենք մայրաքաղաք Երևանում։ Եգորը համաձայնեց ու հայտնվեց Հայաստանի մշակութային մայրաքաղաքում։
Իմ տպավորություններն ու Եգորի կերպարը
Երկու ամիս է՝ Եգորը Գյումրիում է։ Նա կարծում է, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Երիտասարդն ասում է, որ Երևանում ուղղակի «հալվում» արևի տակ։ Նա սիրահարվել է Գյումրիին, կարծում է, որ այս քաղաքն իսկը իր համար է:
Նրան, ինչպես ինձ, դուր է գալիս քաղաքի հանգիստ մթնոլորտը, կյանքի դանդաղ ռիթմը։ Նա տպավորված է տեղացիների բարյացակամությամբ ու ընկերասիրությամբ, և բոլորովին չի ամաչում նրանց հետ խոսելուց։
Եգորն ասում է, որ ինքը բավականին զուսպ մարդ է, իմ դիտարկումներով՝ բավականին շփվող է։ Նա բաց տղա է, կարողանում է հանգիստ շփվել տարբեր խավի ու տարբեր երկրների մարդկանց հետ, նույիսկ հաջողացնում է ծիծաղեցնել նրանց։ Եգորը, անկասկած, մեր խմբի ամենավառ կերպարներից մեկն է։ Նրա ներկայությամբ բոլորը ժպտում են։ Իմ կարծիքով՝ նա խորը ու տեղեկացված մարդ է, գիտելիքներ ունի տարբեր ոլորտներից, և միշտ կարող է հետաքրքիր թեմայի շուրջ զրույց սկսել։
Շատերն ասում են, որ մեր բնավորությունները նման են։ Գուցե դա է պատճառը, որ մենք շատ արագ ընկերացանք, իսկ հիմա, ինչպես ասում են, անբաժան ենք։ Ես իսկապես ցավում եմ, շատ եմ ափսոսում, որ մեզ համար դժվար կլինի նորից հանդիպել, երբ նա վերադառնա Ռուսաստան, իսկ ես՝ Մեծ Բրիտանիա։
Շնորհակալություն, Եգոր, մեր ընկերության համար:
Կատրինա Պոպովյան
Ծանոթացեք Կատրինա Պոպովյանի հետ. Ինչպես ԱՄՆ-ում ծնված ու մեծացած շատ հայեր, այնպես էլ մեր Կատրինան հայտնի Լոս Անջելես քաղաքից է։ Նա ոչ միայն գեղեցիկ է, այլև խելացի՝ այս տարվա հունիսին Կատրինան ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից։
Կատրինայի ընտանիքի պատմությունը
Կատրինայի ծնողները Թեհրանում ծնված իրանահայեր են։ Նրա հոր ընտանիքը Իրանից տեղափոխվել է Իսլամական հեղափոխության ժամանակ՝ սկզբում Եվրոպա, ապա՝ ԱՄՆ։ Նրա մոր ընտանիքը նույն հեղափոխությունից մեկ կամ երկու տարի անց տեղափոխվել է Քուվեյթ: Կատրինան պատմում է, որ մայրը 19 տարեկանում եկել էր Հայաստան՝ բժշկական համլասարանում սովորելու։ Ուսման տարիներին Հայաստանում աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել (1988 թվականին), և նա նախատեսածից երկար է մնացել, որպեսզի օգնի տուժած մարդկանց։ Ապա նրա մայրը ուսումը շարունակելու համար մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել ընդմիշտ։
Կատրինայի ծնողները, հատկապես մայրը, կապը Հայաստանի հետ պահպանում են, ուստի, ինչպես Կատրինան է ասում, հայկական ավանդույթներն ու մշակույթը մեծ դեր ունեն նրանց ընտանիքում։ Օրինակ՝ տանը ընտանիքը խոսում է հայերեն, նշում է Սուրբ Ծնունդը, երբ նա փոքր էր, շաբաթ օրերին հայկական դպրոց էր գնում։
Կատրինան ասում է՝ Լոս Անջելեսի այն տարածքում, որտեղ նա ապրում էր, հայերը միայն իր հարազատներն էին կամ ընտանիքի ընկերները, այդ պատճառով անդունդ կար տանը իր հայկական կյանքի և հասարակությունում իր ամերիկյան կյանքի միջև: Նրա ծագումը նրան ինչ-որ վերացական հասկացություն էր թվում, և նա չէր կարող չզգալ իր «հայկականությունն» ապացուցելու մշտական կարիքը։ Եւ որպեսզի վերջապես պատասխանի իրեն հուզող հարցին, թե ինչ է նշանակում լինել իսկական հայ և վերականգնել կապն իր արմատների հետ, որոշել է գնալ Հայաստան ու միանալ «ԴեպիՀայք» կազմակերպությանը։
Կամավորական փորձառությունը Գյումրիում
Ինչպե՞ս հայտնվեց մեր Կատրինան Գյումրիում. մինչ Հայաստան գալը նա կարծում էր, որ կարող է բարելավել իր փորձը միայն Երևանի «Դեպի Հայք» կազմակերպությունում։ Բայց այս տարվա հունիսի վերջին ընտանիքի հետ Հայաստան կատարած այցի ժամանակ «Դեպի Հայք»-ի տնօրեն Սևան Կաբակյանի հետ զրույցից հետո նա որոշել է իր կամավորությունը Հայաստանում սկսել Գյումրիից։ Նա, ինչպես ես, սկզբում միայն մեկ ամիս էր ուզում մնալ Գյումրիում, բայց, ինչպես ես, արագ սիրահարվեց այս գունեղ քաղաքին և «Դեպի Հայք»-ի թիմին և որոշեց մնալ այստեղ։
Որտեղ է աշխատում Կատրինան: Ինչպես մեր կամավորներից շատերը, նա ունի 2 գործնական աշխատանք: Կատրինան առաջին հերթին աշխատում է Herbs & Honey Cafe-ում։ Այնտեղ նա օգնում է սեփականատիրոջը շատ հետաքրքիր բիզնես ծրագիր կազմել։ Սեփականատերն ուզում է Աշոցքում շուկա հիմնել, որպեսզի ստեղծի անմիջապես ֆերմայից՝ սեղան մատակարարման շղթան։ Այս շուկան նրա սրճարանին պետք է մատակարարի օրգանական գյուղմթերք՝ պանիր, կարագ, հաց եւ այլն։ Շուկան նաև հնարավորություն կտա տեղի բնակիչներին վաճառել իրենց բերքն ու բարիքը։ Ավելին, նա նախատեսում է այդ ապրանքները գնել շուկայականից բարձր գներով՝ տարածաշրջանում եկամուտների աճը խթանելու համար։ Սեփականատերը խոստովանում է՝ Հայաստանի գյուղական բնակավայրերից աշխատուժի արտահոսք է նկատվում, և նա որոշել է կյանքի կոչել իր բիզնես ծրագիրը՝ այս բացասական երևույթը դանդաղեցնելու համար։
Կատրինան շաբաթական մի քանի ժամ աշխատում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար ստեղծված «Էմիլի Արեգակ» կենտրոնում։ Այնտեղ, անհրաժեշտության դեպքում, օգնում է երեխաներին խնամել, խաղում է նրանց հետ։ Նրա կարծիքով՝ «Էմիլի Արեգակ» կենտրոնում իր կամավորությունը ուժի, էներգիայի և ջերմության լիակատար նվիրում պահանջող աշխատանք է, և նա ուրախ է, որ իր պրակտիկան անցնում է նման բազմազան ոլորտներում։
Իմ տպավորություններն ու Կատրինի կերպարը
Մինչև Շիրակի մարզի գլխավոր քաղաք ժամանելը Կատրինային ինչ-որ չափով անհանգստացնում էր Լոս Անջելեսի և Գյումրիի մշակույթի հսկայական տարբերությունը։ Նա լսել էր, որ Գյումրին բավականին պահպանողական քաղաք է, և վստահ չէր՝ կկարողանա՞ հարմարվել այս քաղաքի կյանքին։ Մեկ ամսից քիչ ավել այստեղ ապրելուց հետո նա նկատեց, որ թեև Գյումրին ավանդույթներով ապրող քաղաք է, բայց դա չի նշանակում, որ բոլոր բնակիչները պահպանողական հայացքներ ունեն, որ բոլոր գյումրեցիները միանման են մտածում։ Նրան տպավորել է Գյումրիում տիրող կարծիքների բազմազանությունը, ինչպես նաև այն, թե ինչպես են գյումրեցիները նրբանկատորեն և հիմնավոր կերպով փաստարկում իրենց տեսակետները տարբեր խնդիրների վերաբերյալ։
Նա բացահայտեց տեղի բնակիչների աշխատասեր և տաղանդավոր էությունը, նա հիացած է տեղական որոշ արժեքներով: Նրան դուր է գալիս քաղաքի բնակիչների միասնությունը, ինչպես են հպարտանում իրենց քաղաքով, ընտանեկան արժեքները, որոնք գերակշռում են այստեղ: Կատրինան ինձ խոստովանեց, որ առանձնահատուկ, վստահելի հարաբերություններ ունի իր հյուրընկալ ընտանիքի դստեր հետ: Նա կարծում է, որ եթե մնար Երեւանում, ապա հյուրընկալ ընտանիքի հետ ապրելու նման փորձ չէր ունենա։
Նախ պետք է նշել, որ Կատրինան շատ համեստ աղջիկ է։ Նա տաղանդավոր, խորը և եզակի անձնավորություն է, բայց չնայած իր բազմաթիվ դրական հատկանիշներին, նրա մտքով անգամ չի անցնում պարծենալ դրանցով։ Երբ Կատրինային ասացի, որ պատրաստվում եմ գրել իր մասին իմ հոդվածում, ասաց, որ իր պատմությունն ու տպավորությունները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Բայց ես համաձայն չեմ նրա հետ և վստահ եմ, որ ընթերցողը կիսում է իմ տեսակետը։
Կատրինան շատ արագ ինտեգրվեց «Դեպի Հայք» խմբին, նրա հետ բոլորը գերազանց հարաբերություններ ունեն։ Նա միշտ հոգ է տանում, որ ոչ ոք անտեսված չլինի, մյուսների շահերն ու կարիքները իր շահերից վեր է դասում: Այս տաղանդավոր ու անձնուրաց աղջիկը դարձավ Գյումրու «Դեպի Հայք» թիմի ամենակարեւոր անդամը։ Երբ նա հեռանա, քաղաքը կկարոտի նրան:
Վահե Թիլդյան
Ծանոթացնեմ ձեզ Վահե Թիլդյանի հետ։ Նա ծնվել է ԱՄՆ-ում, բայց մեծացել է Ֆրանսիայում, ֆրանսերենը նրա մայրենի լեզուն է։ Նա մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բակալավրիատի վերջին կուրսի ուսանող է:
Հայաստանի հետ հարաբերությունները
Վահեն ինձ ափսոսանքով ասաց, որ Ֆրանսիայում Հայաստանի հետ կապերն իր կյանքում այնքան կարևոր տեղ չեն զբաղեցնում, որքան ինքը կցանկանար։ Թեև նրա ծնողները գիտեն հայերեն (արևմտահայերեն), բայց նրան չեն սովորեցրել, ուստի նա գիտի միայն մի քանի բառ և արտահայտություն։ Ավելին, թեև Ֆրանսիայում բավականին մեծ հայկական սփյուռք կա, Վահեն ասում է, որ ինքը հազվադեպ է լինում հայրենակիցների շրջապատում, միայն վերջերս է սկսել շփվել նրանց հետ։
Այդուհանդերձ, չի կարելի ասել, որ նա ընդհանրապես հարաբերություններ չունի Հայաստանի հետ։ Ֆրանսիայում նա մի քանի անգամ ներկա է եղել հայկական մշակութային միջոցառումներին, մայրը հայկական ուտեստներ է պատրաստում, նույնիսկ Վահեին է սովորեցրել։ Մինչ «Դեպի Հայք»-ով Հայաստան գալը, նա երեք անգամ այցելել է Հայաստան։
Ի՞նչ նպատակով է նա եկել
Մեր Վահեն որոշեց դառնալ «Դեպի Հայք» կազմակերպության անդամ, որպեսզի մոտենա իր հայկական արմատներին։ Նա գիտակցում է, թե որքան կարևոր է լեզուն սովորել՝ մշակույթին ավելի մոտ զգալու համար, ուստի հայերենի իմացության լավ մակարդակի հասնելը իր նախնիների երկիր գալու գլխավոր նպատակներից է։
Նա ուզում է խորությամբ հասկանալ Հայաստանում բնակվող հայերին, ծանոթանակ տեղացիների հետ, ընկերանալ նրանց հետ, խորամուխ լինել նրանց կյանքի ու ավանդույթների մեջ, հնարավորինս շատ բան իմանալ հայերի մասին։
Վահեն Հայաստան է եկել նաեւ որպեսզի իր ոլորտում մասնագիտական փորձ ձեռք բերի, իր մասնագիտական կարողություններն էլ կիրառի նախնիների երկրում։ Նա ուրախ է, որ Հայաստանում հիանալի հնարավորություն կունենա կատարելագործելու իր հմտություններն ու միաժամանակ կնպաստի երկրի զարգացմանը։
Կամավորական փորձառությունը Գյումրիում
Վահեն հիմա Գյումրիում աշխատում է Annaniks-ում և Aybben-ում։ Առաջինում նա ուսանողներին սովորեցնում է տրամաբանական սխեմաների հիմունքները և Python բարձր մակարդակի ծրագրավորման լեզուն, իսկ երկրորդում՝ սովորեցնում է կոդավորել հավելվածները Flutter ծրագրավորման մեջ։ Նրա տեսանկյունից, նրա պրակտիկաները ոչ միայն լավ են ազդում նրա հմտությունների զարգացման վրա, այլև ազդում են Հայաստանում տեղեկատվական ոլորտի զարգացման վրա։
Իմ տպավորություններն ու Վահեի կերպարը
Վահեն որոշել է գալ Գյումրի, քանի որ ցանկանում էր կյանքի նոր փորձառություններ ձեռք բերել։ Ինչպես արդեն նշել եմ, Վահեն մի քանի անգամ այցելել է Հայաստան, բայց երբեք չի եղել երկրի երկրորդ քաղաքում։ Նա կարծում էր, որ միայն Երևանում ժամանակ անցկացնելով՝ կսահմանափակի իր փորձը Հայաստանում և չի կարողանա զգալ երկրի մյուս մարզերը։
Նրան սկզբում թվացել է, թե Գյումրին սակավամարդ քաղաք է, առանց դինամիկ բնավորության։ Սակայն այժմ նա կարծում է, որ Գյումրին շատ գեղեցիկ քաղաք է, որտեղ կարելի է ապրել։ Ինչպես բոլոր կամավորները, Վահեն էլ այստեղ վայելում է ժամանակը, հատկապես հաճույքով շփվում է ոչ միայն գյումրեցիների, այլև այլ կամավորների ու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։
Ժամանելուն պես Վահեն անմիջապես դարձավ Գյումրիի «Դեպի Հայք» թիմի ակտիվ անդամ՝ ներգրավված բոլոր նածաձեռնարում: Նրան կարելի է տեսնել մեր ցանկացած միջոցառման ժամանակ, նա երբեք բաց չի թողնում մեր ամենշաբաթյա ֆուտբոլային հանդիպումները, նույնիսկ եթե նա հեռու է լավագույն ֆուտբոլիստը լինելուց։ Կներես, Վահե ջան։
Նրա դեմքին միշտ վարակիչ ժպիտ է, և բոլորի տրամադրությունը բարձրանում է նրան տեսնելով: Վահեն ուղղակի ցանկանում է խորացնել Հայաստանի մասին իր գիտելիքները, զարմանալի մղում ունի հատկապես լեզուն սովորելու։ Հասուն երիտասարդ է, անկաշկանդ հարցեր է տալիս, որպեսզի ավելի լավ հասկանա այն երկիրը, որտեղ գտնվում է։ Հայաստանի մասին ավելին սովորելու և իմանալու նրա մոտիվացիան ոգեշնչում է ոչ միայն ինձ, այլ նաև խմբի մյուս անդամներին։
Կամավորությունը կարող է փոխել կյանքը
«Դեպի Հայք»-ի հետ կամավորությունը յուրահատուկ փորձ է, որը կարող է ընդմիշտ փոխել մասնակիցների կյանքը: Այն օգնում է նրանց կատարելագործել հմտությունները, վերականգնել կապը նախնիների երկրի հետ և ընկերանալ աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի հետ, նաև՝ աշխատել հօգուտ Հայաստանի։
Ափսոսում եմ, որ կամավորների մեծ մասը մնում է Երևանում՝ զրկվելով Գյումրի կոչվող հրաշքի հետ շփվելու հաճույքից։ Խորհուրդ եմ տալիս, որ «Դեպի Հայք»-ի ապագա բոլոր կամավորներին գալ Հայաստանի մշակութային մայրաքաղաք, որտեղ կարող եք առնչվել մեր պապերի երկրի իրական կողմի հետ։
Քրիստոֆեր Քրոուսըն